«Սա իրոք մտահոգիչ արդյունք է, քանի որ նախկինում այդքան ցածր չէր այդ թիվը․ կային մարդիկ, որոնք համարում էին, որ սխալ ուղղությամբ է գնում երկիրը՝ 12, 15, 20 տոկոսն էր այդպես կարծում, բայց 49-ը մտահոգիչ ցուցանիշ է»,- Aravot.am-ի փաստմանը ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից իրականացված հարցման արդյունքների՝ Հայաստանի բնակչության գրեթե կեսը՝ 49 տոկոսը, վստահ է՝ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ, այսպես պատասխանեց սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը։
Հարցին՝ սա նաև այն պատճառո՞վ է, որ 2018-ից հետո հանրության սպասելիքները չարդարացան, պատերազմից հետո իշխանությունների վարած քաղաքականությա՞ն հետևանք է, Գևորգ Պողոսյանը պատասխանեց․ «Ընդհանուր առմամբ այս հարցման գնահատականները սուբյեկտիվ են, քանի որ մարդկանց հեռախոսով են հարցնում։ Իրենք իրենց կարծիքն են արտահայտում, բայց ուրիշ հարց, որ ամեն մեկի մոտ այդ սուբյեկտիվ գնահատականը ձևավորվում է՝ ելնելով նրանից՝ ինչ է ինքը տեսնում շրջապատում և կյանքում։ Եթե իրենք տեսնում են, որ երկիրն իրենց պատկերացված մասշտաբով չի զարգանում, տարածքային և այլ զիջումներ են լինում, աշխատավարձերը չեն աճում, գներն են աճում, այս ամբողջը ձևավորում է իրենց պատկերացումն այն մասին՝ արդյոք երկիրը ճի՞շտ ուղղությամբ է գնում, թե՝ սխալ։ Հաշվի առնելով, որ մարդկանց մեծամասնությունը քաղաքագետ չէ, բնական է, որ մարդիկ դատում են՝ իրենց կյանքի իրավիճակներից ելնելով։ Սա այն ցուցանիշն է, որ ավելի շատ մեր քաղաքական վերնախավին պետք է մտահոգի, քանի որ դա վկայում է այն մասին, որ ինչ-որ բան այն չէ»։
Մեր այն դիտարկմանը՝ մի կողմից հանրության մեծամասնությունը գտնում է, որ երկիրը ճիշտ ուղով չի գնում, ինչի պատասխանատուն փաստացի ՀՀ իշխանություններն են, բայց մյուս կողմից ըստ նույն այդ հարցման՝ ՀՀ վարչապետը, թեև ունի ընդամենը 13 տոկոս վստահություն, և նրա վարկանիշը անկում է ապրել 3 կետով, բայց վարկանիշի տեսանկյունից ամենաբարձրն է մյուս քաղաքական գործիչների հետ համեմատած և հարցին՝ այստեղ հակասություն չկա՞, Գևորգ Պողոսյանը պատասխանեց․ «Էստեղ հակասություն չկա, կա ներքին հակասություն այն իմաստով՝ քանի որ ուրիշների կողմից իրենք ինչ-որ քայլեր չեն տեսնում կամ լսում, բնական է, որ ուրիշ գնահատականներ մնացածներին չեն կարող տալ։ Սա սպորտ չէ, որ երեք հոգի վազում են, և տեսնեն՝ ով է արագ վազում, ասեն՝ սա է։ Քաղաքականության մեջ գլխավոր դերակատարումը միշտ էլ իշխանությանն է։ Այն, ինչ ընդդիմությունն է անում, պետք է կամ շատ երևացող լինի, կամ գոնե դրա մասին շատ պարզ, բացահայտ ու պարզաբանված ձևով մարդկանց ասեն, որ մենք համաձայն չենք, առաջարկում ենք սա։ Ու քանի որ դա չկա, բնական է, իշխանությունը միշտ էլ ռեսուրս ունի, գոնե այն մարդկանց շրջանում, որոնք իրենց ընտանիքներով այս իշխանության մեջ են։ Եթե հիշում եք՝ նրանք եկան իշխանության 75-80 տոկոս վարկանիշով, հիմա հասել են 13-ի։ Սա իսկապես պատմական նվազագույնն է։ Շատ երկրներում, եթե 20-23 տոկոսից ցածր է վարկանիշը, պահանջում են հրաժարական։ Մակրոնի վարկանիշը ցածր էր 28 տոկոսից, նրա հրաժարականի հարց էր բարձրացվում։ Ամեն ինչ համեմատության մեջ է։ Ուղղակի չունենք՝ ում հետ համեմատենք»։
Մեր այն փաստմանը՝ ըստ հարցման արդյունքների՝ Նիկոլ Փաշինյանի հետ համեմատության մեջ երկրորդ հորիզոնականում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է, երրորդում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Գևորգ Պողոսյանն արձագանքեց․ «Արդեն կարևոր էլ չէ անունը։ Շատերը նշում են՝ կարելի էր ուրիշ ազգանուն էլ դնել, Սամվել Կարապետյան, Կարեն Կարապետյան գրել և այլն։ Սա կախված է նրանից, թե ում ենք ընդգրկում ցուցակում, ուրիշ բան է, որ հարցման ժամանակ հարցնում են տվյալ անձի անուն ազգանունը։ Գիտեմ՝ շատ կուսակցություններ նեղանում են, որ իրենց անունները հարցման ժամանակ չեն տալիս։ Կարևորը դա չէ, այլ այն, որ իշխող ուժը շատ ցածր վարկանիշ ունի և նրա կողքին ավելի բարձր վարկանիշով ուժեր, դեմքեր և կուսակցություններ բնակչությունը չի տեսնում»։
Կարդացեք նաև
Հղում կատարելով հարցմանը՝ նշեցինք, որ եկեղեցու վարկանիշն աճել է, Գևորգ Պողոսյանն այս առիթով ասաց․ «Եկեղեցու և բանակի վարկանիշը 30 տարի շարունակ եղել է ամենաբարձրը մեր բոլոր հարցումներում՝զգալիորեն ավելի բարձր, քան ցանկացած կառավարության, ԱԺ -ի և վարչապետների։ Բանակն ու եկեղեցին սոցիալական այն ինստիտուտներն են, որոնց նկատմամբ բնակչությունը միշտ ունեցել է վստահության, հավատքի բարձր մակարդակ»։ Մեր հարցին՝ այս վերջին գործողությունները, որ իշխանություններն իրականացնում են հոգևորականների նկատմամբ իրենց ազդեցությունը չե՞ն թողնում եկեղեցու վարկանիշի վրա, սոցիոլոգը պատասխանեց․ «Դա ավելի վատ ազդեցություն է թողնում հենց իշխանությունների վրա։ Երբ քննադատում եք մի ինստիտուտ, մի եկեղեցի, հավատք, որին ժողովուրդը հարյուրավոր տարիներ է վստահել, դուք դրանով ավելի շատ ձեզ եք վնասում, մանավանդ, որ լուրջ հիմքեր դրա համար չեն բերվում։ Իշխանությունը դրանով ավելի շատ ինքն իրեն են վնասում, քան եկեղեցուն։ Հիշեք՝ յոթանասուն տարի Խորհրդային միության տարիներին եկեղեցին դուրս էր մղված հասարակությունից, էլ չեմ ասում, թե ինչքան եկեղեցիներ են կոմունիստները քանդել, 20-30-ականներին նույնիսկ եկեղեցականներին գնդակահարում էին, բայց, միևնույն է, հավատքը մնաց։ Հետո Խորհրդային միությունը փլուզվեց, եկեղեցին անմիջապես մեր կյանք վերադարձավ, ու այդպես էլ պիտի լիներ․ եկեղեցին մեր ազգային ինքնության հիմնասյուներից է։ Դրա դեմ պայքարելը ձեզ է վնասում ավելի շատ, քան եկեղեցուն՝ չնայած շատ անդուր ու ամոթ, անհարմար է նաև արտասահմանի առաջ և մեր այն թշնամիների, որոնք միայն ուրախանում են»։
Ըստ Գևորգ Պողոսյանի՝ նմանատիպ ուսումնասիրություններ պետք է ավելի շատ արվեն և ավելի շատ դեմքեր, քաղաքական գործիչներ, կուսակցություններ ընդգրկվեն, որ համեմատություն տանելու հնարավորություն լինի։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ