Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ԱԲ-ն օգտագործվի խելամտորեն, կարող է դառնալ հզոր գործիք, որի միջոցով հնարավոր կլինի շրջել Հայաստանի կրթական ուղու ընթացքը. «Փաստ»

Հուլիս 24,2025 10:46

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արհեստական բանականության կիրառումը կրթական համակարգերում առաջին հերթին ուղղված է անհատականացված ուսուցման հնարավորությունների ընդլայնմանը։

Հայաստանը շարունակում է բախվել ուսուցիչների որակավորման, մասնագիտական զարգացման և գիտահեն ուսուցման մշակույթի բացակայության խնդիրներին։ Ուսուցիչների վերապատրաստման ներկա համակարգը շատ դեպքերում կա՛մ ուղղակի անարդյունավետ է, կա՛մ ձևական, կա՛մ էլ չի անդրադառնում այն հմտություններին, որոնք պահանջվում են 21-րդ դարի կրթական միջավայրում։

Մյուս կարևոր գործոնը կրթական բովանդակության արդիականացումն է։ Արհեստական բանականությունը դառնում է ոչ միայն կրթության գործիք, այլ նաև առանցքային հարթակ հմտությունների բացահայտման տեսանկյունից։ Իսկ այս պարագայում ժամանակակից կրթության նպատակը պետք է լինի նաև տեխնոլոգիական իրականության ըմբռնման կարողությունների զարգացումը՝ սկսած դպրոցից։ Հայաստանում, սակայն, դասագրքերը դեռևս կառուցված են հնացած մոտեցումներով, որոնցում տեխնոլոգիական զարգացումները կա՛մ ընդհանրապես չեն շոշափվում, կա՛մ ներկայացվում են մակերեսորեն։

Աշակերտը, որը դպրոցում չի սովորում մտածել թվային աշխարհում, չի զարգացնում քննադատական և վերլուծական մտածողություն, դուրս է մնում ժամանակակից հասարակության մեջ իր ներդրումն ունենալու հնարավորությունից։

Մյուս կողմից էլ՝ հարկավոր է բալանսավորել կրթական գործընթացը, որպեսզի այն չափից ավելի շատ կախվածության մեջ չդրվի տեխնոլոգիաներից, ինչը մի շարք պարագաներում բացասական հետևանքներ կարող է ունենալ։ Օրինակ՝ խնդրահարույց հարցերից մեկն այն է, որ աշակերտներն ու ուսանողները կարող են սկսել ավելի շատ վստահել արհեստական բանականության գործիքներին, քան իրենց ուսուցիչներին ու դասախոսներին։ Մինչդեռ արհեստական բանականության գործիքները որոշ դեպքերում կարող են տրամադրել կանխակալ, խեղաթյուրված ու հորինված ինֆորմացիա։ Բացի դրանից, հարկավոր է այնպիսի մեթոդների կիրառում, որոնք կնպաստեն նրան, որ աշակերտը կամ ուսանողը ինքնախաբեությամբ չզբաղվեն՝ արհեստական բանականության կողմից գեներացվածը ներկայացնելով իր սեփականը։ Անհրաժեշտ են քայլեր նրանց մոտ գիտելիքների պաշարի ամրապնդման և վերլուծական կարողությունների զարգացման համար։ Այսինքն, որ չստացվի հակառակ արդյունքը, այն է՝ բթացում, երբ հույսը դրվում է բացառապես ԱԲ-ի վրա:

Պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի հանրակրթության և բարձրագույն կրթական համակարգում արհեստական բանականության ազդեցությունը դեռևս ամբողջությամբ վերլուծված չէ՝ այդ տեխնոլոգիայի հնարավորությունները ռացիոնալ ձևով օգտագործելու նպատակով։ Թեև որոշ բուհեր փորձում են մասնագիտացումներ ներառել տվյալագիտության, մեքենայական ուսուցման և տեխնոլոգիական նորարարությունների ուղղությամբ, սակայն այդ փորձերը չեն ձևավորում համակարգային քաղաքականություն։ Դասախոսների վերապատրաստման խնդիրները, հետազոտական ինստիտուտների պակասը, համագործակցության ցածր մակարդակը միջազգային գիտակրթական կառույցների հետ, ֆինանսավորման սուղ հնարավորությունները խոչընդոտում են բարձրագույն կրթության տեխնոլոգիական թռիչքը։ Այս իրավիճակը թույլ չի տալիս ձևավորել այն գիտական հիմքը, որն անհրաժեշտ է արհեստական բանականության կիրառման հետևանքներն ու ռիսկերը հասկանալու, դրանք կառավարելու և արդյունավետ ինտեգրում իրականացնելու համար։

Իրավական և քաղաքական տեսանկյունից էլ դեռևս գոյություն չունի այնպիսի օրենսդրական կամ ռազմավարական շրջանակ, որը կսահմանի արհեստական բանականության օգտագործման չափանիշները կրթական համակարգում։ Թափանցիկության, էթիկայի, տվյալների պաշտպանության հարցերը դեռևս չեն դարձել օրակարգային։ Այդ պայմաններում ցանկացած տեխնոլոգիական ներմուծում կրում է նաև չկառավարվող ռիսկերի վտանգ, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ մասնավոր տվյալների անվտանգության, երեխայի իրավունքների պաշտպանության կամ կրթության հավասար հասանելիության տեսակետից։

Սակայն, եթե ԱԲ-ն օգտագործվի խելամտորեն, ռազմավարական հեռանկարով և սոցիալական արդարության սկզբունքներով առաջնորդվելով, այն կարող է դառնալ հզոր գործիք, որի միջոցով հնարավոր կլինի շրջել Հայաստանի կրթական ուղու ընթացքը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031