Լրահոս
Օրվա լրահոսը

2025թ.-ի երկրորդ եռամսյակում՝ 16 նոր հայց ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների

Հուլիս 22,2025 17:56

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2025 թվականի երկրորդ եռամսյակային զեկույցի մասին

2025թ․ երկրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակը կրկին ի ցույց դրեց հայաստանյան լրատվական դաշտի ծայրահեղ բևեռվածությունը։ ԶԼՄ-ների մեծամասնությունը ներգրավված էր քարոզչական արշավների մեջ։ Առանձին լրագրողներ ֆեյսբուքյան տիրույթում հանդես էին գալիս քաղաքական կոչերով ու հայտարարություններով։ Այս ամենն էլ ավելի էր խորացնում հասարակության պառակտվածությունը, իսկ լրատվամիջոցների ներկայացուցիչները քաղաքական կողմնորոշումներով պայմանավորված թիրախավորվում էին հակադիր ուժերի՝ իշխանության կամ ընդդիմության, ինչպես նաև՝ դրանց համակիրների կողմից։

ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների թիվը դիտարկվող ժամանակահատվածում կազմել է 36 (11-ով ավելի նախորդ եռամսյակից), գրանցվել է նաև ֆիզիկական բռնության 2 դեպք, երկուսն էլ իրականացվել են իրավապահների կողմից։ Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 10-ով հասնելով՝ 39-ի։  

Դիտարկվող շրջանում ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացված դատական նոր հայցերի թիվը 16 է, ինչը նախորդ եռամսյակի համեմատ 3-ով ավելի է։ Այդ բոլոր հայցերը վիրավորանքի ու զրպարտության հիմքով են, իսկ հայցվորները 6 գործով բիզնես միջավայրի ներկայացուցիչներ են, 3-ով՝  ներկա և նախկին պաշտոնյաներ, 2-ով՝ քաղաքական գործիչներ, 2-ով՝ առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ, 2-ով՝ քաղաքացիներ/ֆիզիկական անձինք, 1-ով՝ փաստաբան։

Ի դեպ, ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների՝ տարբեր տարիների ներկայացված դատական հայցերով եռամսյակի ընթացքում կայացվել է 24 դատական ակտ։ Այդ թվում՝ վերջնականապես մերժվել է 3 հայց, բավարարվել՝ 3-ը (որից մեկով լրատվամիջոցը երրորդ կողմ է), 1 գործ կարճվել է՝ պահանջն առարկայազուրկ դառնալու հիմքով։ Եվս 17 դատական ակտեր դեռևս ուժի մեջ չեն մտել կամ բողոքարկվել են վերադաս ատյաններում։ Այդ ակտերից 8-ը հօգուտ ԶԼՄ-ի են, իսկ 9-ով ճանաչվել է, որ լրատվամիջոցը խախտել է հայցվորի իրավունքը (սրանցից մեկ գործով ԶԼՄ-ն երրորդ կողմ է)։

Արձանագրվել են նաև լրագրողների նկատմամբ անվայելուչ վերաբերմունքի, վիրավորանքի, սպառնալիքի, անհանդուրժողականության ու խտրականության դեպքեր, որոնց գերակշիռ մասը՝ 17-ը, իրականացվել է պետական մարմինների ներկայացուցիչների կամ պաշտոնյաների և 1-ական դեպք՝ գործարարի, ակտիվիստի ու անհայտ անձի կողմից։

Երկրորդ եռամսյակի ընթացքում, ըստ ԽԱՊԿ դասակարգման, տարբեր մարմինների և կազմակերպությունների կողմից տեղեկությունների տրամադրումն անհիմն մերժվել է 11 դեպքում, 9 գրավոր հարցում մնացել է անպատասխան, որոնցից 2-ի առնչությամբ հայցեր են ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ հարցմանը պատասխանելուն պարտավորեցնելու պահանջով։ Թերի (ոչ ամբողջական, առանց պատշաճ հղումների) պատասխանների թիվը 14 է, ուշացածը՝ 1, անհիմն ձգձգում՝ 2 դեպքում, 2-ում՝ հարցի էությանը չհամապատասխանող արձագանք։

Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի, երկու բարձրաստիճան հոգևորականների՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումները Քննչական կոմիտեի ներկայացրած մեղադրանքների հիման վրա՝ ուղեկցվել են քաղաքական հակադիր ուժերի՝ միմյանց հասցեագրված ծայրահեղ սուր, հաճախ նաև անթույլատրելի հռետորաբանությամբ։ Ատելության խոսքը, վիրավորանքները, ապատեղեկություններն ու մանիպուլյատիվ մեկնաբանությունները ոչ միայն հայելային կերպով արտացոլվել են այդ ուժերի հետ փոխկապակցված կամ դրանց ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցներում, այլ նաև վերջիններս էին իրենց կողմից ավելացնում լուտանքների չափաբաժինը։

Այս գործելաոճը բնորոշ է թե՛ իշխանական, և թե՛ ընդդիմադիր տարբեր ճամբարների շահերը սպասարկող հարթակներին։ Ընդ որում, տարածվող ոչ կոռեկտ խոսույթից հետ չեն մնացել նաև երկրի ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ վարչապետը, սոցցանցային գրառումներով պատասխանելով իրենց ուղղված վիրավորական արտահայտություններին հենց նույն ոճով։

Լրատվական դաշտում և հատկապես սոցիալական ցանցերի հայկական սեգմենտում իրավիճակն առողջացնելու տեսանկյունից դիտարկվող ժամանակահատվածում ուշագրավ էր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու իշխանությունների նախաձեռնությունը։ Այն վերաբերում է վիրավորանքի և զրպարտության համար պատասխանատվությանը, որն առաջարկվում է կիրառել ոչ միայն այդպիսի արտահայտությունները ԶԼՄ-ների հրապարակումներում տեղ գտնելու դեպքերում, այլ նաև՝ երբ անթույլատրելի խոսքն օգտագործվում է սոցիալական ցանցերում գրառումներ կատարելիս։ Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ տվյալ պատասխանատվությունը պետք է տարածվի և՛ լրատվամիջոցների, և՛ սոցցանցերի օգտատերերի վրա։ Ընդ որում՝ գործող օրենսդրական կարգավորումներում առկա հերքում կամ պատասխան հրապարակելու իրավունքից բացի, առաջարկվում է սահմանել նոր՝ վիրավորանք և/կամ զրպարտություն պարունակող նյութի (առցանց գրառման) մասնակի կամ ամբողջական հեռացման պահանջը դատարան ներկայացնելու հնարավորություն։

  Թեև 2025թ.  մայիսի 2-ին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած՝ Մամուլի ազատության սանդղակում Հայաստանը, նախորդ տարվա համեմատ, 9 կետով բարելավել է իր դիրքը և 180 երկրների շարքում զբաղեցրել 34-րդ տեղը, այդուհանդերձ, այս զեկույցում էլ արձանագրված է՝ մեդիան շարունակում է մնալ բևեռացված, և երկիրը «առերեսվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի հետ»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031