Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ ո՞ր առաջարկի մասին է խոսքը, այս պայմանավորվածություններից առաջ Փաշինյանի հանդիպումները եղել են Էրդողանի եւ Ալիեւի հետ»․ Քրիստինե Վարդանյան

Հուլիս 22,2025 17:02

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

-Տիկին Վարդանյան, օկուպացված Արցախում անցկացված մեդիա ֆորումի ժամանակ Ալիեւը Սյունիքի ճանապարհը դարձյալ անվանեց «Զանգեզուրի միջանցք» եւ անդրադարձավ այդ ճանապարհի արտապատվիրակման հարցին՝  նշելով, որ փոխադարձության սկզբունքը չի գործելուիրենց տարածքում ոչ արտաքին օպերատոր է լինելու, ոչ էլ վարձակալություն։ Նաեւ ասաց, որ ադրբեջանական բեռները եւ Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների երեսը տեսնեն, ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված անվտանգության միջոցներ, որպեսզի ադրբեջանցիներն անարգել անցնեն այդ ճանապարհով։ Այնինչ, հայկական կողմը խոսում է ինքնիշխանության սկզբունքների պահպանման մասին։ Ի՞նչ սպասել այս գործընթացից, հնարավո՞ր է նման պայմաններում հայանպաստ լուծումներ լինեն։

-Նախ արձանագրենք, որ արդեն հինգերորդ տարին է՝ մենք բանակցային բոլոր մանրամասների մասին առաջինը տեղեկանում ենք Ադրբեջանից։ Եվ այստեղ է, որ էլի Ալիեւի հայտարարություններից հասկանում ենք, որ որեւէ փոխադարձության սկզբունք ամրագրված չէ ձեռք բերված պայմանավորվածության մեջ եւ չի քննարկվում։

Ի տարբերություն Փաշինյանի, ով ընդհանրապես չի խոսում Հայաստանի կարմիր գծերի մասին, չի խոսում զիջումների սահմանի մասին, Ադրբեջանն ամեն անգամ պայմանավորվածություններից առաջ, պայմանավորվածությունների ընթացքում ու դրանից հետո ամրագրում է իր կարմիր գծերը եւ պահանջները։ Հենց այս հայտարարությունների համադրումով հասկանում ենք, որ իրականության մեջ Փաշինյանը համաձայնել է տրամադրել միջանցք, որտեղ սահմանափակված է լինելու Հայաստանի ինքնիշխանությունը եւ իրավազորությունը։

Պարզ չէ՝ ովքեր են վերահսկելու այդ ճանապարհը, հարց է առաջանում, թե վթարի, որեւէ արտառոց պատահարի դեպքում որ երկրի ուժերն են պատասխանատվություն կրելու ու որեւէ քայլ ձեռնարկելու։ Պարզ չէ՝ ինչ է լինելու Հայաստան-Իրան սահմանի հետ։ Օրինակ՝ իրանական բեռնատարները կամ մարդատար մեքենաները կարողանալո՞ւ են անցնել, թե՞ այդտեղ վերահսկողություն իրականացնողները խոչընդոտներ են ստեղծելու։ Եթե այլ իրավիճակ լինի, արդյոք մենք այդ սահմանը կարողանալո՞ւ ենք օգտագործել, թե՞ ոչ։ Եթե Ալիեւը խոսում է այն մասին, որ որեւէ հսկողություն չպետք է լինի, որեւէ մեկն իր բեռները չպետք է ստուգի, օրինակ, ո՞վ է երաշխավորելու, որ այդ ճանապարհով զենք չի տեղափոխվելու Նախիջեւան, որտեղից հետո այդ նույն զենքով մեզ վրա չեն կրակելու։

Այսինքն՝ որեւէ հարցի պատասխան չկա, Ալիեւն է պատասխանում, որ փաստորեն իր ամրագրած սկզբունքներին է Փաշինյանը համաձայնել։ Իսկ Փաշինյանն ուղղակի քողարկում է այս պայմանավորվածությունները՝ խոստանալով տնտեսական օգուտներ, ապաշրջափակում։ Այստեղ հարց է առաջանում՝ իսկ Հայաստանի ո՞ր տնտեսվարողն է Ադրբեջանով իր ապրանքները տեղափոխելու եւ ո՞ւր է տեղափոխելու այդ ապրանքները, ո՞վ է երաշխավորելու անվտանգությունը։ Անձամբ Իլհամ Ալիեւն էլ չի կարող այդ անվտանգությունը երաշխավորել, որովհետեւ հայատյացությունը Ադրբեջանում այնքան մեծ է, որ որեւէ մեկը չի կարող հայի անվտանգությունն Ադրբեջանում ապահովել, եթե անգամ դրա ցանկությունը լինի։ Այսինքն՝ կարող ենք փաստել, որ սա հերթական միակողմանի զիջումն է, որեւէ բան մենք դրա դիմաց չենք ստացել։ Ալիեւը հայտարարում է, որ որեւէ փոխադարձության սկզբունք չի գործելու, մտադիր չէ երրորդ երկրի ուժեր տեղակայել իր երկրի տարածքում, փոխարենը Փաշինյանը խոսում է մեր երկրի տարածքով անցնող ճանապարհի վերահսկողության արտապատվիրակման մասին, եւ իմ նշած որեւէ հարցի պատասխան որեւէ մեկը չի կարողանում տալ։

-Փաշինյանը հայտարարեց, որ եւ ԱՄՆ-ն, եւ ԵՄ-ն հետաքրքրված են Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման հարցով։ Սա ինչո՞վ է պայմանավորված։

-Նախ մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ առաջարկի մասին է խոսքը։ Հակասական տեղեկություններ կան, դժվար է հստակ հասկանալ՝ ի՞նչ առաջարկի մասին է խոսքը։ Շահագրգռվածությունը կարող է տարբեր լինի՝ աշխարհաքաղաքական մրցակցի ազդեցությունը տարածաշրջանում սահմանափակելուց մինչեւ որպես խաղաղարար հանդես գալը եւ իմիջ ձեւավորելը։ Այստեղ ինձ չի հետաքրքրում, թե ԱՄՆ-ն ինչ շահեր ունի կամ աշխարհաքաղաքական ինչ շահեր են այստեղ սպասարկվում, որովհետեւ եթե այդ շահերի հետ մեր շահերը համընկնեն, համագործակցություն կարող է լինել։ Բայց հարց է՝ կա՞ արդյոք այդ համընկնումը, եւ հայկական ո՞ր շահն է արտացոլված որեւէ կենտրոնից առաջարկված որեւէ պայմանավորվածության մեջ։ Ես վստահություն չունեմ, որ մենք իսկապես ԱՄՆ առաջարկի մասին ենք խոսում կամ եթե խոսում ենք, ո՞ր առաջարկի մասին, դա իշխանությունը պետք է պարզաբանի։ Ես գիտեմ հետեւյալը՝ այս պայմանավորվածություններից առաջ Փաշինյանի հանդիպումները եղել են Էրդողանի եւ Ալիեւի հետ։ Սա ավելի շատ նման է նրան, որ Ալիեւի եւ Էրդողանի տարբերակն է քննարկվում։ Դա կփաթեթավորեն ԱՄՆ, եվրոպական կամ այլ տարբերակով, որն ավելի քիչ հանրային նյարդ է առաջացնում, բայց տպավորություն է, որ այստեղ Էրդողանի եւ Ալիեւի մոտեցումներն են ավելի շատ արտացոլված։

-Եվ Փաշինյանը, եւ Ալիեւը չեն բացառում այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» նախաստորագրումը, չնայած Ալիեւը Արցախի մեդիա ֆորումի ժամանակ դարձյալ կրկնեց իրենց առաջ քաշած նախապայմանները։ Դուք հավանական համարո՞ւմ եք, որ առաջիկայում ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել։

-Այն, որ Փաշինյանը բավարարում է Ալիեւի բոլոր նախապայմանները, իհարկե, չեմ կարող բացառել նման տարբերակ։ Մենք խոսում ենք նոր նախապայմանների մասին այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց,  որ պայմանագրի կետերը համաձայնեցված են, եւ փաստաթուղթը պատրաստ է ստորագրման։ Հարց է առաջանում՝ այդ ո՞նց է բանակցվում եւ համաձայնեցվում, եթե դրանից հետո նոր նախապայմաններ են առաջ քաշվում։ Ադրբեջանն իր բոլոր նախապայմանները հետեւողականորեն առաջ է քաշում, երբ դրանք բավարարվում են, նոր պահանջներ են առաջ քաշվում։ Կլինի՞ այդ պահանջների բավարարումը, նոր պահանջներ են առաջ քաշվելու։ Այդ ընթացքում կնախաստորագրվի՞ փաստաթուղթ, եթե գնահատվի, որ դա հարկավոր է Նիկոլ Փաշինյանին՝ երկրում իշխանություն պահելու համար, նախ հնարավորինս շատ բան կկորզեն Փաշինյանից, բայց, այո, կտան այդ թուղթը, որպեսզի Փաշինյանն ավելի շատ հնարավորություններ ունենա խաբելու մեր ժողովրդին, վերարտադրվի, եւ նոր պահանջներ կառաջադրվեն։ Ինչպես է Փաշինյանը մանեւրելու իր խոստումների այս հորձանուտում, դա չեմ կարող ասել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031