Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտահոգիչ է 18-35 տարեկանների շրջանում ԵՄ կողմնակիցների ցածր տոկոսը, սա քաղաքական դաշտից օտարված լինելու հետեւանք է»․ Արման Բաբաջանյան

Հուլիս 23,2025 16:38

Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտության տվյալներով՝ հանրաքվեի դեպքում ԵՄ անդամակցությանը կողմ կքվեարկի հայաստանցիների 49 տոկոսը, դեմ 15-ը։ Եվս 31 տոկոսը նշել է, որ քվեարկությանն ընդհանրապես չէր մասնակցի։ Նախորդ տարվա սեպտեմբերին անցկացված հարցման համեմատ՝ ԵՄ անդամակցության կողմնակիցների թիվը Հայաստանում նվազել է 9 տոկոսով. նախորդ տարվա սեպտեմբերին ԵՄ անդամակցությանը կողմ էր քվեարկել հարցվածների 58 տոկոսը։

Հետաքրքիր է նաեւ այն, որ մեծահասակներն ավելի շատ են կողմ քվեարկել ԵՄ անդամակցությանը, քան երիտասարդները։ Այսպես, հարցմանը մասնակցած 18-35 տարեկանների 42 տոկոսն է կողմ քվեարկել ԵՄ անդամակցությանը, 36-55 տարեկանների 46 տոկոսն է կողմ քվեարկել, իսկ 56+ տարիքային խմբում կողմ է քվեարկել 60 տոկոսը։

Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր, «Եվրաքվե» նախաձեռնության անդամ Արման Բաբաջանյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ԵՄ անդամակցությանը կողմ անձանց թիվը նվազում է։ Բաբաջանյանն ասաց, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) վերջին հարցման արդյունքները բնականաբար պարտադրում են քաղաքական լուրջ դիտարկում։

«Հարցման տվյալները փաստում են, որ 2024 թվականի սեպտեմբերից ի վեր Եվրամիությանը Հայաստանի անդամակցության կողմնակիցների թիվը նվազել է՝ 58 տոկոսից հասնելով 49 տոկոսի, իսկ երիտասարդների շրջանում՝ ընդամենը 42 տոկոս։ Սա ոչ թե թվային մի փոքր տեղաշարժ է, այլ քաղաքական եւ տեղեկատվական դաշտում խորացող համակարգային ճգնաժամի արտահայտություն է։

Այս ցուցանիշի նվազումը պայմանավորված է միաժամանակ երեք առանցքային հանգամանքով։ Առաջին, մենք գործ ունենք հետևողական, կազմակերպված եւ պետականորեն չզսպվող հակաարեւմտյան քարոզչության հետ, որի դաշտում գործում են ոչ միայն օտարերկրյա ազդեցության գործակալներ, այլեւ ներսից խրախուսվող դերակատարներ՝ պետական պաշտոնյաներից մինչեւ առանձին մեդիա հարթակներ։ Այս քարոզչությունն այսօր արդեն ոչ թե պարզապես կասկած է սերմանում ԵՄ-ի հանդեպ, այլ ձեւավորում է մի կեղծ օրակարգ, ըստ որի՝ ԵՄ ինտեգրացիան հակասում է Հայաստանի անվտանգությանը։ Սա խեղաթյուրված մտածողություն է, որը հենվում է Ռուսաստանի շահերից բխող թեզերի վրա»,- ասաց նա։

Երկրորդ պատճառը, ըստ Բաբաջանյանի, այն է, որ գործող իշխանությունը չի իրականացրել արդյունավետ հանրային քաղաքականություն ԵՄ անդամակցության գործընթացի ուղղությամբ։ Բացակայում է ոչ միայն ռազմավարական հաղորդակցությունը, այլեւ ինստիտուցիոնալ լրջությունը։ Երբ ԵՄ անդամակցությունն առաջ չի տարվում ոչ որպես օրակարգային նպատակ, ոչ որպես ինստիտուցիոնալ գործընթաց, բնական է, որ քաղաքացիները կկորցնեն վստահությունը եւ կդառնան խոցելի ապատեղեկատվության հանդեպ։

«Երրորդ, երկրում խորացող սոցիալ-տնտեսական դժգոհությունն ու անվտանգության հարցում անհասկանալիությունը բերում են կարճաժամկետ ռեակցիաների։ Մարդիկ, ովքեր առօրեական խնդիրների մեջ խեղդվում են, դժվարությամբ են ընկալում ԵՄ անդամակցության միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարները։ Սա պահանջում է ոչ թե ընդհանրական խոստումներ, այլ հաշվարկված, հստակ քայլեր՝ ապագայի հանդեպ վստահություն սերմանելու համար»,- հավելեց նա։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ երիտասարդների շրջանում ավելի քիչ են կողմ քվեարկել ԵՄ անդամակցությանը, քան մեծահասակները, Արման Բաբաջանյանը պատասխանեց, որ հատուկ մտահոգություն է առաջացնում 18-35 տարեկանների շրջանում ԵՄ կողմնակիցների ցածր տոկոսը։ Այս խմբի դեպքում խոսքը ոչ թե անտարբերության, այլ ուղղակի քաղաքական դաշտից օտարված լինելու հետեւանք է։

«Այսօր Հայաստանում չկա համակարգված քաղաքական կրթություն, չկա պետական հովանավորչությամբ իրականացվող հանրային դիսկուրս, որը կսերմաներ ժողովրդավարական արժեքների հանդեպ հետաքրքրություն։ Երիտասարդները հայտնվել են անորոշության եւ հիասթափության միջավայրում, որտեղ պետական քաղաքականությունը հստակ ուղերձներ չի փոխանցում, իսկ հակապետական քարոզչությունն առավել ագրեսիվ է։ Եթե մենք ուզում ենք ունենալ եվրոպական Հայաստան, ապա պետք է սկսենք հենց այդ երիտասարդներից՝ նրանց մեջ խթանելով քննադատական մտածողություն, քաղաքական մասնակցություն եւ վստահություն ապագայի հանդեպ։ Հանրային այս տրամադրությունները վկայում են, որ Հայաստանը հայտնվել է ուղենշային ընտրության պահի շեմին։ Ապագայի մոդելը ձեւակերպելու պատասխանատվությունը չի կարող միայնակ կրել որեւէ իշխանություն կամ կուսակցություն։ Այս հարցը ներառում է պետական կամք, հանրային հասունություն, պատասխանատու քաղաքական ուժերի ներգրավվածություն եւ միջազգային գործընկերների հետ խորքային համագործակցություն»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031