ՀԷՑ իրացման գծով նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը, որին Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ մտնելուն պես ապօրինի ազատել է, կարծիք հայտնեց, որ արբիտրաժի որոշմամբ ոչ միայն Ռոմանոս Պետրոսյանի լիազորությունները կասեցվում են, այլեւ ՀԷՑ-ում վերականգնվում է մինչ վերոնշյալ օրենքների ընդունումն առկա «ստատուս քվոն»․ «Դատարանի վճիռը պարտավորեցնում է՝ մինչեւ հիմնական հայցի քննության ավարտը ձեռնպահ մնալ որոշակի գործողություններ կատարելուց, խոսքը ՀԾԿՀ վարույթի մասին է, ժամանակավոր կառավարչի նշանակման։ Ստատուս քվոն պետք է պահպանվի, քանի որ արբիտրաժն արձանագրել է հետեւյալը, որ կատարվող եւ կատարվելիք գործողությունները կարող են վնասել հայցվորի՝ այս պարագայում՝ սեփականատիրոջ իրավունքները՝ շատ լուրջ եւ անդառնալի։ Այս վճռից հետո Ռոմանոս Պետրոսյանն իրերը պետք է հավաքի ու հեռանա ՀԷՑ-ից, նորմալ պարագայում ես պետք է հետ գնայի ՀԷՑ՝ այս որոշումից հետո, իսկ Հանձնաժողովը՝ կասեցնի ՀԷՑ-ի դեմ վարույթը»։
Միջազգային արբիտրաժային դատարանի որոշումները, Ղազինյանի պնդմամբ, պարտադիր կատարման ենթակա են, չնայած ժամկետներ չի սահմանվում վճռի կատարման համար, սակայն ողջամիտ ժամկետում այն պետք է կատարվի, Ղազինյանի կարծիքով՝ մի քանի ժամը, առավելագույնը մեկ օրն էլ բավարար է․ «Միջազգային արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարման ենթակա է մեր իսկ կողմից ստորագրված պայմանագրով, հակառակ դեպքում, իհարկե, միջազգային դատարանները հարցը չեն դնում, որ գալու ենք ձեզ կախենք, բայց եթե միջազգային արբիտրաժ է, դու էլ միացել ես, ենթադրվում է, որ պետք է կատարես։ Ի վերջո, խելագարության կանխավարկածով չենք առաջնորդվում, ենթադրվում է՝ կան նաեւ սանկցիաներ»։
Դավիթ Ղազինյանը վստահ է․ «Մեր՝ արբիտրաժ դիմելուց հետո դատարանն այդ հարցերը տվել է ՀՀ կառավարությանը՝ որ ինչ կարծիքի եք այս երեւույթների վերաբերյալ, իրենք ինչ որ հիմա գրել են, ենթադրում եմ, որ գրել են նաեւ արբիտրաժին, բայց դատարանը հաշվի չի առել, ստանալով կառավարության պատասխանը, ասել է՝ ոչ, իմ պատասխանը սա է»։
Ինչ վերաբերում է կառավարության մանեւրին, թե ժամանակավոր կառավարչին այլ նպատակով են գործուղել ՀԷՑ, Ղազինյանը հիշեցրեց՝ ըստ իշխանության ընդունած օրենքների, կառավարիչն անսահմանափակ իրավունքներ ու լիազորություններ ունի․ «Ամբողջությամբ ստանձնում է գլխավոր տնօրենի պարտականությունները, բայց, օրինակ, մենք ունենք այսպիսի կարգ, որ գլխավոր տնօրենների տեղակալներին կառավարիչը չի կարող ազատել, պետք է համաձայնեցնի տնօրենների խորհրդի հետ, մինչդեռ ինձ ազատելիս անտեսել են այդ կարգը։ Աբսուրդ լիազորություններ են վերապահել, որ սեփականատերերի կողմից ստեղծված տնօրենների խորհուրդը ինքը կարող է միանձնյա փոխել, սա սեփականության իրավունքի ոտնահարում է»։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթում