Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական ռեսուրսի նոր գործառույթը

Հուլիս 23,2025 10:00

Տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում ամենախոցելի պետական ծառայողների շարքում դպրոցների տնօրեններն են: Նրանք խոցելի են ոչ թե սոցիալապես (նյութական առումով քիչ թե շատ ապահովված են), այլ իրենց աշխատանքի առումով: Մարզպետը կամ քաղաքապետը կարող են ցանկացած պահի նրանց հեշտությամբ հանել գործից եւ ավելի լոյալ մարդու նշանակել. «հանձնաժողով», «ընտրություններ»՝ այդ ամենը ձեւականություններ են:

Դպրոցների տնօրեններն, այդպիսով, ավանդաբար իշխանությունների ռեսուրսն են, որն օգտագործվում է, մասնավորապես, ընտրությունների ժամանակ: Տնօրեններն ունեն իրենց հավատարիմ ուսուցիչներին եւ ծնողներին (այսպես կոչված՝ «ծնողկոմիտեն), որոնց միջոցով իրականացնում են իրենց կառավարումը, երբ մարզպետը ընտրությունների ժամանակ նրանց վրա որոշակի ձայներ հավաքելու «պլան է դնում», քանի որ վերեւից «պլան են դնում» նաեւ մարզպետի վրա: Հեղափոխությունից հետո էլ Երեւանի եւ հատկապես Գյումրիի ավագանու ընտրությունների ժամանակ այդ ռեսուրսն օգտագործվել է: Ուրիշ հարց, որ, ինչպես տեսանք, դա կարող է վճռորոշ դեր չխաղալ: Կարելի է վստահաբար կանխատեսել, որ 2026թ. ընտրությունների ժամանակ նույնպես դպրոցների տնօրեններին «աշխատեցնելու են»:

Այնպես որ, եթե նրանց հրահանգեն վերցնել մեկական հեղափոխական մուրճ (վարչապետի եզրաբանությամբ՝ «յուղած չագուճ») եւ «վե՛րջ թավիշին» աղաղակով փորձել քանդել Էջմիածնի Մայր տաճարը, այդ «մանկավարժները» ոչ մի վայրկյան չեն վարանի:

Բայց ես այստեղ տարբերություն, այնուամենայնիվ, տեսնում եմ: Պետական կարգավիճակ ունենալով՝ ընտրությունների ժամանակ հօգուտ իշխանության աշխատելն, իհարկե, բարոյապես անընդունելի է եւ օրենքի տեսանկյունից՝ դատապարտելի: Բայց Մայր Աթոռի վրա հարձակվելը դուրս է գալիս այդ սովորական, առօրյա գնահատականների դաշտից: Եթե նման բան տեղի ունենա՝ այդ հարձակումը հիշվելու է տասնամյակների, դարերի ընթացքում՝ որպես մեր պատմության ամենամութ, ամենաամոթալի էջը: Դա խարան է լինելու մեր, մեր երեխաների եւ մեր թոռների վրա:

Մարդիկ չեն հասկանում, թե ինչի տակ են մտնում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ Հակոբ Կոջոյան կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի եւ Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանի գրառումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Մեր ժամանակներն արդեն իսկ «հիշվելու են տասնամյակների, դարերի ընթացքում՝ որպես մեր պատմության ամենամութ, ամենաամոթալի էջը», իսկ մեր սերունդը (մենք)՝ որպես այդ էջը հեղինակածները։ Իր բազմահազարամյա պատմության ընթացքում Արցախը երբեք հայերից դատարկված չի եղել, հազարավոր դարերի վաստակը երբեք թշնամու ողորմածությանը չի թողնվել։ Չեմ կարծում, թե սա պակաս աղետալի կամ ամոթալի է, քան Մայր Աթոռի վրա ներքին բաշիբոզուկների հարձակումները։ Ավելին, կարծում եմ, որ եկեղեցու դեմ կատարվող այս խեղկատակությունը ինքնիշխանության ու տարածքային նոր զիջումները քողարկող ծուխ է միայն, Արցախի կորուստը մոռացնել տալուն ուղղված հերթական բեմականացում։ Մի խոսքով դավաճանի ձեռքով իրականացվող մեծ ծրագրի մի մաս, որում ռուզաննա երեմյաններ կամ անուշ համբարձումյաններ միշտ էլ կգտնվեն։

  2. Լավատես says:

    Նորմալ քոչվորները գնում են իրենց եղջերուների հետեւից եւ նորմալ քոչվորների կենսատարածքը համընկնում է այդ եղջերուների նախիրների կենսատարածքի հետ եւ դրա պատճառով նորմալ քոչվորները նույնքան բնիկ ու ավտոխտոն են, որքան նորմալ նստակյաց ժողովուրդները իրենց բնիկ հողի կենսատարածքում: Իսկ աննորմալ քոչվորներն ու աննորմալ նստակյացները՝ դրանք նորմալ ժողովուրդներին որպես անասունների նախիր են ընկալում եւ նորմալ ժողովուրդներին տեղահանում են իրենց կենսատարածքներից: Այդ աննորմալները Պուշկինի Ոսկե ձկնիկի հեքիաթի պառավի նման կամենում է նոր տաշտակ, հետո ախորժակները քաղցրանում են՝ նոր խրճիթ, ազնվական, հետո թագուհի, մեր պառավը իշխանությունից ու հարստությունից խելքը թռցնում է, վերջում էլ թե ուզում եմ դառնալ ծովերի տիրուհի, որպեսզի ձկնիկը մշտապես ծառայի ինձ, եւ որքան էլ մեր Ոսկե ձկնիկը երախտապարտ է ծերունուն, մեր ձկնիկը ոչինչ չի ասում, միայն պոչով անում ու գնում իր գործերով, իսկ մեր խելքը թռցրած պառավը խելքի է գալիս, երբ տեսնում է իր հին կոտրած տաշտակը: Մենք այսօր գոնե մեկ նորմալ նախագահ կամ վարչապետ տեսնո՞ւմ ենք աշխարհում՝ դրանք կամ անիշխան խեղճուկրակ ծերունիներ են կամ իշխանությունից խելքը թռցրած պառավներ, կան նաեւ ծանոթ 🙂 հերմոֆրոդիտներ՝ դուրսը անիշխան խեղճուկրակ ծերունի են, իսկ տանը իշխանությունից խելքը թռցրած պառավ: Բայց խնդիրը սրանք չեն: Ինձ համար ամենամեծ խնդիրը՝ մեր ընտրողի ձայնը լսելն է, ոչ միայն ընտրությունների արդյունքներն իմանալ, այլ նաեւ հասկանալ, թե ինչ մոտիվացիայով են նրանք ընտրություն կատարել: Կարեւոր չէ, ճիշտ թե սխալ ես ընտրել, ոչ մեկս էլ սխալներից ապահովագրված չենք, կարեւորը մեր ընտրողը լինի սուբյեկտ եւ չվախենա հրապարակավ սեփական կարծիքն արտահայտել եւ պաշտպանել, որպեսզի մյուսներն էլ հասկանան նրա մոտիվացիաները: Մեր քաղաքական մշակույթը՝ սկսած փոքրերից, ընտանիքից, դպրոցից, բանակից սովորեցնել չվախենալ ունենալ սեփական կարծիք, պաշտպանել սեփական կարծիքը եւ չվախենալ սխալվելուց: Ասում են, եթե կարողացար հասկացնել դասարանի ամենաթույլ աշակերտին, բոլոր մնացած աշակերտները կհասկանան: Մեր խնդիրն է՝ լսել մեր բոլոր ընտրողների կարծիքը, ոչ թե սուսուփուս նրանք գնան ընտրություններին ու մենք էլ կոտրած տաշտակի առաջ կանգնենք:Կեցցե՛ մեր ընտրողը՝ սեփական կարծիք ունեցող եւ այն բարձրաձայն հայտարարող եւ սխալվելուց չվախեցող մեր անվախ ընտրողը, հատկապես ներկա նախկին իշխանություններին ձայն տվող ընտրողները:Երբ միասնական ենք, աշխարն էլ փլվի, մենք կդիմանանք ու կբարգավաճենք: Ներողություն երկար գրելուս համար:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031