Թագավորների զորքերը կարող են գրավել եւ ավերել տաճարը ֆիզիկապես, բայց այն, միեւնույն է, կանգուն է մնալու
Հոգեւոր ուսմունքների մեծ առաջնորդները՝ օրինակ, Մուհամմադ մարգարեն կամ Բուդդան մահացել են իրենց մահով, իրենց անկողնում՝ սիրելի աշակերտներով շրջապատված: Եվ միայն Քրիստոսին են դավաճանել, ծաղրել, արհամարհել, փշե պսակ դրել եւ, սարսափելի խոշտանգումների ենթարկելով, սպանել: Իսկ երրորդ օրը նա հարություն առավ, վերադարձավ ոչ թե իրեն չարչարողներից վրեժ լուծելու համար, ասենք, կոմս Մոնտե-Քրիստոյի նման, այլ՝ իր աշակերտերին ու ամբողջ մարդկությանը սիրո ուղերձ փոխանցելու:
Անհավատալի, մարդկային տրամաբանության մեջ չտեղավորվող պատմություն է, որը մենք չենք կարող մինչեւ վերջ հասկանալ, բայց որը մեզ ինչ-որ ուղղություն է հուշում: Նաեւ օգնում է հասկանալ, թե որտեղ է ուժը, իսկ որտեղ՝ թուլությունը:
21 դար շարունակ տարբեր երկրների իշխանավորները (որոնց մի մասն իրենց «քրիստոնյա» են կոչել) հալածել են քրիստոնյաներին: Բայց քրիստոնեությունը շարունակում է մնալ աշխարհի ամենաազդեցիկ կրոններից մեկը, իսկ ահա իշխանավորներից շատերի անուններն այսօր ոչ ոք, բացի նեղ մասնագետներից, չի հիշում:
Կարդացեք նաև
Անցած շաբաթ օրը Քրիստոսի 12 առաքյալների եւ Սուրբ Պողոս 13-րդ առաքյալի տոնն էր: Առաքյալները լուսավորել են մարդկանց միտքն ու հոգին՝ կրելով մեծ նեղություններ: Բացառությամբ Սուրբ Հովհաննես առաքյալի՝ նրանք բոլորը նահատակվել են տարբեր երկրներում: Առաքյալներին մեղադրում էին զանազան հանցանքների, հիմնականում՝ ապստամբության կոչեր անելու, գոյություն ունեցող հասարակարգը տապալելու մտադրության, աղանդավորության եւ նույնիսկ Հռոմն այրելու մեջ: Ահաբեկչության մեջ՝ մի խոսքով: Առաքյալների հետ, իհարկե, մահապատժի էին ենթարկվում նրանց հիմնած քրիստոնեական համայնքների անդամները:
Թագավորներն՝ իրենց զորքով, իրենց ենիչերիներով, իրենց «տոնտոն մակուտներով» (Հայիթիի դիկտատորի գաղտնի ռազմական կառույց, որը հաշվեհարդար էր տեսնում բռնակալի անբարեհաճությանն արժանացածների հետ) ավելի ուժե՞ղ են, քան համեստ, պարկեշտ եւ աստվածավախ հավատացյալները: Նայած՝ ինչպես ենք այս հարցին մոտենում: Թշնամին կարող է մտնել տաճար եւ ավերել այն: Մտնում էին 1915 թվականին, մտնում են հիմա Արցախում, պատրաստվում են նաեւ մտնել Սբ. Էջմիածին՝ քրիստոնյա ձեւանալով (ինչպես ասացի՝ պատմության մեջ նման դեպքեր էլի են եղել): Դրանից տաճարը կդադարի՞ գոյություն ունենալուց: Կարծում եմ, որ՝ ոչ: Որովհետեւ տաճարը մեր հոգու մեջ է, եւ այն ուժեղանում, ամրապնդվում է Աստծո շնորհով:
Նույն Պողոս առաքյալն իր դարձից հետո մշտապես հալածվում էր թե՛ հրեաների, թե՛ հեթանոսների կողմից, եւ ի վերջո գլխատվեց Ներոն կայսրի կողմից: Իսկ դրանից առաջ մոտ 3 տարի անցկացրեց Հռոմի բանտում: Ինչպես եւ ցանկացած մարդ՝ նա տրտնջում էր իր անզորությունից: «Բայց Նա (Աստված) ասաց ինձ. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետեւ իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում»: Եվ արդ, լավ էլ է, որ ես պարծենամ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը» (Կորթնացիներին Բ, 12:9):
Այս դրվագը ոմանք սխալ են հասկանում՝ սա թուլության գովերգում չէ: Պարզապես մեր կյանքում լինում են թուլության պահեր, ու այդ ժամանակ Աստված է մեզ զորություն տալիս: Այդպիսի պահ է եկել հիմա, եւ քաղաքականությունն այստեղ կապ չունի՝ սա եկեղեցու եւ պետության պահպանման խնդիր է: Իշխանության ուժային կառույցների «հզորությանը» մենք պետք է հակադրենք մեր ոգու հզորությունը: Բռնություններն ու ռեպրեսիաներն այդ դեպքում անիմաստ կլինեն:
«Քանզի չարագունդ զորքերը բոլոր նենգ բանսարկուի
Կչորացնի աչքերից կաթած սակավ մի արցունք» (Նարեկ, Է:Ա):
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.07.2025