Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի «խաղաղության խաչմերուկի» մասին խոսք լինել չի կարող, սա «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն է, որի գաղափարը գալիս է Էրդողանից»

Հուլիս 22,2025 17:48

«Ոչ մի «Խաղաղության խաչմերուկ» չի կարող լինել, որովհետեւ այստեղ կա «Հյուսիս-հարավ» նախագիծը, որի թիկունքում մի կողմից կանգնած է ԵՄ-ն, մյուս կողմից՝ Հնդկաստանը։ Իրենց համար դա կարեւոր տնտեսական եւ քաղաքական նախագիծ է։ Առավել եւս, որ Հայաստանն արդեն երկրորդ անգամ ահռելի գումարներ, ուժեր եւ ժամանակ է ներդրել այդ նախագծի իրականացման մեջ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման եւ «Խաղաղության խաչմերուկի» մասին հայտարարություններին։ 

Անդրադառնալով հայտարարություններին, թե ամերիկյան կողմն է հետաքրքրված Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման հարցով՝ Խզմալյանն ասաց, որ իրականում դա այդպես չէ, որովհետեւ ոչ մի պաշտոնական հաստատում չկա։ Այն, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կամ ԱՄՆ նախագահ Թրամփն ակնարկում են, թե կարող է լինել «խաղաղության պայմանագիր», դա, ըստ Խզմալյանի, բոլորովին չի նշանակում, որ իրենք իրենց երկրի տնտեսական կամ առավել եւս ռազմական կարողությունները կօգտագործեն դրա համար։

«Խոսքը գնում է ինչ-որ մասնավոր ընկերության մասին, եւ այդ մասնավոր ընկերությունը ոչ մի դեպքում չի ներկայացնում Ամերիկայի Միացյալ Նահանգները, սա խեղկատակություն է, աշխարհում չկա նման օրինակ, որ պետական սահմանը տրվի կամ, ինչպես Երեւանում փարիսեցիական ձեւով ասում են, արտապատվիրակվի երրորդ կողմին։ Դա հիմարություն է եւ դա չի լինի։ Անգամ եթե լիներ ԱՄՆ առաջակը, ապա ինչի համար բերել որեւէ այլ ուժ, եթե Սյունիքում հենց հիմա, արդեն երեք տարի է, ինչ գտնվում է ԵՄ առաքելությունը, որը հենց դրա համար էլ ուղարկված է։ ԵՄ առաքելությունն ապացուցել է իր արդյունավետությունը, դա պետական, համակարգային, ոչ մասնավոր ծառայություն է, որին կարելի է վստահել անգամ, սահմանի ժամանակավոր վերահսկողությունը»,- նշեց նա։

«Մենք հիմա ստանում ենք «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը շատ հետաքրքիր փաթեթավորմամբ։ Դա Էրդողանի նախագիծն է, ինչ էլ ասեն Անկարայում։ Այդ մասին մենք ունենք շատ հստակ վկայություն՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հոդվածը, ինքն ուղիղ ասում է, որ այդ նախագծի գաղափարը գալիս է Էրդողանից, այսինքն՝ Թուրքիայից»,- հավելեց Խզմալյանը։

Նրա խոսքով՝ թուրքերն այնքան խելացի են, որ ժխտում են իրենց միջամտությունը՝ փորձելով Թրամփին դա ներկայացնել որպես ամերիկյան շահերին համապատասխանող նախագիծ։ Թուրքերն այդ հարցում ունեն Իսրայելի լոբբիի աջակցությունը, որովհետեւ Իսրայելի եւ Թուրքիայի համար, բացի թուրանի նախագծի իրականացումից, կա նաեւ Իրանին մեկուսացնելու խնդիրը։ «Եվ այդտեղ իրենք օգտագործում են Հայաստանի կառավարության անողնաշար եւ անվճռական դիրքորոշումը ու շարունակում են ցույց տալ, թե Հայաստանը մնում է Ռուսաստանի եւ Իրանի դաշնակիցը, մինչդեռ Ադրբեջանն իրեն հիմա ներկայացնում է որպես Ռուսաստանի տակից դուրս եկող գրեթե երկրորդ Ուկրաինա»,- հավելեց Խզմալյանը։

Նրա խոսքով՝ այսպիսի պայմաններում ոչ մի «խաղաղության խաչմերուկի» մասին խոսք լինել չի կարող։ Հայաստանը պետք է վերադառնա եւ հստակ խոսի «Հյուսիս-հարավ» ճանապարհի մասին, որը համապատասխանում է Հայաստանի, Եվրոպայի եւ Հնդկաստանի շահերին։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031