Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտա թաղապետարան, ասացի՝ աշխատում եք իշխանների համար». 86-ամյա բնակիչ

Հուլիս 24,2025 13:30

«Հունիսի 20-ին մտել եմ թաղապետարանի ընդունարան: Ասում են՝ մի գոռա, մի ճղա… ոստիկանությանն եմ դիմել, չասե՞մ՝ միլիցիա, ինչ ես անում: Ասացին, կասենք, ինչն է պատճառը, որ չեն զբաղվում: Ցույց եմ տալիս բակի նստարանները, ուզում եմ հանեն, որ «պլանքյաշները» չգան նստեն: Նայեք, առավոտ է, աշխատանքային ժամ է, քանի ավտո է կանգնած բակում: Տեսնո՞ւմ եք: Թաղապետարանում Արամ Օրդունխանյան կա, ասում է՝ մեքենան որտեղ ուզի, պիտի կանգնի, իրավունք ունի: Բա չասե՞ի, ու ասել եմ՝ դուք աշխատում եք իշխանների համար:

Եթե ոչինչ չեն անում, ինչի համար են նստած: Ընդունելություն եմ խնդրել ԱԺ-ից , ասել են, չկա ընդունելություն, ասացին՝ ամիսը մի անգամ են հերթագրում: Ես այսօր կամ վաղը չկամ: Ինչ անեմ»:

Շենգավիթ համայնքի Գ.Նժդեհի 35 շենքի 32 բնակարանի 86-ամյա բնակչուհին՝ Լաուրա Մանուկյանը դիմել էր խմբագրությանը, հրավիրել իրենց բակ՝ իր բողոքը ներկայացնելու համար:

Իմ հանդիպման ժամանակ տեղեկացա, որ նա մինչ «Առավոտին» դիմելը նամակներ է ուղարկել համայնքի ոստիկանությանը, նախկին (Ռազմիկ Մկրտչյանին, որի դեմ քրեական գործ է հարուցվել, հունիսի տասին նրա լիազորությունները դադարեցվել են), ներկա համայնքապետերին, կառավարությանը:

Տարեց կնոջ բողոքն ամեն անգամ լսելով, սպառնում են՝ «շատ բողոքես, կտանենք գժանոց», մինչդեռ մարդը վեր է հանում խնդիրներ:

Բակում տեղադրված աթոռներից նա ու իր նման բնակիչները չեն կարողանում օգտվել, նախ, որ այդ աթոռները շրջապատված են լինում մեքենաներով, իսկ գիշերային ժամերին՝ այս տապին ու շոգին, աթոռները զբաղեցնում են տարատեսակ կասկածելի անձինք, հարբած, «ուռած», վտանգավոր: Առավոտն ամեն անգամ բացվում է նրանց թողած խոսուն հետքերով… աղբ, կասկածելի ներարկիչներ, խմիչքի շշեր…

Մտնում ենք շենք: Շենքի շատ բնակիչներ իրենց պատշգամբներն առաջ են տվել:

Միջանցքի պատուհանները բացելուն պես քարեր են թափվում, փրկում է երկրորդ հարկի «նավեսը», այն էլ մասամբ: Տարածքում համատիրության շունչը չի երեւում, կարող էր երկրորդ հարկի նման «նավես» լիներ վերեւի հարկում: Իր հարկի, պատուհանների մաքրությունն անում է երբեմն այս տարեց կինը, որը կարգուկանոնի կողմնակից է: «Համատիրության մասին» օրենքով սահմանված կարգով պետք է իրականացվի բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարումը:

Ըստ զրուցակցիս, ասես այս շենքի «կառավարմամբ» ինքն է միայն զբաղվում, մինչդեռ լուսանկարում պատկերված քարերը, ծեփերը կարող են թափվել ցանկացած պահին շենքի մյուս բնակիչների վրա, որոնցից նույնպես փորձեցի կարծիքներ իմանալ, սակայն դռները փակ էին, համառորեն չբացվեցին: Ի դեպ, տիկին Լաուրայի վերեւի հարեւանի դուռը նույնպես չի բացվում: Նա վարձակալի վարձակալ է, անվերջ այդ բնակարանի տերերը վարձակալության են տալիս իրենց բնակարանը, իսկ ժամանակավոր պատահականները փչացում են ներքեւի հարեւանի՝ Լաուրա տատիկի գույքը, ջրում, քանդում, փչացում առաստաղը… առանց հատուցման: Լաուրա տատիկն ասում է՝ 5 ամսում 4 վարձակալ է փոխվել:

«Թաղապետարանի Արամ Oրդուխանյանը կարո՞ղ է պատասխանի՝ մարդը քանի տեղ պիտի ապրելու տեղ ուենա: Դյուքան է այս շենքը, ի՞նչ է»,-ասում է զրուցակիցս:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031