Արտակ Բեգլարյանն արձագանքել է Դոնալդ Թրամփի կողմից Ալիևի տեսանյութի տարածմանը
Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը հուլիսի 22-ին պատասխան մեկնաբանություն է թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառման տակ, որով նա Truth Social հարթակում հրապարակել է Ադրբեջանի ցեղասպան բռնապետ Իլհամ Ալիևի ելույթից հատված:
Արտակ Բեգլարյանի պատասխանում, մասնավորապես, նշված է.
«Պարո՛ն Նախագահ,
Կարդացեք նաև
Խոր հարգանքով ստիպված եմ արտահայտել իմ ցավն ու մտահոգությունը կապված Ձեր որոշման հետ՝ տարածել մի տեսանյութ, որտեղ հանդես է գալիս Իլհամ Ալիևը՝ մեր ժամանակների ամենահանցագործ և բռնապետական առաջնորդներից մեկը։
Խնդրում եմ հաշվի առնել հետևյալ կարևոր փաստերը․
- Ալիևը իրականացրել է ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություններ՝ ուղղված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ քրիստոնյա հայ ժողովրդի դեմ՝ հանգեցնելով ավելի քան 100,000 մարդու բռնի տեղահանությանը 2023թ. սեպտեմբերին։ Այս գործընթացը լայնորեն ճանաչվել է որպես էթնիկ զտում։
- 2024թ. հոկտեմբերի 23-ին Դուք անձամբ այս գործողությունները անվանեցիք «էթնիկ զտում» և «բռնի տեղահանում»՝ խոստանալով քայլեր ձեռնարկել դրանց հետևանքները վերացնելու համար։ Այդ խոսքերը հաշվի առնելով՝ ո՞վ էր այդ հանցագործությունների իրականացնողը, եթե ոչ հենց այն մարդը, ում տեսանյութը Դուք հիմա տարածում եք։
- Ալիևը խոշտանգում է հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին՝ միայն նրանց ազգային և կրոնական ինքնության համար, ինչպես փաստագրված է միջազգային անկախ կազմակերպությունների կողմից։ Սրանք քաղաքական մեղադրանքներ չեն, այլ փաստագրված մարդու իրավունքների խախտումներ։
- Ալիևի հրամանով բազմաթիվ հայկական եկեղեցիներ և մշակութային հուշարձաններ ոչնչացվել, պղծվել կամ աղավաղվել են՝ նպատակ ունենալով վերացնել տարածաշրջանի բազմադարյա քրիստոնեական հայկական ժառանգությունը։
- Ալիևը հրապարակայնորեն կոչ է արել ադրբեջանցի երիտասարդներին ատել հայերին, կառուցել է գազանային «ռազմավարի պուրակ»՝ ծաղրելով զոհված հայ զինվորներին, և համակարգված կերպով ատելություն է սերմանում դպրոցներում և հանրային դիսկուրսում։
- Նրա զորքերը ոչ միայն գրավել են Արցախը, այլև ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք՝ բացահայտ սպառնալով նոր ագրեսիայով խաղաղ և ժողովրդավար հարևանի դեմ։
- 2020թ. հոկտեմբերի 26-ին Ալիևը Ձեր վարչակազմին խոստացավ հրադադար, սակայն ընդամենը ժամեր անց կոպիտ կերպով խախտեց այն՝ խափանելով խաղաղության Ձեր ջանքերը նախընտրական շրջանում։
- Ձեր տարածած ելույթը հնչեցվել է օկուպացված Շուշիում՝ Արցախի ամենասուրբ և պատմական հայկական քաղաքներից մեկում։ Տասնամյակներ շարունակ ԱՄՆ օրենսդիրները և վարչակազմերը ճանաչել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդ թվում՝ Շուշիում։
Պարո՛ն Նախագահ,
Որպես Ալիևի ցեղասպան գործողությունների զոհ և որպես իմ տեղահանված ժողովրդի ձայն՝ հարգանքով հորդորում եմ Ձեզ․ մի՛ լեգիտիմացրեք մի բռնապետի, որն անչափելի տառապանք և ավեր է հասցրել մի հին քրիստոնյա ազգի։
Փոխարենը խնդրում ենք՝ մնալ հավատարիմ Ձեր իսկ խոսքին՝ օգնելով դադարեցնել բռնությունը և էթնիկ զտումը։ Մեր ժողովուրդը շարունակում է հույս ունենալ, որ Միացյալ Նահանգները, և հատկապես Դուք, կկանգնեք արդարության, ազատության և ճշմարտության կողքին։
Մենք խնդրում ենք Ձեր աջակցությունը հետևյալ ուղղություններով՝
- Մեր ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձին մեր հայրենիք,
- Մեր վտանգված կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությանը,
- Ադրբեջանի բանտերում պահվող հայ պատանդների ազատմանը,
-
Ադրբեջանում պետական հովանավորչությամբ տարածվող հակահայ ատելության և ֆաշիստական քարոզչության վերացմանը։
Խնդրում ենք, թույլ մի տվեք, որ «խաղաղության» բռնապետական հռետորաբանությունը մթագնի մեր ժողովրդի իրական և շարունակվող ողբերգությունը»։