Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Եկեղեցին պետք է լինի քաղաքական պայքարի առաջնագծում, հապա քաղաքական ուժերի անելիքը ո՞րն է, ինչի՞ համար են այդ քաղաքական ուժերը, կուսակցությունները. «Փաստ»

Հուլիս 24,2025 09:00

Հատկապես վերջին շրջանում, առավել ևս՝ սոցցանցային հարթակներում նաև լրահոսում հաճախ կարելի է հանդիպել արտահայտություններ, պահանջներ, թե «Եկեղեցին այս պետք է անի… Կաթողիկոսն այն պետք է անի…»:

Հայաստանի իշխանությունը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա իրականացվող վայրագ ու հիրավի աննախադեպ հարձակման խորապատկերում նման արտահայտությունները՝ առանձին անհատների, սովորական քաղաքացիների, պարզ հավատացյալների կողմից, բնականաբար, կարելի է հասկանալ: Զգացմունքային առումով նման անհատական արձագանքները ընկալելի, ինչ-որ տեղ օրինաչափ են, թերևս: Բայց մյուս կողմից՝ տարօրինակ է ընկալվում, երբ ինչ-ինչ քաղաքական գործողություններ կամ հայտարարություններ Մայր Աթոռից ու Ամենայն Հայոց կաթողիկոսից ակնկալում են քաղաքական շրջանակները:

Տպավորություն է ստեղծվում, որ շատերը Եկեղեցին ուզում են բերել քաղաքական պայքարի առաջնագիծ: Այսինքն՝ քաղաքական պայքարի առաջին պլանում ուզում են դնել կամ տեսնում են Վեհափառին կամ ՀԱԵ-ն: Դա, կարծում ենք, ճիշտ մոտեցում չէ, եթե ուղղակիորեն չասենք, որ սխալ է: Ի պատիվ Վեհափառի ու Մայր Աթոռի, պետք է ասել, որ ՀԱԵ-ն հնարավորինս խուսանավում է ուղղակիորեն քաղաքական պայքարի մեջ ներքաշվելուց և, չնայած պետական իշխանության կողմից թիրախային հարվածներին, սադրանքներին, չնայած կալանավորումներին ու ահռելի ապատեղեկատվական և քարոզչական ճնշմանը, մնում է իր դիրքերում: Այո, Եկեղեցին մնում է իր բարձրության վրա: Եվ, ի պատասխան Փաշինյանի կողմից «հոգևոր հավաք», ապա՝ Սուրբ Էջմիածնի վրա գրոհելու սադրիչ նախաձեռնության, Մայր Աթոռի վերջին հայտարարությունն էլ վերը ասվածի վկայությունն է:

Այս առնչությամբ պետք է նկատել, որ Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ: Եկեղեցին կարող է լինել հասարակական հարաբերությունների, ազգային արժեքների, համազգային խնդիրների շուրջ համախմբման հարթության վրա: Իսկ քաղաքական ուժերը այդ նույն խնդիրների և դրանց լուծման վերաբերյալ պետք է ձևակերպեն իրենց մոտեցումները, նախանշեն քաղաքական լուծումներ, ըստ այդմ՝ իրականացնեն քաղաքականություն կամ քաղաքական գործունեություն: Ավելի պարզ. զուտ կենցաղային ընկալման հարթության վրա միանգամայն տրամաբանական հարց է ծագում. լավ, եթե Եկեղեցին պետք է լինի քաղաքական պայքարի առաջնագծում, հապա քաղաքական ուժերի անելիքը ո՞րն է, ինչի՞ համար են այդ քաղաքական ուժերը, կուսակցությունները:

Ավելին, եթե Եկեղեցին ուղղակիորեն ներքաշվի բուն քաղաքական պայքարի մեջ, ապա կտրուկ կուժեղանան բարոյահոգեբանական առումով դեպի լիարժեք պարտություն ու խայտառակություն սլացող Նիկոլ Փաշինյանի դիրքերը: Ավելին, հիմա Փաշինյանի իշխանությունը նաև խնդիր ունի «դրսի ուժերին», հատկապես իրեն սատարող արևմտյան որոշ շրջանակների բացատրելու, արդարանալու Եկեղեցու դեմ իր հարձակումների հետ կապված: Չգիտեմ, շատերն են հասցրել նկատել, թե ոչ, բայց հատկապես հոգևոր-հասարակական միջազգային կառույցներից կա որոշակի ճնշում և հակազդեցություն փաշինյանական կառավարությանը՝ Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումների հետ կապված:

Իսկ եթե Եկեղեցին տրվի տարբեր կուսակցական շրջանակների հորդորներին ու գա քաղաքական պայքարի առաջնագիծ, դա շահեկան կլինի նույն Փաշինյանի համար:

Էլի՝ շատ պարզ. նա միանգամից իր ագրեսիվ գործելակերպը կփաթեթավորի «քաղաքական պայքարի» տրամաբանության մեջ, բոլորին ու հատկապես «դրսի ուժերին» կասի՝ տեսեք, որ Եկեղեցին ուզում է աշխարհիկ իշխանությունը վերցնել, ըստ այնմ՝ լրացուցիչ արդարացում կգտնի՝ էլ ավելի ընդգրկուն ռեպրեսիաներ իրականացնելու համար:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031