Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպես մանկավարժ Դուք չե՞ք կաշկանդվում հայտնվել այն հակաեկեղեցական շարժման հեղինակների կողքին, ովքեր համացանցը ողողել են աննախադեպ հայհոյախոսությամբ ու ատելության խոսքով, ինչը երբեք չի դատապարտվել Ձեր կողմից»

Հուլիս 23,2025 11:44

ՀՀ վարչապետի՝ Էջմիածնի հրապարակում հավաքին միանալու կոչին պատրաստակամություն հայտնած Հ․ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցի տնօրեն Ռուզաննա Երեմյանը տեսանյութի միջոցով փորձել է արդարացնել իր դիրքորոշումը՝ հանդես գալով որպես մտահոգ մանկավարժ։

Երբ հոգևոր ճշմարիտ կյանքին ու Եկեղեցուն անհաղորդ անձի մոտ «առաքինի» Վեհափառ ու հոգևորականներ ունենալու բարոյական պահանջ է ձևավորվում, այն էլ հակաեկեղեցական արշավի համատեքստում, հարց է առաջանում, թե իրականում ո՞վ է կորցրել բարոյական կողմնացույցը։

Ռ. Երեմյանը նշում է, որ իր կոչումն ու հանգամանքն իրեն պարտավորեցնում են պայքարել մի երևույթի դեմ, որը կարող է արատավոր հետևանքներ ունենալ նոր սերնդի դաստիարակության գործում։ Եվ զարմանալին այն է, որ այդ պայքարի գլխավոր թիրախը Եկեղեցին է՝ իր գահակալով ու հոգևորականներով։

Մանկավարժը պետք է տեղեկացված լիներ Վեհափառ Հայրապետի անմիջական նախաձեռնությամբ իրականացվող կրթադաստիարակչական ու մշակութային լայն գործունեության մասին՝ Կիրակնօրյա դպրոցներից և Հայորդյաց տներից մինչև երիտասարդաց միություններ ու Երեխաների խնամքի կենտրոններ, բարձրագույն հոգևոր կրթական հաստատություններ ու թանգարաններ։ Այս գործունեության արդյունքում հազարավոր երեխաներ ու երիտասարդներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, կրթվում ու դաստիարակվում են ազգային ու քրիստոնեական արժեքներով։ Հետևաբար մտահոգիչ է այս ամենի մասին չիմանալը, և առավել մտահոգիչ՝ կանխամտածված անտեսումը։

Տարակուսելի է նաև, որ տիկին Երեմյանին կարծես բնավ չի մտահոգել այս իշխանության կողմից «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հանրակրթական ծրագրից դուրս բերումը, որով հայ քրիստոնյա ընտանիքների բոլոր երեխաները զրկվեցին նաև դպրոցում հոգևոր-բարոյագիտական ուսուցումից։ Եվ այսօր, համատարած արատավոր բարքերի պայմաններում, մանկավարժի մոտ ինչո՞ւ որևէ բարոյական պահանջ ու պարտավորվածություն չի առաջանում։

Մտահոգիչ չէ՞, երբ դպրոցը հոգեկերտման դարբնոցից աստիճանաբար փոխակերպվում է զուտ գիտելիքներ հրամցնող հաստատության` պատրաստելու համար գուցե և խելացի, բայց հոգեպես աղքատ սերունդ։

Նույն մանկավարժի մտահոգությունը, թե համացանցում հոգևորականների խոսքը կաշկանդում է իրեն աշակերտների հետ խոսել Եկեղեցու դերակատարության մասին, ավելի քան միակողմանի է։ Հետաքրքիր է՝ որպես մանկավարժ Դուք չե՞ք կաշկանդվում հայտնվել այն հակաեկեղեցական շարժման հեղինակների կողքին, ովքեր նույն համացանցը ողողել են աննախադեպ հայհոյախոսությամբ ու ատելության խոսքով, ինչը երբեք չի դատապարտվել Ձեր կողմից։

Եվ եթե Ձեր մեջ իսկապես բարոյական պատասխանատվության զգացում է արթնացել, ապա ինչո՞ւ է այն ուղղվել մասնավորապես Եկեղեցու դեմ, որը դարեր շարունակ եղել և մնում է բարոյական ու հոգևոր արժեքների պահպանության բացառիկ դարբնոցը։

Թեև եկեղեցում առկա խնդիրները քննարկվում և լուծվում են ներքին կանոնակարգերով, այդուհանդերձ եկեղեցին միշտ էլ բաց է եղել կառուցողական առաջարկների առջև։ Սակայն կարևոր է և՛ քննադատության հիմնավոր լինելը, որը կառուցված չէ բամբասանքների վրա, և՛ դրա առողջացնող էությունը՝ հիմնված քրիստոնեական սիրո վրա։

Մնում եմ աղոթող կրթության արդար մշակների համար, և հարգանք մատուցում բոլոր այն մարդկանց, որոնց ճշմարիտ ու անկեղծ մտահոգությունը բխում է աստվածավախ և ճշմարտասեր սրտից, ո՛չ թե միայն խոսքերով քրիստոնյա ներկայացողի մտքից։ Հիշենք, որ ուսուցչի, մանկավարժի, մտավորականի, պարզ քրիստոնյայի բարոյական պատասխանատվության զգացումը կոչված չէ՛ դրսևորվելու հանուն մարդահաճության և անձնական շահի, այլ՝ հանուն ճշմարտության ու հոգևոր արժեքների պահպանության, քանզի, ինչպես Աստվածաշունչն է ասում. «Արդարություն գործելը և ճշմարտություն խոսելն ավելի հաճելի է Տիրոջ առջև» (Առակաց 21։3)։

Տեր Հովսեփ քահանա Սարգսյան

Մասյացոտնի թեմի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031