Aravot.am-ի զրուցակիցն է «Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի» անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Դանիելյանը
Այսօր հայտնի դարձավ, որ 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։
Դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝
-
- բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները
- փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը
- հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները
- և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը
ՀՀ կառավարության պատասխան հայտարարության մեջ էլ ասվում է․ «Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»։
Կարդացեք նաև
«Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի» անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Դանիելյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով միջազգային դատարանի որոշումն՝ ասաց․ «Այո, նման հաղթանակ գրանցվել է։ Բայց կցանկանայի, որ սա մեկնաբանենք ոչ թե Սամվել Կարապետյանի կամ Կարապետյանների ընտանիքի հաղթանակ ՀՀ կառավարության նկատմամբ, այլ կցանկանայի, որ սա դիտվեր հնարավորություն, որը որ տրվում է հայրենական իշխանություններին, որպեսզի դրսեւորեն այն վարքագիծը, որը որ պարտադիր է։ Այդ ակտը պարտադիր կատարման ենթակա ակտ է եւ դրա դեմ չպայքարելով, կիրառելով այն, իշխանությունները հնարավորություն ունեն ցույց տալու, որ ամեն դեպքում Հայաստանը փորձում է պայմաններ ստեղծել, որպեսզի ներդրումներն անվտանգ լինեն, մյուս ներդրողներին ցույց տալու համար, որ Հայաստանում, ինչպես ասում է Սամվել Կարապետյանը՝ «իրենց ձեւով»՝ օրինական ճանապարհով, դատական միջոցներով պայքարելով՝ հնարավոր է հասնել հաջողության»։
Հիշեցնենք, որ իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ի պատասխան լրագրողի հարցի տարակուսել էր՝ ասելով, թե ինչո՞ւ է հիմք վերցվում այն, որ ՀՀ կառավարությունն անպայման պարտվելու է։
«Ամեն դեպքում պետք է լավատես լինել եւ հույս ունենալ, որ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները ՀՀ-ում պետք է կատարվեն»,- ասաց մեր զրուցակիցը։
Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի եւ կալանավորման, ՀԱԵ պաշտպանության վերաբերյալ․
-Սամվել Կարապետյանի խոսքն ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային արժեքների՝ ներկայացնելով իբրև ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ, ակնհայտ է դարձել քաղաքական հետապնդման գործոնը՝ առնվազն ելնելով հետևյալ երկու հիմնական թեզից. նախ, Սամվել Կարապետյանի կողմից հնչած «մեր ձևով» բառակապակցությունը, մեկնաբանելով իբրև բացառապես հակասահմանադրական եղանակ, վարույթը նախաձեռնող մարմինը ի սկզբանե ելակետ է ընդունում այն ակներև անհիմն մոտեցումը, ըստ որի՝ որևէ քաղաքացի զրկված է օրինական ճանապարհով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանություն իրականացնել։
Այսինքն՝ անուղղակիորեն անհնար է որակվում սահմանադրական ճանապարհով, այդ թվում՝ ՀԱԵ կարողություններն օրինական միջոցներով հզորացնելու, ընդհանրապես աջակցելու իրական հնարավորությունից, թեպետ՝ հանրահայտ է, որ Սահմանադրությունը ամրագրել է բազմաթիվ օրինական եղանակներ՝ ազատ խոսքի իրավաչափ իրացում, խաղաղ հավաքներ, հանրագրեր, դատական կարգով վիճարկում և այլն։ Ստացվում է, որ բոլոր այն եղանակները, որոնք միտված են մարդու իրավունքների բնականոն իրացման համար և որոնք հավուր պատշաճի պետք է հարգվեն իշխանության կողմից, հայրենական իշխանության պարագայում ի սկզբանե որևէ պրագմատիկ արժեք չունեն, ինչն արդեն խնդրահարույց է հենց հանրային իշխանությունների գործունեությունը գնահատելու տեսանկյունից։
«Մեր ձևով» արտահայտության մասին
-Կարևոր է ի նկատի ունենալ, թե նման հայտարարությունն ո՞ւմ կողմից է արվում, ինչպիսի՞ն են հանրության շրջանում անհատի վերաբերյալ ընկալումները։ Սամվել Կարապետյանի կենսագրությունը, գործելաոճը և բարեգործական բազմաթիվ ծրագրերի անհերքելի փաստարկը, հիմքեր չկան առաջադրելու անօրինական եղանակով իր տեսլականին հասնելու վարկած առաջադրելու համար։
Կալանքն իբրեւ պատժի, անմեղության կանխավարկածի և դատարանների ազատության սահմանադրական սկզբունքների մասին․
-Ցավոք, ականատեսն ենք այն իրողության, որ մինչդատական վարույթ իրականացնող մարմինը երբեմն ոչ միայն ղեկավարվում է մեղավորության կանխավարկածով, այլև անտեսում է, որ այդպիսի սահմանափակ մեկնաբանության արդյունքում թիրախավորվում է հենց հանրային իշխանությունը։ Կարծում եմ, այս ամենը անհարկի աղավաղված սահմանադրականության և անհամաչափ իրավաքաղաքական մշակույթի արդյունք է։ Բազմաթիվ են դեպքերը, երբ անմեղության կանխավարկածի սկզբունքը չի պահպանվում հայրենական իշխանության ներկայացուցիչների կողմից։ Նախաքննության փուլում գտնվող գործով մեղադրյալներին «հանցագործ» պիտակավորում տալը հղի է բազմաթիվ վտանգներով։
Դատական իշխանության անկախության եւ երդվյալ ատենակալների ինստիտուտի մասին
-Շատերն են հրապուրված այդ ինստիտուտով, և գայթակղությունն այնքան մեծ է, որ տարվում են գրեթե ստանդարտ դատողություններով, ըստ որոնց՝ այս կամ այն երկրում այդ ինստիտուտն իրեն արդարացրել է։ Սակայն անտեսվում է, թե կոնկրետ ինչպիսի՞ մոնիթորինգ է իրականացվել, այդ ի՞նչ չափանիշներով է դա պարզվել և այլն։ Մենք այսօր չունենք գոնե սովորութային մակարդակում այդ ինստիտուտի ընկալման վերաբերյալ նվազագույն պատկերացումներ և, այն պայմաններում, երբ շատ խիստ ընթացակարգերի առկայության դեպքում դատավորի բարձր կոչմանն արժանացած մարդկանց որոշումների նկատմամբ շատ դեպքերում առկա է անվստահություն, ապա երդվյալ ատենակալների պարագայում էլ ավելի մեծ կլինի վստահության կորստի հնարավորությունը։ Այլ կերպ ասած, ինքս դեմ չեմ այդ և նմանաբնույթ այլ ինստիտուտների, ուղղակի այդպիսի լրջագույն քայլերը պետք է իրականացվեն ոչ թե սիրողական, այլ արհեստավարժ ու համակարգային մեթոդաբանությամբ։
Սահմանադրական փոփոխությունների քաղաքական ասպեկտի մասին
-Սահմանադրության փոփոխությունը, որպես անվտանգության պարտադիր պայման դարձնելը, առավել ևս այն անհիմն մեկնաբանությամբ իբր այլ պետության տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներ բովանդակող փաստաթուղթ ներկայացնելը մեզ կարող է տանել շատ վտանգավոր ճանապարհով։ Լսել ենք հիմնականում հայտարարություններ՝ հարևան երկրի իշխանական վերնախավի կողմից հետևյալ տրամաբանությամբ. ՀՀ Սահմանադրությունը պարունակում է տարածքային հավակնություններ, ուստի ենթակա է վերանայման, ինչին հանրային իշխանությունը ոչ միայն չի հակադարձում, այլև համակարծիք է։
Փորձենք պատկերացնել իրավիճակ, որ ի թիվս այլ մտահոգությունների, նաև հարևան, ըստ էության, թշնամական երկրի հետ իբր խաղաղության նկատառումներով նախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ կամ նոր Սահմանադրության ընդունում, և փարատելու համար վերջիններիս անհիմն անհանգստությունը, նախագծով հրաժարվենք Անկախության հռչակագրին արված հղումից։
Ինչպիսի՞ հետևանքներ կարող են լինել. հայտնի է, որ հանրաքվեի ելքը մեծ հաշվով 3-ն է՝ կամ բավարար մասնակցություն է ապահովվում քաղաքացիների կողմից և ընդունվում է նոր Սահմանադրությունը, կամ բավարար կողմ քվեարկող չի արձանագրվում, կամ ընդհանրապես բավարար մասնակցություն չի լինում։ Վերջին երկու դեպքերում, որոնք օբյեկտիվորեն առավել հավանական են, անխուսափելիորեն հայտնվելու ենք փակուղում։ Խնդիրն այն է, որ վերջին 7 տարվա ընթացքում երբեք հնարավոր չի եղել ապահովել ընտրական ցուցակներում ընտրողների առնվազն 50 տոկոս մասնակցություն, ինչը հանրաքվեն կայացած համարելու պարտադիր սահմանադրական պահանջ է։ Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունները հռչակելով անհրաժեշտ պայման, Հանրային իշխանությունները իրենք իրենց և ողջ Երկրին զրկում են բանակցային բնականոն ընթացքից։
Հարցի իրավական ասպեկտի մասին
-Կարծում եմ, որ մինչև Մայր օրենքի փոփոխության անհրաժեշտության հարցին անդրադառնալը, նախ, պետք է ունենալ հետևյալ հարցի պատասխանը՝ արդյո՞ք ներկայումս գործում է սահմանադրականությունը։ Իմ դիտարկումներով ներկայումս, ցավոք, անընդունելի է այն իրավիճակը, երբ անհարկի տեսակարար մեծ կշիռ ունեն առերևույթ Սահմանադրության հետ լրջագույն աղերսներ ունեցող oրենքները: Էլ ավելի մտահոգող է ենթաօրենսդրական ակտերի որակը, որոնք, ըստ էության, հայտնվել են նվազագույն դատական վերահսկողությունից դուրս, բնորոշ է այն, որ օրինակ՝ կառավարության որոշումները երբևէ չեն վիճարկվում Սահմանադրական դատարանում։ Մինչև հավուր պատշաճի չկարողանանք ապահովել անհրաժեշտ սահմանադրականություն, մենք այդպես էլ չենք կարող իրապես պատկերացնել, թե սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ են, թե՝ ոչ, եթե այո, ապա կոնկրետ ի՞նչ։
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ