Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է «մաքրելու» ՔՊ-ականների հետեւից, եթե մինչեւ ՍԴ որոշումը կառավարիչը վնասներ պատճառի ՀԷՑ-ին եւ սեփականատիրոջը». «Հրապարակ»

Հուլիս 23,2025 10:34

Կառավարության կողմից ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը երեկ սկսեց իր պաշտոնավարումը՝ առաջին իսկ օրը ազդարարելով․ «էս սարն իմն է, էս ծառն իմն է»։ Պետրոսյանն ակնարկեց, որ ընկերության ղեկավար օղակում պատրաստվում է կադրային ջարդ անել։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Դավիթ Ղազինյանը շեշտում է՝ ամբողջ գործընթացը համարում է անօրինական, «բեսպրեդել» եւ դատի է տալու Ռոմանոս Պետրոսյանին։ Հետաքրքրվեցինք` իսկ մյուս աշխատակիցներից ազատվողներ եղե՞լ են։ Ղազինյանն ասաց, որ ինքը հորդորել է, որ դուրս եկողներ չլինեն: Հիշեցնենք, որ պետության կողմից ժամանակավոր կառավարչի նշանակումն իրականացվել է նոր ընդունված օրենքի հիման վրա՝ ՀԾԿՀ նախագահի միանձնյա որոշմամբ։ Ղազինյանն ընդունում է, որ իրավական տեսանկյունից այդ քայլն իրականացվել է առանց օրենքի խախտման. «Հանձնաժողովի նախագահը նշանակել է, ինքն էլ եկել նստել է այդ աթոռին»։ Սակայն այստեղ ի հայտ է գալիս հիմնական կոնֆլիկտը՝ Սամվել Կարապետյանը դեռ սեփականատերն է, բայց կառավարումն իրականացնում է պետության կողմից նշանակված անձը։

ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցեց վարչական վարույթ եւ Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Սա առաջին դեպքը չէ, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնվում է քաղաքական ճնշման կենտրոնում կամ դառնում է «գործիք»։ Բայց այս օրենքի պարագայում ընդդիմադիր խմբակցությունները Սահմանադրական դատարան են դիմել՝ ՀԾԿՀ որոշումը հակասահմանադրական ճանաչելու հարցով։

Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններն արդեն իսկ ՍԴ են դիմել՝ ՀԷՑ-ի կառավարման վերաբերյալ նոր ընդունված օրենքը վիճարկելով որպես հակասահմանադրական։ Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ միջնորդություն են ներկայացրել նաեւ օրենքի գործողության կասեցման վերաբերյալ։ Ո՞վ է «մաքրելու» ՔՊ-ականների հետեւից, եթե մինչեւ ՍԴ որոշումը կառավարիչը վնասներ պատճառի ՀԷՑ-ին եւ սեփականատիրոջը։ «Պատկերացրեք իրավիճակ՝ կառավարիչը հինգ ամիս կառավարում է, վնաս է տալիս, հետո ՍԴ-ն որոշում է՝ այդ ամբողջ հիմքը հակասահմանադրական է։ Այդ պարագայում ո՞վ է պատասխան տալու»,- ընդգծում է Դավիթ Ղազինյանը՝ հույս հայտնելով, որ ՍԴ անդամների «իրավական գիտելիքները» կուղղորդեն նրանց։

Ի՞նչ սպասել առաջիկայում: Սահմանադրական դատարանն ունի 20-օրյա ժամկետ՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայցը վարույթ ընդունելու եւ կասեցման հարցը քննարկելու համար։ Մինասյանը նշում է՝ տեղեկություն չունեն՝ ՍԴ-ն հայցը վարույթ ընդունե՞լ է, թե՞ ոչ, անցել է արդեն մոտ մեկ շաբաթ։ Պատգամավորի խոսքով՝ օրենքն առնվազն երեք կետով հակասում է Սահմանադրությանը։ Ըստ նրա՝ այս ամսվա սկզբին ընդունված կարգավորումներով ընկերությունը կարող է զրկվել լիցենզիայից՝ առանց դատարանի որոշման, բացի այդ, հնարավորություն է ստեղծվել սեփականատիրոջը զրկել իր սեփականությունից՝ Սահմանադրությամբ չթույլատրված մեթոդներով: Ըստ ընդդիմադիր պատգամավորի, վիճահարույց է նաեւ այն, որ նոր ընդունված օրենքը թույլ է տալիս պատասխանատվության ենթարկել ընկերությանը` նախկինում թույլ տված խախտումների համար:

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031