Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
«Ադրբեջանի մեդիա տիրույթում հակառուսական ալիքի ակտիվացման ֆոնին, այսօր ուզում եմ անդրադառնալ Ալիևի ելույթի ՌԴ-Ադրբեջան հատվածին։
«Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ՝ հարցը վերաբերում էր ինքնաթիռի միջադեպին։ Ցավոք, արդեն յոթ ամիս է անցել, բայց մենք չենք ստացել որևէ պատասխան ռուս պաշտոնյաներից։ Մեզ համար ամեն ինչ պարզ է։ Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել, և կարող ենք դա ապացուցել։ Եվ մենք գիտենք, որ ռուս պաշտոնյաներն էլ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել…Մեր գլխավոր դատախազը պարբերաբար նամակներ է ուղարկում Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավարին։ Բոլոր նամակներին ստանում ենք նույն պատասխանը՝ «Քննությունը շարունակվում է»։ Ուստի մենք կսպասենք, մինչև քննությունն ավարտվի։ Սակայն կարծում եմ, այս կերպ վարվելն անարդյունավետ է։ Սա չի բերելու նրան, որ մենք մոռանանք։ Մենք չենք մոռանալու։ Այժմ մենք պատրաստվում ենք — և այդ մասին տեղեկացրել ենք ռուսական կողմին — պատրաստվում ենք դիմել միջազգային արդարադատության համակարգ։ Գիտենք, որ դա կարող է ժամանակ պահանջել։ մալազիական Boeing-ի գործը տևեց ավելի քան 10 տարի։ Ուստի մենք կսպասենք նաև 10 տարի։ Բայց արդարությունը պետք է վերականգնվի։ Եվ ցավոք, այս հարցի ներկա վիճակը օգտակար չէ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների համար»,-ասում է Ալիևն՝ անդրադառնալով ՌԴ-Ադրբեջան հարաբերություններին։
Իմ խորին համոզմամբ, Ալիևը դժվար թե այսպիսի պահվածք դրսևորեր, եթե չհասկանար դրա օգուտները կամ սեփական գինը բարձրացնելու հնարավորությունը։ Եթե հիշեք, փետրվար ամսին մի գրառում էի արել, որ Ալիևի ինքնաթիռը ևս խափանումների է ենթարկվել։
Կարդացեք նաև
Մեկ այլ դրվագով էլ Ալիևը խորհուրդ է տալիս ուկրաինական կողմին պայքարել ՌԴ-ի դեմ համառորեն և մինչև վերջ՝ իրեն ներկայացնելով, որպես պայքարի առաջամարտիկ․ «Ես եղել եմ նախագահ 17 տարի, նախքան մենք ազատագրեցինք այդ տարածքները։ Եվ եթե հնարավորություն չունենայինք, հավանաբար կսպասեինք ևս 17 տարի։ Եվ սա միայն իմ մասին չէ, և սա, կարծում եմ, կարևոր է նաև ուկրաինացիների համար։ Խոսքը անձի կամ հավակնությունների մասին չէ։ Կարևորը պատասխանատվություն զգալն է՝ նրանց նկատմամբ, ովքեր ապրել են մեզնից առաջ, և նրանց նկատմամբ, ովքեր կապրեն մեզնից հետո։
Եթե իմանայի, որ մենք չենք կարողանալու վերականգնել այդ տարածքները, այդ դեպքում մենք կսպասեինք ևս 17 տարի, և գուցե ևս 17 տարի…»:
Սա ուղղակի ևս մեկ ապացույց է, որ Ալիևը նպատակային գնացել է պատերազմի և իմիտացրել բանակցային գործընթացը։ Հիմա ևս նույնն է անում, իր անթաքույց զավթողական ծրագրերը դրա վառ ապացույցն են։
Ինչ վերաբերվում է ՌԴ-Ադրբեջան հարաբերություններին, ապա դրանք բարդ են ու բազմաշերտ։ Դրանց վերլուծությունը պահանջում է նաև ռուսական քաղաքականության մասին խորքային գիտելիքներ։ Բայց հստակ պատասխանը մնում է այն, որ տարածաշրջանային բալանսը խախտվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի առջև «կանաչ լույս» վառվեց 2020-ից ի վեր, ինչը ի վերջո՝ հանգեցրեց ռուս խաղաղապահների դուրսբերմանն ու հայ բնակչության էթնիկ զտմանը։ ՌԴ-ն եղել ու մնում է Ալիևի հղփացման գործում կարևոր դերակատարներից մեկը․․․»: