Մինչ քաղաքական իշխանության հրահանգով իրավապահները բանտերը լցնում են ընդդիմադիրներով, առցանց հարթակում էլ իշխանական ֆեյքերին են «քսի տալիս» եկեղեցականների եւ ընդդիմադիրների վրա, Սամվել Կարապետյանը` իր հերթին, Բագրատ սրբազանը` իր, դիմում են դատարան` ափեղ-ցփեղ խոսողների, անմեղության կանխավարկածը խախտողների, իրենց հեղինակության հետ խաղացող իշխանական քարոզիչների դեմ։ Բագրատ սրբազանի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ քաղաքացիական հայցեր են ներկայացվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, պատգամավոր Վահագն Ալեքսանյանի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ու նրա թիմակիցներ Անի Խաչատրյանի եւ Հայկ Սահակյանի, ՔՊ-ական քարոզիչ-փորձագետ Հարություն Մկրտչյանի, Ստյոպա Սաֆարյանի դեմ:
– Այս քաղաքացիական գործերով ի՞նչ կանխատեսումներ ունեք դատարաններից, երբ տեսնում ենք, որ ընդդիմադիրների նկատմամբ քրեական դատարանները շատ խիստ ու անարդար են վարվում։
– Քաղգործերով մի քիչ ավելի ազատ են լինում, քան քրեականներով, բայց, ենթադրում եմ, քանի որ տեսնում ենք` այս քաղհայցերն անհանգստացնում են, կարող է դատարանների նկատմամբ էլ նոր ճնշումներ սկսեն։
– Բագրատ սրբազանի հետ քննարկե՞լ եք՝ ում դեմ հայց ներկայացնեք։
Կարդացեք նաև
– Ոչ, ինքը թողել է մեր հայեցողությանը, դիտարկել ենք՝ ով վիրավորանք կամ զրպարտություն կտարածի իր հասցեին, աշխատաժամանակի մեր հնարավորությունների սահմաններում հայցեր ենք ներկայացնելու։
– Երկա՞ր պրոցես կլինի։
– Այսպիսի հայցերն առաջին ատյանում մեկ տարի ձգվում են։ Ամեն դեպքում, կարեւորն այն է, որ հայցերը հիմնավոր են, եթե շատ ուժեղ ճնշում չլինի դատարանների նկատմամբ, դրանք բավարարման ենթակա են, մեկ տարուց, թե երկու տարուց, այդ մարդիկ պետք է նկատի ունենային, որ այսօրվա իրենց խոսքերի համար հետագայում պետք է պատասխան տան։
ՀԳ․ Նկատենք, որ Բագրատ սրբազանի հայցերից պատասխանողներն այնքան են վրդովվել, որ հակաքայլեր են ձեռնարկել, օրինակ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ առավոտից իր համակարգի բազմաթիվ խնդիրներն ու հարցերը մի կողմ դրած՝ առանց հանգստանալու ստատուսներ էր գրում այդ մասին: Ստատուսներից մեկով էլ առաջարկել էր իր բախտակիցներին` միասնական հայց ներկայացնել Սրբազանի դեմ։ Մասնավորապես, «խորը անասուն» արտահայտության համար, որը Սրբազանն օգտագործել է ժողովրդի հասցեին: Բայց եթե իրենց դեպքում կոնկրետ անձն է վիրավորվել` անվանական, ապա ժողովրդին ասված խոսքը չի կարող կոնկրետ անձի կողմից հայցի հիմք հանդիսանալ, քանի որ Քաղաքացիական օրենսգրքով քննարկվում են միայն «Անձի դեմ ուղղված» խոսքը, գործողությունը:
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում