ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը գրում է.
«Հայաստանյան ներընդդիմադիր իրականությունը վաղուց արդեն հիշեցնում է անսկզբունք քաոսի թատերաբեմ։ Քաղաքական գաղափարների քննադատության բացակայության պայմաններում, երբ ոչ բովանդակություն կա, ոչ հստակ կողմնորոշում, որոշ «ընդդիմադիր շրջանակներ» արհեստական թիրախ կառուցելու և իրավիճակը հասկանալու իրենց անկարողությունը փորձում են փոխհատուցել ամենապարզունակ մանիպուլյացիաներով։ Եվ այդ մանիպուլյացիաների թիրախում հերթական անգամ Սերժ Սարգսյանն է՝ այս անգամ՝ նոր մակարդակով։
Նախօրեին IRI-ի կողմից հրապարակվեցին հարցման արդյունքներ, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 17 տոկոս է, իսկ Ռոբերտ Քոչարյանի՝ 4 տոկոս․ այս թեման բավարար հիմք դարձավ, որպեսզի մի քանի «քաղաքական մեծ մտածողներ» հերթական կոնսպիրոլոգիական էպոպեան հյուսեն Սարգսյանի անձի շուրջ։
Ըստ այդ «շքեղ վերլուծության»՝ Սերժ Սարգսյանը իբր «պատվիրել է» սոցիոլոգիական հարցում, որի միջոցով ցանկանում է բարձրացնել Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։ Այսինքն՝ ըստ որոշների տրամաբանության, Սարգսյանը միջազգային հարթակներում «լեգիտիմացնում է» այն նույն մարդու իշխանությունը, ով ոչ միայն իրեն հեռացրել է իշխանությունից, այլև տարիներ շարունակ թիրախավորել ու վարկաբեկել է հենց իր անձն ու քաղաքական ողջ թիմի համար դարձել իսկական պատուհասություն։
Կարդացեք նաև
Ավելին՝ նման անհեթեթ մտայնության շրջանակում նույնիսկ չեզոք սոցիոլոգիական կազմակերպությունները փորձ է արվում ներկայացնել որպես «քաղաքական գործարքների» տարր։ Մասնավորապես՝ նշվում է, թե իբր հարցումն իրականացնող ընկերության հայաստանյան գործընկերը մտերիմ է Սերժ Սարգսյանի հետ, իսկ դա իբր «ապացուցում է», որ Սարգսյանն ինքը կանգնած է այս ամենի հետևում։
Ասել, թե «IRI-ն Սարգսյանի հորդորով եկել է Նիկոլին օգնելու», սա նույնքան անտրամաբանական է, որքան ասելը, թե ՀՀ խմբագիրները Թրամփի ազգականների քավորներն են։ IRI-ն ամերիկյան պետական ֆինանսավորմամբ գործող հեղինակավոր կառույց է, որը պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում աշխարհի տասնյակ երկրներում՝ թափանցիկ մեթոդաբանությամբ, հրապարակային մանդատով և միջազգային ստանդարտներին համապատասխան։
Եթե հարցման ճշգրտությունը կասկածի տակ է դրվում, թող բերվեն կոնկրետ հակափաստարկներ. մեթոդաբանություն, վիճակագրական սխալներ, կեղծված նմուշ կամ տրամաբանական հակասություններ։ Բայց ոչ, փոխարենը՝ առաջ է բերվում «սանիկների հոր ընկերության» վարկածը, որը ոչ միայն զավեշտալի է, այլև վիրավորական է հենց ընթերցողի բանականության համար։
Բանն այն է, որ նման հրապարակումների հիմնական նպատակը իրականությունը վերլուծելը չէ, այլ պարզապես Սերժ Սարգսյանին դարձնել հերթական «թշնամի», որի վրա կարելի է բարդել սեփական անհաջողությունները, անգործությունը, կազմակերպչական անկարողությունը։
Սա ոչ թե վերլուծություն է, այլ ստոր մակարդակի մանիպուլյացիա՝ բամբասանքների, ենթադրությունների, ինտրիգային կապերի ու կեղծ հերոսների մթնոլորտում՝ առանց փաստերի, առանց տրամաբանության․ հոդվածի հեղինակների պատկերացումներում բանալին կարծես մեկն է՝ «Սերժն է բերել Նիկոլին», հայտնի անհոդաբաշխ, ինքն իրեն հակասող տարրերի միացությամբ սնվող հնացած քաղաքական տաֆտալոգիա։
Մեծամտորեն մատուցվող «բացահայտումները», երբ կարդում ես մինչև վերջ, հասկանում ես՝ սա ոչ թե վերլուծություն էր, այլ մատից հոտ քաշած, ինքնախաբեության տրամաբանությամբ շաղախված, բավական վառ երևակայություն ունեցող անհատականության «արտապատվիրակված», էժան մանիպուլյացիա»։