Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեշտ է, որ ՀԷՑ-ը խլելու պրոցեսին միացել է նաև անկախ համարվող ՀԾԿՀ-ն ու դրա նախագահը, ստանձնել քաղաքական իշխանության պատվեր կատարողի դերը. «168 ժամ»

Հուլիս 23,2025 11:37

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն օրենսդրորեն անկախ կառույց է։ Այն ոչ մեկին, առավել ևս՝ կառավարությանը ենթակա չէ։ Հաշվետու է միայն Ազգային ժողովին՝ կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվություն ներկայացնելու ձևով։

Բայց դա չի խանգարում, որ անկախ համարվող այս հանձնաժողովը դառնա կառավարության կցորդ ու կատարի քաղաքական պատվեր։ Դրան ականատես դարձանք հատկապես այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ հայտնի իրադարձություններից հետո ՀԷՑ-ը պետք է խլել Սամվել Կարապետյանից։

ՀԷՑ-ը խլելու գործին անմիջապես միացավ «անկախ» հանձնաժողովը։ Անհասկանալի պատճառաբանությամբ, մերժեց ընկերության առաջարկությունը՝ ներդրումներն ավելացնելու վերաբերյալ։

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած հաղորդման հիման վրա՝ ՀԾԿՀ նախագահը, միանձնյա որոշմամբ, վարչական վարույթ հարուցեց ՀԷՑ-ի դեմ, ու սեփականատերերից վերցվեց ընկերության կառավարումը։ Ավելին՝ ՀԷՑ-ին զրկեց բողոքարկելու դեպքում որոշումը կասեցնելու հնարավորությունից։ Այն պարագայում, երբ կարող էր ժամանակավոր կառավարիչ նշանակելու փոխարեն, այլ կանխարգելիչ միջոցներ կիրառել, ասենք՝ թույլ տալ ընկերության սեփականատիրոջն ու ղեկավարությանը՝ վերացնել ենթադրյալ խախտումները։

Բայց հանձնաժողովի նախագահը նախընտրեց հենց այն տարբերակը, որի մասին ի սկզբանե հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, հայտարարել էր, որ առաջին քայլով վերցնելու է ընկերության կառավարումը։

ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու ու կառավարիչ նշանակելու վերաբերյալ կառավարության փաստարկները երբեմն այնքան թույլ են ու անհիմն, որ դրանք շատ դեպքերում տեղում կարող էին հերքվել, եթե կառավարությունը կամ «անկախ» հանձնաժողովի նախագահը նպատակ ունենային ու բարեհաճեին հասկանալ պատճառները։ Երբ համակարգի վրա միանգամից նման ճնշում են ավելացնում՝ պետք է նախապես մտածեին հետևանքների մասին ու քայլեր ձեռնարկեին, այդ թվում՝ հավելյալ ներդրումներ կատարելու հնարավորություններ ստեղծելու միջոցով, և ոչ թե՝ այն շարժառիթ դարձնեին քաղաքական հաշվեհարդար տեսնելու համար։ Ներդրումներ թույլ չեն տալիս անել, որպեսզի սակագները չբարձրանան, բայց ուզում են, որ ցանցի որակը բարելավվի։

Բոլորն էլ հասկանում են, որ այս ամենը քաղաքական պրոցես է, որքան էլ դա փորձեն այլ հիմնավորումներով փաթեթավորել։ Զավեշտ է, որ այդ պրոցեսին միացել է նաև անկախ համարվող հանձնաժողովն ու դրա նախագահը, որոնք, առանց ավելորդ սեթևեթանքի, ստանձնել են կառավարության ու քաղաքական իշխանության պատվեր կատարողի դերը։ Այդպիսի անկախ հանձնաժողով վաղուց արդեն որևէ մեկին պետք չէ ու պետք է հրաժարվել դրա կարգավիճակից։ Կարող է հանգիստ լինել կառավարության կամ վարչապետին ենթակա մարմին։ Միևնույն է՝ դրանց մեծ բան չի փոխվի։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031