Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Սարգսյանը Վրաստան այցի ընթացքում քննարկել է նաև երկու երկրների ՆԳՆ կրթական հաստատությունների միջև փոխգործակցության զարգացման վերաբերյալ հարցեր

Հուլիս 23,2025 17:37

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Հայաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է Վրաստանի ՆԳՆ «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոն։

Վրաստանի ՆԳ փոխնախարարներ Գիորգի Բութխուզիի և Ալեքսանդրե Դարախվելիձեի ուղեկցությամբ Արփինե Սարգսյանն ու ՆԳ նախարարության պատվիրակության անդամները շրջել են կենտրոնում։ Կենտրոնի տնօրեն Գիորգի Արսոշվիլին մանրամասն ծանոթացրել է կենտրոնի հիմնական գործառույթներին, ենթակառուցվածքներին, ներկայացրել է ճգնաժամային իրավիճակներում իրականացվող գործողությունները։

Պատվիրակության անդամներին ներկայացվել են նաև ճանապարհային երթևեկության տեսալուսանկարահանման ու ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով կիրառվող էլեկտրոնային մոնիթորինգի համակարգերի աշխատանքը։

Նույն օրը Հայաստանի պատվիրակությունը այցելել է նաև Վրաստանի ՆԳ նախարարության ակադեմիա։ Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Շալվա Թադումաձեն և ակադեմիայի ռեկտոր Լելա Չիկովանին ներկայացրել են ուսումնապրոցեսի մանրամասները։
Պատվիրակության անդամները հետևել են դասախոսություններին և ցուցադրական պարապմունքներին։

Այցի ընթացքում քննարկել են երկու երկրների ՆԳ նախարարությունների կրթական հաստատությունների միջև փոխգործակցության զարգացման ու համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև կրթության և մասնագիտական վերապատրաստման ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման ու փորձի փոխանակման հնարավորությունները։

Հունիսի 22-ին նախարար Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արդարադատության նախարարության Հանրային ծառայությունների կենտրոն։ Տնօրեն Վախթանգ Ժվանիան ներկայացրել է պետական ծառայությունների մատուցման վրացական մոդելը։

Պատվիրակության անդամները շրջել են տարածքում, ծանոթացել նորարարական ծրագրերին և տեխնոլոգիական լուծումներին, ինչպես նաև շարժական ծառայություններին, ինչը հասանելի է երկրի ողջ տարածքում՝ 125 մասնաճյուղերի միջոցով։

Նույն օրը Հայաստանի պատվիրակությունն այցելել է պարեկային ոստիկանության վարչություն, ծանոթացել իրականացված բարեփոխումներին և ապագա ծրագրերին։

Փոխնախարար Դարախվելիձեն և վարչության ղեկավար Լևան Մայսուրաձեն տեղում ներկայացրել են ծառայության հիմնական գործառույթները, ծանոթացրել ավտոպարկին ու Միասնական սպասարկման կենտրոնին, որտեղ քաղաքացիներին ծառայությունները մատուցվում են «մեկ պատուհանի» սկզբունքով։

Վրաստանի ՆԳՆ ծառայությունների գործակալությունում՝ նախարար Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է տրանսպորտային միջոցների հաշվառման ու համարանիշների թողարկման գործընթացներին, ինչպես նաև վարորդական իրավունքի տեսական ու գործնական քննությունների անցկացման կարգին։

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպումների համար՝ ընդգծելով երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցության կարևորությունը՝ որպես երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ամրապնդող գործոն։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031