Լրահոս
Օրվա լրահոսը

Աղամալյան-Վասիլևա զույգի յուրաքանչյուր ներկայացում դրամատիկորեն ստուգված ու բեմադրված իսկական թատրոն է

Հուլիս 23,2025 15:53

Սպորտային-պարահանդեսային պարերի Աշխարհի երկակի և Եվրոպայի եռակի պարերի վերջին տասնհինգ տարիների համաշխարհային ամենաբարձրակարգ մրցումների ամենաբարձր նվաճումները ստացել է ռուսաստանաբնակ Արսեն Աղամալյան և Օկսանա Վասիլևա ամուսնական ու միաժամանակ ամենաինքնատիպ պարային զույգը, որ զարդարում են ամենատարբեր ձևաչափերով անցկացվող ժամանակակից պարերի միջազգային միջոցառումները, իսկ հանդիսատեսը ամեն անգամ սպասում է ստեղծագործական այնպիսի նոր լուծումների, ինչը կարողանում է ներկայացնել միայն այս զույգը:

Աշխարհի երկակի և Եվրոպայի եռակի չեմպիոններին արևմտյան մամուլը ներկայացնում է հետևյալ բնորոշումներով` ամենաթատերական կոմպոզիցիաների բեմադրիչներ, ամենաարտիստական կատարումների մասնագետներ, վիրտուոզ պարողներ, աշխարհաքաղաքացի զույգ և այլն:

Եթե այս զույգի կենսագրությունը, անցած ու ներկայիս ստեղծագործական ուղին երբևէ ֆիլմի սցենարի վերածվի, այն կդառնա հետաքրքիր ու դիտարժան, իսկ ֆիլմը կհայտնվի կինոփառատոների առաջին հորիզոնականներում:

Ի դեպ, մի առանձին կինոսցենար էլ կարելի է գրել մեր համերկրացու` Արսեն Աղամալյանի կյանքի ու գործունեության մասին, որպես բացառիկ ստեղծագործական միջազգային ճանապարհ անցած և տարբեր երկրների քաղաքականությունների մեջ «տապակվող», բայց հաղթանակող արվեստագետի:

Օրերս Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Ադամ և Եվա. Կյանքը դրախտից հետո» պարային – պոետիկ ներկայացմամբ, հայաստանցի հանդիսատեսին առաջին անգամ ներկայացավ սպորտային-պարահանդեսային պարերի ոլորտում ճանաչում ձեռք բերած Արսեն Աղամալյան և Օկսանա Վասիլևա զույգը:

Իսկ հիմա, սցենարի ձևաչափով, փորձենք ներկայացնել այս պարային զույգի կյանքի ուղին` ծնունդից մինչ օրս:

Այսպես. Արսեն Աղամալյանը ծնվել է Բաքվում: Արսենը փոքրուց տարված էր նաև պոեզիայով: Նա կարդում էր Բրոդսկի, Եվտուշենկո, Մարկ Տվեն… Երբ նա տարրական դասարանի աշակերտ էր, հայրն իր ընտանիքը տեղափոխում է Լեռնային Ղարաբաղ: Նրանք բնակություն են հաստատում Ստեփանակերտում և տղան ուսումը շարունակում է տեղի թիվ 8 դպրոցում, որը տղայի հիշողություններում հրաշալի կրթօջախ էր: Այստեղ ապրելու տարիներին նախկինում ֆուտբոլի մարզիչ Արսենի հայրը` Գարիկ Աղամալյանը ստանձնում է Մարտակերտ քաղաքի ոստիկանական բաժանմունքի պետի պաշտոնը:

Ղարաբաղում իրավիճակը խաթարվելուց հետո ազգությամբ ռուս Արսենի մայրը` տիկին Նադեժդան, որը մարմնամարզուհի էր, որոշում է կայացնում և երեխաների հետ տեղափոխվում Ռուսաստան` հարազատների մոտ: Հայրն, իհարկե, ծանր վիճակի մեջ է ընկնում` ինչպես թողնել հայրենիքը, սակայն ընտանիքը պահպանելու համար նա նույնպես որոշում է կայացնում տեղափոխվել Տվեր քաղաք:

Սկզբնական շրջանում ընտանիքը կարիքի մեջ է հայտնվում: Ծնողներին օգնելու նպատակով 12 տարեկան Արսենն ու իր քույրը, որը 10 տարեկան էր, որոշում են փոքր-ինչ գումարային օգնություն ցուցաբերել ծնողներին ու այդ նպատակով սկսում են թերթեր վաճառել: Հետագայում Արսենի հայրը դառնում է փոխգնդապետ…

Որդին հիշողություններում նշում է, որ հայրը կնքելով իր վաղաժամ մահը` ընդամենը 56 տարեկան, ցավոք չկարողացավ ու չտեսավ իր չեմպիոնական տիտղոսներից ոչ մեկը: Երբ Արսենը 16 տարեկան էր, համայնքային կենտրոնում ականատես է լինում մի զույգի, որը պարահանդեսային պարեր էր պարում, իսկ ինքը նույնիսկ չգիտեր թե ինչ է պարահանդեսային պարը: Նա 11-րդ դասարանում էր սովորում, երբ առաջին անգամ իմացավ ռիթմիկա առարկայի մասին: Այսպիսով, սկիզբ դրվեց տղայի կյանքում սերը դեպի պարահանդեսային պարերի աշխարհ: Պարն ամբողջությամբ գրավեց Արսենի սիրտը և նա անընդհատ ինչ-որ դահլիճ էր գտնում պարելու համար:

Այս ամենը հակադրվում էր հոր նպատակներին ու երազանքներին, քանի որ նա երազել էր, որ որդին ընդունվի ու սովորի իրավաբանական ֆակուլտետում: Իսկ Արսենը օգտվելով տեսաերիզներից, սովորում էր պարային բազմաթիվ ու բազմատեսակ շարժումներ: Երկու տարի անց նա արդեն դարձել էր Տվերի մարզի չեմպիոն:

Նշենք, որ երիտասարդը նաև ընդունվել էր իրավաբանական ֆակուլտետ, բայց չէր սովորում և իրեն հեռացրել էին համալսարանից: Պարն էր նրա կյանքի կոչումը: Իսկ ճակատագիրը երիտասարդին նվերներ էր պատրաստել: Գերազանցությամբ հանձնելով բոլոր քննությունները՝ ընդունվում է ԳԻՏԻՍ, սովորում պրոֆեսոր Միխայիլ Բորիսովի արվեստանոցում, որն էլ բացահայտում է Արսենի դերասանական, ռեժիսորական տաղանդը:

Եվ հենց այստեղ նա հանդիպում է իր հավատարիմ զուգընկերոջը, ինչպես պարահրապարակում ու թատերական բեմում, այնպես էլ կյանքում: Հետագայում զուգընկերը` Օկսանան Արսենին պարգևում է երկու հրաշք երեխաներ: Մի որոշ ժամանակ անց Օկսանան թողնում է պարը, ընդունվում բժշկական ակադեմիա, որն ավարտում է գերազանցությամբ: Սակայն Արսենը, որպես պարի զուգընկեր, մշտապես նախընտրում էր Օկսանային և չէր սխալվում, վերջինս ծնվել էր պարարվեստի համար: Վերջապես նրանք կազմում են զույգ և սկսում մարզվել: Այս ժամանակահատվածում մասնակցում են միջազգային մրցույթների և փառատոների Անգլիայում, Հոլանդիայում և այլուր:

Մոռացանք նշել, որ Օկսանան բժշկի իր մասնագիտությունը (ստոմատոլոգ) ստացել է Վիեննայում և զուգահեռ երբեք չի թողել պարը, դառնալով Եվրոպայի և աշխարհի չեմպիոն: Ամուսինների մասին հետագայում, եվրոպական մամուլը պետք է գրեր, որ Աղամալյան-Վասիլևա զույգի յուրաքանչյուր ներկայացում դրամատիկորեն ստուգված ու բեմադրված իսկական թատրոն է:

Այս զույգն առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ «Ռոմեո և Ջուլիետ»-ով, այնուհետև ստեղծվեցին շատ բեմադրություններ նույնպես, այդ թվում հանրահայտ ու սիրված «Կարմեն»-ը: Արսենի հավաստմամբ` իրենց զույգի հաջողություններում մեծ է պարահանդեսային պարերի լեգենդ, Ռուսաստանի պարային միության ղեկավար Ստանիսլավ Պոպովի ներդրումը: Իսկ պարահանդեսային պարերի աշխարհը շատ բարդ է: Սա արվեստից բացի սպորտ է` արվեստի ու սպորտի սինթեզ:

Երբ Արսենի և Օկսանայի որդին 8 ամսական էր, նրանք երկրորդ անգամ դարձան աշխարհի չեմպիոններ, ներկայացնելով «Ադամն ու Եվան» պարային-պոետիկ ներկայացումը:

Ամուսնական այս զույգը կյանքը դիտում է որպես պար, որպեսզի այն լինի նույնքան պայծառ, որքան պարը` կրքոտ, դինամիկ ու ռիթմիկ, հույզերի ու սիրո միաձուլում: Անկասկած, գեղեցիկ պարերի հետևում թաքնված են բազում չարչարանքներ, քրտնաջան աշխատանք… Արսեն Աղամալյան- Օկսանա Վասիլևա զույգի պատկերացումներում ոչ թե գեղեցկությունը, այլ սերը կփրկի աշխարհը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում` Արսեն Աղամալյան Օկսանա Վասիլևա սպորտային-պարահանդեսային պարային զույգը Երևանի օպերային թատրոնում

Լուսանկարները` Դավիթ Ջոթյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031