Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի ամիս արհեստական ձգձգումներից հետո կառավարությունը կնահանջի, քանի որ իրականում այլ տարբերակ չկա»․ տնտեսագետը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ միջազգային դատարանի միջանկյալ որոշման առիթով

Հուլիս 23,2025 18:15

«Մի քանի ամիս արհեստական ձգձգումներից հետո կառավարությունը կնահանջի, քանի որ իրականում այլ տարբերակ չկա»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, իրավագիտության թեկնածու, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ 2025-ի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) նշանակած հրատապ արբիտրաժը ՀՀ-ին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից։

Ըստ Նաիրի Սարգսյանի՝ պետության գործողությունները ոչ իրավաչափ են։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության՝ վճռի վերաբերյալ տարածած հայտարարությամբ ամրագրված է․ «Հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը»։

Նաիրի Սարգսյանը նշեց․ «Այդ իրավական ընթացակարգի մեջ առանց նույնիսկ մտնելու ակնհայտ երևում է, որ չկան իրավական ամբողջ պահանջվող փաստաթղթերը՝ գոնե ձևական առումով, որի հիման վրա իրավունք ունենային վարույթ հարուցելու և կառավարիչ նշանակելու։ Եվ քանի որ դատարանը դա գնահատել է և վճիռը կայացրել, իսկ այն ենթակա է անհապաղ կատարման, կառավարությունը քաղաքական դրդապատճառներով ուղղակի չի կարող իրեն թույլ տալ գնալ անմիջապես իր կառավարիչին հեռացնելուն։ Հետևաբար կառավարության հակադարձումը հենց պետք է լինի այդպիսի մանիպուլյատիվ դաշտում, որպեսզի հիմքեր ստեղծի մի քանի ամիս ձգելու»։

Թե միջանկյալ վճիռն ինչ հետևանք է առաջացնում, տնտեսագետն այս առումով ասաց․ «Վճռի անհապաղ կատարումը ենթադրում է, որ վճռի՝ ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո պետք է կառավարիչը հետ կանչվի, և ՀԷՑ-ը շարունակի իր բնականոն աշխատանքն իր՝ մինչև կառավարիչ նշանակելը գոյություն ունեցող պաշտոնյաներով։ Սա իրավական ընթացակարգն է։ Բայց քանի որ կառավարությունը փորձելու է ամեն կերպ խոչընդոտել այս ամենին, ինքը փորձելու է տարբեր պետական մարմինների միջոցով անընդհատ ստեղծել արհեստական դժվարություններ։ Օրինակ՝ ռեգիստրի գործակալությունում գլխավոր տնօրենի հետ նշանակումը, հետ կանչումն ապօրինի փորձելու են ձգել, կառավարությունը փորձելու է ներկայացնել, որ վճիռն այդպես չի մեկնաբանում, որպեսզի դրան հաջորդեն այլ գործողություններ։ Այս ամենը ՀՀ-ի միջազգային վարկանիշի վրա շատ լուրջ ազդեցություն է թողնելու, բայց ի վերջո կառավարությունը չի կարողանալու չկատարել․ ուղղակի այստեղ խնդիրը ժամկետի մեջ է․ որքան արհեստականորեն կարող է ձգել գործընթացը»։

Հիշեցրինք՝ կառավարության տարածած հաղորդագրության մեջ ամրագրված է, որ նպատակը եղել է հետևյալը․ «Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի՝ միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը, հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը»։

Նաիրի Սարգսյանն արձագանքեց․ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ցանկացած իրավիճակում հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինն է, և պետական լիազոր մարմնի գործառույթը հենց հանրային ծառայությունների հսկողությունն է՝ էլեկտրաէներգիա, գազ և ջուր։ Եվ այդպիսի չարաշահումների կանխարգելման իրավունք ունի վարույթն իրականացնող մարմինը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստուգումներ իրականացնելու, այդ թվում կանխարգելիչ ստուգումներ իրականացնելու, տուգանելու, ուղղորդելու, ցուցում տալու՝ բոլոր այսպիսի լիազորություններն ունի, ընդհուպ մինչև լիցենզիայի գործունեությունը դադարեցնելը, հետևաբար կառավարությունը ստում է, որ իր նպատակը բարի է և իր նպատակը չարաշահումների կանխարգելումն է։ Չկա այդպիսի բան։ Մինչև ժամանակավոր կառավարիչ նշանակելը, այսինքն՝ մինչև օրենսդրական փոփոխությամբ հանդես գալը, էներգետիկայի մասին օրենքն ամբողջ հարցը կարգավորում էր։ Քանի որ կարգավորման շրջանակներում իրականում ինչը նրանք բարձրացնում են, գոյություն չունի, հետևաբար իրենք պետք է պաշտպանվողի դիրքից հանդես գան և ասեն, որ միակ գործիքակազմը կառավարիչի նշանակումն էր։ Այ, ամբողջ այս տրամաբանական շղթայի մեջ, եթե դիտարկում ենք, տեսնում ենք, որ կառավարությունն իրականությունը կեղծում է»։

Մեր դիտարկմանը՝ արդեն պարզ է, որ ՀՀ կառավարությունը չի պատրաստվում հրատապ կերպով կատարել միջանկյալ որոշումը և հարցին՝ չկատարումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, մեր զրուցակիցը պատասխանեց․ «ՀՀ-ի միջազգային վարկանիշի վրա էական ազդեցություն կունենա։ Այս կառավարության սիրելի միջազգային հանրություն ասվածն այլևս ՀՀ-ին չի կարող դիտարկել՝ որպես հուսալի գործընկեր, և հետևաբար դա կարող է ազդել միջազգային վարկերի, դրամաշնորհների, գործընկերության, պայմանավորվածությունների և ամեն ինչի վրա անխտիր»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ ՀՀ կառավարությանը պարտավորեցնելու մեխանիզմներ չկա՞ն, Նաիրի Սարգսյանը պատասխանեց․ «Պարտավորեցնելու մեխանիզմը, ցավոք, արբիտրաժային դատարանները չեն ունենում։ Դա, օրինակ, կարող է ներհայաստանյան շրջանակներում Հարկադիր կատարման ծառայության միջոցով իրականացվել, բայց պատկերացնում եք, որ շատ պարզ պատճառով դա հնարավոր չէ, քանի որ պետական մարմինը կառավարության դեմ դուրս չի կարող գալ։ Հետևաբար պարտավորեցման մեխանիզմը բացառում ենք այս փուլում։ Եթե հարցը հնչեղություն է ստանում․ միջազգային կարևորության հարց է լինում, օրինակ՝ արբիտրաժային դատարանի պայմանագրի անդամ պետությունները կարող են որոշակի պատժամիջոցներ կիրառել։ Բայց հաշվի առնելով այն, որ ՀՀ-ն դեռևս չի գտնվում այդպիսի վարկանիշային դաշտում, հետևաբար այլ պետությունների միջամտությունն այստեղ դեռևս չենք ակնկալում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031