– Իսկապես պետք է չլիներ նույնիսկ մեկ մանկավարժ, որը կողմնակից կլիներ վեհարանի դեմ արշավին, կողմնակից կլիներ սրբությունները պղծելուն: Նրանք ուղղակի մանկավարժ կոչվելու իրավունք չունեն, նրանք պարզապես պատեհապաշտ մարդիկ են, նրանք նյութին, իշխանությանը, փառքին, փողին գերի մարդիկ են, ում վիճակվել է ինչ-որ պաշտոն, դիրք, իշխանություն ու որ յուրաքանչյուր դիրքի կոչված են բարի գործեր անելու համար, չարին են ծառայում,- այսօր լրագրողներին ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով մանկավարժ Ռուզաննա Երեմյանի պատրաստակամությանը՝ վեհարանը վեհափառից «ազատելու»:
Մենուա Սողոմոնյանի համոզմամբ, այնուամենայնիվ, մեր մանկավարժների մեծամասնությունը չի կիսում վեհարանի դեմ արշավի գաղափարը. «Մեծագույն մասը ցավ ի սրտին են նայում այս ամենին ու չեն կարողանում ոտքի կանգնել, խոսք ասել, որովհետեւ կազմակերպվածության անհրաժեշտ ձեւերն ու ձեւաչափերը մինչ այս պահը չեն գտել ու առաջնորդության հարցն էլ մինչ այս պահը դեռ չի լուծվել»:
Վեհարանն ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի ամենօրյա գրառումների ֆոնին Սուրբ Էջմիածինը «Հայաքվեի» կողմից վերահսկողության տակ պահելը պարոն Սողոմոնյանը համարում է պասիվ, բայց դիմադրության ձեւ. «Սա դիմադրության մի ձեւ է, երբ որ գործող իշխանությունների հարձակումներին ի պատասխան՝ մարդիկ գալիս են դեպի Աստված, մարդիկ գալիս են դեպի հոգեւոր արժեքներ ու սրբություններ»:
Կարդացեք նաև
Որպես պատմաբան՝ Սողոմոնյանը նաեւ հիշեց 1926 թվականին եկեղեցու դեմ բոլշեւիկների արշավը, երբ որոշեցին ստեղծել նոր եկեղեցի. «Բոլշեւիկների սկսած աստվածամերժության այս արշավը խորհրդային ավելի ուշ շրջանում դիմադրության հանդիպեց, իսկ այն ժամանակներից, երբ գլոբալիզացիոն գործընթացները սկսեցին ծավալվել ամբողջ աշխարհում, որոնց բովանդակությունը նյութականացումն ու անհատապաշտությունն է, սկսեց ավելի ծավալվել ու հեռանալ հոգեւոր արժեքներից: Բայց ֆիզիկայի երրորդ օրենքը՝ ազդումը հավասար է հակազդման գործում է: Ինչքան այդպիսի գործընթացներ են տեղի ունենում, ազդում են, այնքան հակազդեցության օջախներ էլ են ձեւավորվում: 2018-ից սկսած, երբ այս խմբակը գրավեց Հայաստանում իշխանությունը ու սկսեցին բացահայտ ոտնահարել բարեպաշտ քրիստոնյաների հոգեւոր զգացմունքները, այդ ժամանակներից սկսել է ավելի լկտիանալ տարբեր մարդկանց խոսույթը մեր սրբությունների հանդեպ, նրանց չարախոսությունը Վեհափառ Հայրապետի հանդեպ: Բայց չարը վերջ է ունենում, նույնիսկ հեքիաթներում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ