Անշարժ գույքը, որի հետ կապված իրավունքները վիճարկում է Գլխավոր դատախազությունը, տարիներ շարունակ եղել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը։
Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է. «Այնպես չէ, որ արդեն իսկ շենքը յուրացրել են, դատարան են դիմել, դատարանը, իհարկե, ամենայն հավանականությամբ, իշխանության ճնշումների ներքո դատական ակտը կկատարի իրենց պահանջներին համապատասխան, բայց, ամեն դեպքում, դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ իշխանությունների մոտ ստացվելու է: Ամեն հնարավոր ձեւով պետք է պայքարել, որպեսզի իշխանությունները չկարողանան ներկայացուցչության շենքը յուրացնել: Ակնհայտ է, որ արցախցիներին քաղաքական առումով պատժում են, հնարավորինս լրացուցիչ ճնշումներ են փնտրում, փորձում են ամեն կերպ կանխարգելել մեր ակտիվությունը: Այնպես չէ, որ այս իշխանությունը բուն անշարժ գույքի վրա է աչք դրել, հիմնական խնդիրն Արցախի պետական ինստիտուտների ակտիվությունն ու գործառույթը կանխելն է: Այստեղ կա նաեւ խորհրդանշական նպատակ. արցախցիների ձեռքից փորձում են վերցնել վերջին շինությունը»:
Այնուամենայնիվ, եթե իշխանություններին հաջողվի ներկայացուցչության շենքը վերցնել, Արցախի ինստիտուտները կշարունակե՞ն գործել, թե՞, այնուամենայնիվ, այդ ամենը կունենա իր ազդեցությունը։ «Ինչ էլ լինի, գործող ներկայացուցչական մարմինները լինելու են: Գործելու են թե՛ պետական ինստիտուտները, թե՛ քաղհասարակությունը: Ըստ իրավիճակի` կարող են լինել վերակազմավորումներ, բայց ես վստահ եմ, որ մեր գործունեությունը շարունակվելու է»:
Ի՞նչ եք կարծում, գերիների հարցն ի՞նչ փուլում է այժմ, եթե հաշվի առնենք իշխանությունների այսօրինակ պահվածքը՝ հարցրինք Բեգլարյանին։ «Առնվազն առերեւույթ ակնհայտ է մի բան, որ ՀՀ իշխանությունների կողմից չկա բավարար ուշադրություն` գերիների մասով: Իշխանությունները գերիների հարցը լուծելու բավարար ցանկություն եւ մոտիվացիա չունեն, առնվազն մի մասին գոնե կարող են ազատ արձակել, սակայն ունենք այն, ինչ ունենք: Թեպետ մենք չգիտենք, թե փակ դռների ետեւում ինչեր են քննարկվում, սակայն առնվազն երեւացող կողմը ցույց է տալիս, որ Փաշինյանի իշխանությունը չի տանում բավարար աշխատանք, հակառակ դեպքում արդյունքները տեսանելի կլինեին»:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: