Սույն թվականի հուլիսի 22-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) տեղի ունեցավ «Լուծումներ համագործակցության միջոցով» խորագրով «Գոտի և ճանապարհ» թանգարանային միջազգային կոնֆերանսը։ Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ-ի, Իտալիայի, Իրանի, Հայաստանի, Չինաստանի, Սերբիայի, Վրաստանի, գիտական, մշակութային, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ։
Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը։ «Այս գիտաժողովը բացառիկ հարթակ է՝ համախմբելու աշխարհի տարբեր երկրների թանգարանային և մշակութային ժառանգության ոլորտի փորձագետներին, քննարկելու այսօրվա լուրջ մարտահրավերները՝ թվայնացումից և հանրային ներգրավումից մինչև կլիմայական փոփոխությունների ազդեցությունը մշակութային արժեքների պահպանման վրա։ Սակայն այս մարտահրավերները նոր հնարավորությունների դուռ են բացում՝ նորարարական մոտեցումների, փորձի փոխանակման և լայնածավալ համագործակցության շնորհիվ», – ասաց ՀՀ ԳԱԱ փոխնախագահը։
Նա նշեց, որ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության համատեքստում մշակութային կապերն ունեն առանձնահատուկ նշանակություն։ «Մեր առջև ծառացած խնդիրներին կարող ենք դիմագրավել՝ միայն միավորելով ուժերը, կիսելով լուծումները և ստեղծելով միջմշակութային երկխոսության նոր կամուրջներ։ Թանգարանները դառնում են ոչ միայն պատմության վկաներ, այլև ապագայի կառուցման կարևոր գործիք։ Համոզված եմ, որ այս գիտաժողովը կնպաստի պրոֆեսիոնալ կապերի ամրապնդմանը, սկիզբ կդնի նոր ծրագրերի, հետազոտական նախաձեռնությունների, համատեղ ցուցահանդեսների իրականացմանը», – ասաց Պավել Ավետիսյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Լիլիթ Պողոսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես կարևորել է մշակութային ժառանգության պահպանությունը և այս համատեքստում միջազգային համագործակցությունը։ «Մենք հավատում ենք, որ երկխոսության, գիտելիքի փոխանակման և փոխադարձ հարգանքի միջոցով կարող ենք ամրապնդել թանգարանային համայնքը։ Թանգարանները, որպես կրթության, երկխոսության և հիշողության հարթակներ կարևոր նշանակություն ունեն մարդկանց ու հասարակությունների կյանքում՝ կարևորելու անցյալը, արժևորելու, ինչպես նաև և հասկանալու ներկան ու ապագան։ Նախարարության անունից պետք է ասեմ, որ խրախուսվում է համագործակցության, նոր կապերի ստեղծման կարևորությունը։ Հենց այս փոխադարձ համագործակցության մեջ է առաջընթացի բանալին», – ասաց Լիլիթ Պողոսյանը։
Կարդացեք նաև
Ելույթներով հանդես եկան ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արմեն Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, Չինաստանի Հունան նահանգի Մշակութային ժառանգության վարչության հնագիտության բաժնի վարիչի տեղակալ, ավագ գիտաշխատող Հե Չունփին, Հայ-չինական գործընկերության կենտրոնի նախագահ Արմեն Մխիթարյանը։ Նրանք ընդգծեցին գիտական համագործակցության, տեխնոլոգիական նորարարությունների կարևորությունը մշակութային կապերի ամրապնդման գործում, թանգարանների՝ որպես մշակութային արժեքների պահպանման, գիտակրթական գործունեության և հանրության հետ երկխոսության կարևոր օջախների դերն ու նշանակությունը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին երկու տասնյակ զեկուցումներ՝ նվիրված թանգարանային ոլորտում նորարարական մոտեցումներին, արհեստական բանականության ստեղծած հնարավորություններին և մարտահրավերներին, թանգարանների դերին գեոտուրիզմի զարգացման գործում, պատմամշակութային հնավայրերի թանգարանացման խնդիրներին, Հայաստան–Չինաստան հարաբերություններին, Մետաքսի ճանապարհի ընթացիկ հնագիտական ուսումնասիրություններին ու համագործակցության հեռանկարներին։
Կոնֆերանսը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ն, Հայաստանի պատմության թանգարանը և «Գոտի և ճանապարհ» մշակութային զարգացման ասոցիացիան:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին