1998-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության համար կալանավորված ու ինը ամիս անց ազատ արձակված Սասուն Առուշանյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Aravot.am-ին ասաց նրա պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն 2025 թվականի հուլիսի 18-ին հայտարարեց, որ բացահայտվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը: Ինչից հետո մամուլը գաղտնազերծեց Ս. Ա-ի ինքնությունը՝ Սասուն Առուշանյան՝ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիկնազորի պետ:
-Չնայած նրան, որ մենք մեղադրանքը չենք ընդունում, իր հարազատները չեն ուզում, որ հանդես գամ լրատվամիջոցներով: Դրա համար կարող եմ միայն ասել, որ մեղադրանքը չենք ընդունում ու այն հայտարարությունը, որ բացահայտված է, ցավում եմ, բայց բացահայտված չէ: Լինելով հայ, ոչ թե որպես պաշտպան եմ ասում, մեծ ցանկություն ունեմ, որ Խորխոռունու սպանությունը բացահայտվեր, բայց մեր համոզմամբ բացահայտված չէ,- ասաց պաշտպանը:
Մեր զրուցակիցը պնդեց, որ Արցախի ոչ մի հետք չկա սպանության կատարման առումով: Ըստ նրա՝ իր պաշտպանյալը դեռ 1998-ի սեպտեմբերին էր ազատվել Բաբայանի թիկնազորի պետի պաշտոնից. «Սա էլ ասում եմ նրա համար, որովհետեւ վերջերս շատ են ակնարկում Արցախ, Արցախ, բայց պարզապես ասեմ, որ Արցախի հետք բացարձակապես չկա»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, 1998-ին էլ, երբ առաջին անգամ Առուշանյանին կալանավորեցին, նրա մեղավորությունը չի ապացուցվել, դա է պատճառը եղել, որ 9 ամիս անց կալանքից ազատ է արձակվել. «Ակնհայտ սուտ է, նրա մեղավորությունն ապացուցված չի եղել ու ապացուցված չէ: 100 տոկոս ինքը մասնակից չէ սպանությանը, դրա կազմակերպմանը, ոչ մի բանի»:
Այլ հարցերի պարոն Մարտիրոսյանը չպատասխանեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ