Բրիտանական Anglo Asian Mining ընկերությունը Արցախի Կաշենի հանքավայրում սկսել է պղնձի արդյունահանումը։ Հայաստանի բնապահպաններն այս գործարքի մանրամասներին դեռ չեն տիրապետում։ Բնապահպան Ինգա Զարաֆյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց՝ շատ հարցեր կան այս հանքի շահագործման հետ կապված, որոնք պետք է ուսումնասիրվեն։ «Կարեւոր է իմանալ՝ ՇՄԱԳ-ի ժամկետն անցե՞լ է, թե՞ ոչ։ Ես հիշում եմ, որ իրենց ՇՄԱԳ-ը շատ վաղուց էր տրվել։ Մենք պետք է դեռ ուսումնասիրենք այդ փաստաթղթերը՝ հասկանալու համար իրավիճակը»,- ասաց Ինգա Զարաֆյանը (լուսանկարում)։
Արցախում հանքարդյունաբերության ոլորտը զարգացած էր, եւ, ըստ Ինգա Զարաֆյանի, պարզ է, որ Ադրբեջանը չէր հրաժարվելու այդ հնարավորությունից եւ փորձելու էր շահագործել Արցախի հանքավայրերը։ «Բայց միաժամանակ մեղադրում են Հայաստանին, թե մտել է Արցախի տարածք եւ այնտեղ շահագործել են հանքեր։ Հարց է ծագում՝ հիմա ինչպե՞ս է Ադրբեջանը շահագործում այդ հանքերը, մենք չգիտենք։ Ես գիտեմ մեկ բան՝ հանքարդյունաբերության ոլորտը պատասխանատու է դարձնում միայն մեկ սկզբունքի կիրառում՝ ով աղտոտում է, պետք է վճարի աղտոտման համար։ Տնտեսական այս սկզբունքն աշխատում է զարգացած երկրներում։ Բայց մենք օրինակներով տեսել ենք, թե ինչ խախտումներով են Ադրբեջանում աշխատում հանքերը, որ նույնիսկ իր բռնապետական ռեժիմի պայմաններում մարդիկ դուրս են գալիս ակցիաների»,- նշեց նա։
Հարցին, թե Հայաստանի բնապահպանները ինչո՞ւ մեծ աղմուկ չեն բարձրացնում Արցախի տարածքում հանքերի շահագործման հարցով, Ինգա Զարաֆյանը պատասխանեց․ «Ով մեղադրում է բնապահպաններին, թող իմանա՝ բնապահպաններն իրենց գործով են զբաղված, միջազգային տարբեր հարթակներում ներկայացնում են Հայաստանի բնապահպանական շահերը»։
Վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները Հայաստանին բնապահպանական բնույթի տարբեր մեղադրանքներ են ներկայացնում։
Կարդացեք նաև
2023 թվականի հուլիսի Հայաստանի հասարակական կազմակերպությունները հանդես էին եկել հայտարարությամբ՝ ի պատասխան ադրբեջանցի «բնապահպանների» այն հայտարարության, թե «Հայաստանը խախտում է Էսպոո (Espoo) կոնվենցիայի դրույթները»: 2023թ. հուլիսին Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպանները» նաեւ նամակ էին հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «հանքարդյունաբերական ձեռնարկությունների շահագործման պատճառով Հարավային Կովկասի տարածաշրջանում բնապահպանական կայունության խախտման մասին»։
Ի պատասխան հայ բնապահպաններն իրենց հայտարարության մեջ բազմաթիվ փաստեր էին ներկայացրել, թե ինչ բնապահպանական խախտումներ է թույլ տալիս Բաքուն եւ ահազանգել էին, որ Ադրբեջանի նավթագազային արդյունաբերությունը զգալի վտանգ է ներկայացնում Կասպից ծովի ավազանի երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Թուրքմենստանի եւ հենց Ադրբեջանի համար։
Բնապահպան Ինգա Զարաֆյանը տարբեր ժամանակահատվածներում ուսումնասիրել է Ադրբեջանի քաղաքականությունն այս ոլորտում։ «Մենք ուսումնասիրել ենք Ադրբեջանի գործունությունը, հիմնականում պարզել ենք, թե ինչ խախտումներ կան նավթագազային ոլորտում, որովհետեւ Կասպից ծովը միայն Ադրբեջանին չի պատկանում։ Ադրբեջանում, որտեղ նավթարդյունաբերությունը տնտեսության առանցքային ճյուղերից է, բնապահպանական մարտահրավերներն օր օրի ավելի են խորանում։ Հասկանում ենք, որ այնտեղ շատ լուրջ խախտումներ կան, եւ քանի որ Ադրբեջանում չկա անկախ քաղհասարակություն, այդ խնդիրների մասին քիչ է բարձրաձայնվում։ Հանքարդյունաբերության ոլորտն այնտեղ ամենաշատ խախտումներ արձանագրած ոլորտն է»,- ասաց նա։
Ինգա Զարաֆյանը նախկինում նաեւ ահազանգել էր, որ Ադրբեջանում օրհասական ու չափազանց մտահոգիչ է քաղցրահամ ջրերի՝ գետերի եւ լճերի աղտոտման աճող տեմպը։ Այս երեւույթը լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն երկրի ներքին էկոհամակարգի, այլ տարածաշրջանի բնապահպանական կայունության համար։
Ադրբեջանի տարածքում գտնվող լճերի եւ գետերի սանիտարական վիճակն անմխիթար է: Պատասխանատու մարմինները ոչ մի քայլ չեն ձեռնարկում ջրային ավազաններում սանիտարական պայմանների ապահովման համար։ Վերջիններիս անգործության և թողտվության պատճառով լճեր ու գետեր է թափվում մեծ քանակությամբ կենցաղային եւ շինարարական աղբ:
Ադրբեջանը նաեւ բնապահպանական խնդիրներ է ստեղծում հենց Հայաստանի Հանրապետության տարածքում։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ բռնազավթվել են նաեւ ՀՀ տարածքները։ Ջերմուկի վարչական տարածքում հրետակոծության հետեւանքով հրդեհված անտառային տարածքներում բնությանը մեծ վնաս էր հասցվել։
Ապօրինաբար ներխուժելով Սյունիքի մարզ՝ Ադրբեջանը Շիկահողի արգելոցում անօրինական կերպով 60 հա անտառ է հատել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ