Լրահոս
Օրվա լրահոսը

Ու քանի որ հայտարարել եմ, որ առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, ուրեմն համապատասխանում եմ այդ չափանիշներին. Նիկոլ Փաշինյան

Հուլիս 23,2025 17:34

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ծրագիր է ներկայացրել, թե ինչպես է փորձելու Ն.Ս.Օ.Տ.Տ.  Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Բ-ին դուրս բերել վեհարանից:

Նա մասնավորապես գրել է. «Ազատում ենք վեհարանը։ Որեւէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական տեղապահ, ով, բնականաբար, չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։

Կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոց»–ի հիման վրա չի հաստատվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագիրքը, որը կլինի աշխարհաբար, համառոտ եւ բոլորին հասկանալի փաստաթուղթ (ներկայումս «Կանոնագիրք հայոց»–ի հատորյակների աշխարհաբար տարբերակ չկա, եւ նրա մեջ ներառված հազարավոր կանոնները ձեւավորվել են 17 դարերի ընթացքում եւ այս փաստի բերումով հավատավոր հոտը, նույնիսկ բազմաթիվ հոգեւորականներ Կանոնագրքի հետ չեն հաղորդակցվում, չգիտեն նրանում սահմանված կանոնները եւ այսպիսով Կանոնագրքի կիրառական նշանակությունը էականորեն տուժում է)։

Կանոնագիրքը հաստատելուց հետո պետք է տեղի ունենան Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ, որի ընթացքում Կաթողիկոսի բոլոր թեկնածուների բարեվարքությունը ստուգված կլինի։

Ընդ որում, Կաթողիկոսի թեկնածուների բարեվարքության ստուգման, թեկնածուների համապատասխանության, ընտրությունների անցկացման ընթացակարգերը պետք է հաստատվեն Կանոնագրքով, որը պիտի ընդունվի Ազգային եկեղեցական ժողովի կամ համարժեք որեւէ ձեւաչափով։

Հիմա, «Վեհարանը վեհի՛» շարժման մասին։ Այն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդների շարժում է։ Այստեղ խնդիրն այն է, որ հրապարակներում կամ սոցիալական ցանցերում հանդես եկող որեւէ մեկի դավանական պատկանելությունը չենք կարող ստուգել կամ որեւէ մեկին չենք կարող արգելել հրապարակ գալ, կամ հանդես գալ որեւէ դիրքորոշմամբ։ Բայց Շարժումը առաջնորդողները պետք է համապատասխանեն նախկինում բարձրաձայնված հետեւյալ չափանիշներին․

ա) լինեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդներ (մկրտված լինեն Հայ Առաքելական Եկեղեցում);

բ) իրենց ամբողջ հոգով հավատան մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին;

դ) գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը;

ե) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահած լինեն Մեծ պահքը;

զ) ամեն օր աղոթող լինեն;

է) հավատան, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից եւ համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։

Իհարկե, այս չափանիշների մի մասին համապատասխանությունը էմպիրիկ եղանակով ստուգելը հեշտ չի լինի, բայց այստեղ էլ գործում է հաղորդակցության մեջ ստուգման տրամաբանությունը, որը լիարժեք իրագործելի է։

Հասկանալի է նաեւ, որ հայտարարելով, որ ես առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, նախ ինքս պիտի համապատասխանեմ բոլոր չափանիշներին։

Ու քանի որ հայտարարել եմ, որ առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, ուրեմն համապատասխանում եմ այդ չափանիշներին։

Հասկանում եմ նաեւ, որ վերը նշված չափանիշներով էականորեն դժվարացնում եմ շարժման առաջնորդության ձեւավորումը։ Բայց դա անհրաժեշտ է օրակարգի առաջին հերթին հոգեւոր լինելուց չշեղվելու համար, իսկ մեր տեր Հիսուս Քրիստոսը սովորեցնում է․ «Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն» (Մատթ․ 7․ 13-14):

Հ․Գ․ Նորոգման օրակարգը որեւէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես կրոնապետության ակնարկ։ Այն որեւէ քաղաքացու՝ որեւէ ազատություն չի սահմանափակելու եւ չի կարող սահմանափակել։ Բայց դրանով հանրությունը պետք է նաեւ շատ հստակ ուղերձ հղի, որ պետական, եկեղեցական, քաղաքական առաջնորդներից այդ թվում անձնական եւ հանրային կյանքի լիարժեք հաշվետվողականության իրավունք ունի։ Ովքեր վստահ չլինեն այս հարցում, թող ոչ հոգեւոր, ոչ քաղաքական առաջնորդության հայտ չներկայացնեն»:

Նկարները տարածվել են 2018 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    ․․․Հետագայում նկարագրելով իր գժանոցում լինելը, Շվեյկը բացառիկ գովեստով էր խոսում այդ հաստատության մասին։
    – Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե այդ գժերն ինչո՞ւ են զայրանում, որ իրենց պահում են այնտեղ։ Այնտեղ մարդ կարող է հատակին տկլոր սողալ, չախկալի պես կաղկանձել, դիվոտել ու կծել։ Եթե մեկնումեկը նույնն աներ փողոցում, անցորդները զարմացած կմնային, իսկ այնտեղ դա սովորական բան է։ Այնտեղ այնպիսի ազատություն է, որ սոցիալիստներն իսկ չեն երազել։ Այնտեղ մարդ կարող է իրեն համարել և՛ աստված, և՛ Մարիամ աստվածածին, և՛ հռոմի պապ, և՛ Անգլիայի թագավոր, և՛ թագավոր կայսր, և՛ սբ. Վացլավ, ըստ որում վերջինս շարունակ կապկպված պառկած էր մեկուսարանում։ Այնտեղ կար այնպիսի մեկը, որ գոռում էր, թե ինքը արքեպիսկոպոս է, և ոչինչ չէր անում, միայն խժռում էր, և, կներեք, մի այնպիսի բան անում, որ հանգավորվում է «խժռել» բառի հետ, քանզի այնտեղ ոչ ոք չէր ամաչում այդ բանն անելուց։ Իսկ մի ուրիշն իրեն միանգամից համարում էր սուրբ Կիրիլ և Մեֆոդի, որպեսզի երկու ճաշաբաժին ստանար․․․
    Յարոսլավ Հաշեկ, Քաջարի զինվոր Շվեյկի արկածները, Մասն առաջին, Շվեյկին գժանոցից վռնդում են

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031