Թրամփը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը «շատ մոտ» է համարում
«Ամերիկյան տարբերակը հնարավոր չէ». պաշտոնական Երեւանի պատասխանը
«Արտատարածքային կարգավիճակով որեւէ կապի տրամաբանություն հակասում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման եւ ավելի լավ փոխկապակցվածության ՀՀ տեսլականին։ Ըստ այդմ, որեւէ այդպիսի համաձայնություն չի կարող լինել»,- երկու շաբաթ առաջ այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին ԱԳՆ-ից՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը, թե, իբր, Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը համաձայնության են եկել, այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ։
ԱԳՆ-ից նաեւ նշել էին, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը Հայաստանի համար եղել եւ մնում է կարեւոր առաջնահերթություն, հիշեցրել էին, որ Հայաստանն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որը դրական գնահատականների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից։ «Ավելին՝ Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնության համահունչ մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար։ Միեւնույն ժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ եւս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ երկու երկրների միջեւ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ»,- նշված էր գերատեսչության պատասխանում։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում, ըստ էության, չէր հերքել, որ Երեւանը քննարկում է Սյունիքի ճանապարհը որեւէ մասնավոր ընկերության արտապատվիրակելու հարցը։
Բացի թուրքական մամուլի տեղեկությունները, թե` Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը համաձայնության են եկել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ, Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ իր հերթին նշել էր` «թեեւ Հայաստանը սկզբում հանդես էր գալիս «Զանգեզուրի միջանցքի» դեմ, այժմ տնտեսական ինտեգրացիայի գործընթացին մասնակցելու հարցում ցուցաբերում է ավելի ճկուն մոտեցում»։
Ահա անցյալ շաբաթ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներն առաջարկել է ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախատեսված տրանսպորտային միջանցքի կառավարումը՝ երկու կովկասյան երկրների միջեւ երկար ժամանակ ձգձգված դիվանագիտական բանակցություններն առաջ մղելու նպատակով։ Ըստ Middle East Eye-ի՝ չնայած նրան, որ Հայաստանը եւ Ադրբեջանը մարտին համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, Բաքուն շարունակում է պնդել մի քանի լրացուցիչ պայմանների հարցում՝ նախքան համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը։ Ադրբեջանը պահանջում է, որ Երեւանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ՝ ի թիվս այլ պայմանների՝ վերացնելով, իբր, Ադրբեջանի տարածքին վերաբերող հղումները։ Հիմնական վիճելի կետերից մեկը մնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որը Հայաստանի տարածքով կապելու է Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջեւանի հետ։
Middle East Eye-ն գրել էր, որ Հայաստանը հրաժարվում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Ադրբեջանը պնդում է, որ միջանցքը չպետք է լինի Հայաստանի լիակատար վերահսկողության տակ՝ մտահոգություններ առաջացնելով, որ Երեւանը չի կարող երաշխավորել անարգել մուտքը։ Հայաստանը կտրականապես դեմ է ճանապարհի վերահսկողությունը որեւէ երրորդ կողմի փոխանցելուն։ «Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց սա մանրուք չէ։ Այն ձգձգվել է տասնամյակ՝ 32 կիլոմետր ճանապարհ։ Այսպիսով, ինչ է տեղի ունենում. Ամերիկան միջամտում է եւ ասում՝ «Լավ, մենք այն կվերցնենք։ Տվեք մեզ 32 կիլոմետր ճանապարհը 100 տարվա վարձակալության պայմանագրով, եւ դուք կարող եք այն բաժանել ձեր միջեւ»,- ասել էր Բարաքը։
Դիվանագետի նշյալ գնահատականները, փաստորեն, առաջին պաշտոնական հաստատումն էին այն մասին, որ Թրամփի վարչակազմն առաջարկել է կառավարել «միջանցքը» ԱՄՆ մասնավոր առեւտրային օպերատորի միջոցով, որը կծառայի որպես չեզոք երաշխավոր։ Ըստ պարբերականի` Թուրքիան կոչ է արել Բաքվին ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Բանակցություններին ծանոթ տարածաշրջանային աղբյուրը Middle East Eye-ին ասել է, որ հենց Թուրքիան է նախ առաջարկել միջանցքը կառավարելու գաղափարը, որը հաստատվել է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի կողմից։ «Սակայն, հայկական կողմը պահանջել է, որ ընկերությունն աշխատի նաեւ միջանցքի Նախիջեւանի կողմում, ինչն անընդունելի էր Բաքվի համար», նշել է աղբյուրը։
Եթե Անկարայում ԱՄՆ դեսպանի հայտարարություններն ի վերջո հաստատվեն, նշանակում է պաշտոնական Երեւանը միակողմանիորեն հրաժարվում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակման այն սկզբունքից, որը նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին հնչեցրել էր Նիկոլ Փաշինյանը։ «Ես ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել պաշտոնապես, որ Հայաստանը պատրաստ է, ուզում է, եւ Հայաստանը պատրաստ է նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է անցում տալիս Ադրբեջանին, ճշգրիտ նույն պայմաններով այդ նույն անցումն ապահովել», – Երեւանում կազմակերպված համաժողովում նշել էր նա։
«Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել եւ չի քննարկում որեւէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը», – «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ օրերս հայտարարել է վարչապետի խոսնակը: Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունների վերաբերյալ Նազելի Բաղդասարյանն ասել է. «Ձեր նշած անվանաբանությունը Հայաստանի Հանրապետության համար ընդունելի չէ։ Նաեւ՝ բազմիցս ասել ենք, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության համատեքստում: Որեւէ այլ տրամաբանություն մենք չենք կարող քննարկել: Ինչ վերաբերվում է հողի վարձակալությանը` ՀՀ օրենսդրությամբ նման ինստիտուտ գոյություն ունի միայն գյուղատնտեսական նշանակության հողերի համար, որոնց վրա գյուղատնտեսական գործունեություն է ծավալվում։ Հետեւաբար ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ»։
Հարցին էլ՝ «իսկ գուցե ԱՄՆ դեսպանը նկատի է ունեցել ճանապարհի վերահսկողության արտապատվիրակո՞ւմը», վարչապետի խոսնակը պատասխանել էր. «Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել եւ չի քննարկում որեւէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: ՀՀ տարածքի որեւէ հատված չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, իրավազորությունից դուրս»։
Ըստ Փաշինյանի` կա խաղաղության պայմանագիրը նախաստորագրելու գաղափար
Հուլիսի 16-ին Փաշինյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում նախ հայտնեց, որ կա խաղաղության պայմանագիրը նախաստորագրելու գաղափար, տեղի է ունեցել խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին նախագծի տեքստի համաձայնություն եւ տեքստի շուրջ բանակցությունների ավարտ: «Սկսել ենք խորհրդակցությունները՝ ինչպես գնալ առաջ, եւ նախաստորագրման գաղափարն էլ կա սեղանի վրա, օրակարգում, դա մենյուի մեջ առկա քննարկվող տարբերակներից մեկն է, ինչը որոշակի պայմաններում կարող է լինել իրատեսական, որոշակի պայմաններում՝ ոչ այդքան իրատեսական», – ասաց նա` չհստակեցնելով, թե որ կողմի գաղափարն է նախաստորագրելը, եւ ինչու միանգամից չստորագրել խաղաղության պայմանագիրը, եթե այն համաձայնեցված է:
Ի՞նչ է ենթադրում Սյունիքի ճանապարհի արտապատվիրակումը… Փաշինյանն այս մասին խոսելիս բերեց «Զվարթնոց» օդանավակայանի, Հարավկովկասյան երկաթուղու, ջրային համակարգի, Հայփոստի օրինակները. «Ե՛վ երկաթուղին, ե՛ւ օդանավակայանը, ե՛ւ ջրային համակարգը շարունակում են մնալ Հայաստանի սեփականությունը: Օրինակ, քննարկվում է որեւէ ընկերության ստեղծում, որը կներգրավի ներդրումներ, որովհետեւ կարող եք պատկերացնել, թե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ինչ ահռելի ներդրումային պոտենցիալ ունի: Մենք շատ խոսում ենք երկաթուղու, ավտոճանապարհների մասին, բայց այս համատեքստում խոսք է գնում նաեւ խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, հեռահաղորդակցության մալուխների մասին, եւ դա մի տնտեսություն է, որ պետք է կառավարվի, ու ստեղծվի: Եվ մեր տրամաբանությամբ պետք է եւ կարող է լինել Հայաստանի սեփականությունը, խոսքը էստեղ այդ տնտեսությունը կառավարելու եւ դրա շրջանակներում որոշակի գործառույթներ իրականացնելու մասին է»:
Անդրադառնալով ճանապարհի վարձակալությանը, որի մասին խոսել էր Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, Փաշինյանն ասաց. «Մեր օրենսդրությամբ դա կոչվում է կառուցապատման իրավունք, եւ այդ կառուցապատման իրավունքով տրված ներդրումները որոշակի պայմաններում այդ պայմանագրի լրանալուց հետո շարունակում են մնալ կամ դառնում են ՀՀ սեփականությունը»: Նա հավելեց, թե քննարկվում են եւ քննարկվել են ամենատարբեր գաղափարներ, բայց վերջնական պայմանավորվածություն չկա. «Եթե լիներ մի պայմանավորվածություն, եթե ձեռք բերված լիներ կամ ստորագրված լիներ, ես բնականաբար այդ մասին կարող էի ասել: Ես ներկայացրեցի քննարկումների շառավիղը»: Փաշինյանը դարձյալ շեշտեց՝ Հայաստանը շահագրգռված է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն, ներառյալ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով. «Մենք բոլոր այդ գործընթացները պատկերացրել ու պատկերացնում ենք տարածքային ամբողջականության, ինքնիշխանության իրավազորության շրջանակներում»:
«Ինչ վերաբերվում է Միացյալ Նահանգներին, տեսեք, մենք առաջարկներ ստանում ենք, մենք տարբեր առաջարկներ ստացել ենք եւ ստանում ենք, եւ այդ առաջարկների մասին, բոլոր առաջարկների մասին դուք ուղիղ կամ անուղղակի այսպես թե այնպես իմանում եք։ Տեսեք, դուք ասեցիք, որ եթե Հայաստանը հրաժարվի ճանապարհից, Հայաստանը չի հրաժարվելու ճանապարհից, որովհետեւ ասացի, որ մեր օրակարգն է դա, սա մեր օրակարգն է, մենք ենք առաջարկել աշխարհին, ասել ենք՝ մենք ուզում ենք սա», – նշեց Փաշինյանը: Նա ընդգծեց, թե բոլոր առաջարկները քննարկում են ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հիմքի վրա։ «Մենք չենք քննարկում, hասկանո՞ւմ եք, եթե մենք քննարկելիս լինեինք դա, ընդ որում, 2020թ. նոյեմբերի 9-ից հետո ամեն օր գործնականում այդ բանը ասվում է։ Եթե մենք այդ ձեր ասած տրամաբանության մեջ լինեինք, հենա վաղուց այդ ձեր ասածներն արդեն տեղի ունեցած կլինեին, կամ այդ ամեն ինչը առաջարկված կլիներ, ձեւակերպված կլիներ։ Մենք ուրիշ համատեքստում հասկանում ենք, կարող են հնչել անծանոթ բառեր՝ արտապատվիրակում, լիզինգ, կառուցապատման իրավունք, չգիտեմ, վարձակալություն, էլ ինչ կարող է հնչի, ներդրում, ճանապարհ…», ասաց Փաշինյանը։
Ընդգծելով՝ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո «մեզ համար միջանցք բառը ստացել է որոշակի ալերգիկ կոնտեքստներ», Փաշինյանն ասաց. «Շատ դեպքերում միջազգային մեր գործընկերները, երբ որ իրենք ասում են միջանցք, մենք այսպես մի քիչ վեր ենք թռնում, իրենք էլ իրենց հերթին են վեր թռնում, ասում են՝ բայց ի՞նչ ասեցինք։ Ընդհակառակը, ամբողջ աշխարհը բոլոր տեղերում փնտրում է միջանցք եւ այլն, եւ այլն։ Հիմա ամեն անգամ խնդիր առաջանում է, երբ որ ասեցին միջանցք, իրենք ո՞ր միջանցքը նկատի ունեն, այն միջանցքը նկատի ունեն, այն միջանցքը, թե՞ այն միջանցքը»։
Պետդեպն արձագանքեց Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հայտարարությանը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տրասնպորտային միջանցքի վերաբերյալ անդրադարձավ նաեւ ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Ադրբեջանցի լրագրողը հետաքրքրվել էր՝ ո՞րն է «ԱՄՆ-ի դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ»։ «Կարծում եմ՝ մենք այստեղ ընդհանուր պատկերացում ունենք, եւ ակնհայտ է, որ դա այն խնդիրներից մեկն է, որը կապված է որոշակի վայրում աշխարհաքաղաքական իրավիճակի հետ, որով շատերը հետաքրքրված են։ Դա ճիշտ այն չէ, ինչ դուք փնտրում եք։ Բայց սա նաեւ այն հարցն է, որը Սպիտակ տունը, նախագահի թիմը, մենք կցանկանայինք ճշտել նրանց հետ եւ տեսնել, թե ինչ կասեն նրանք այս մասին։ Կարող եմ պարզապես ասել ձեզ, որ Միացյալ Նահանգները, ինչպես գիտեք, աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության խթանման ջանքերին։ Եվ մենք հետեւում ենք տեղի իրադարձություններին։ Ակնհայտ է, որ դա այն բանն է, որին մենք անդրադառնում ենք», պատասխանել էր Բրյուսը։
Հուլիսի 19-ին պարզվեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղությունը շատ մոտ է համարում: Այս մասին նա հայտարարեց ամերիկացի սենատորների հետ ճաշի ժամանակ: Թվարկելով իր նախագահության օրոք, իր գնահատմամբ` արտաքին դիվանագիտական հաջողությունները, Թրամփը դրանց շարքում հպանցիկ նաեւ հայ-ադրբեջանական հարաբերություններին անդրադարձավ, նշելով. «Հայաստան ու Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել, եւ խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է, եթե ոչ՝ արդեն իրականացած»:
Թեեւ պաշտոնական Երեւանը չէր հստակեցնում՝ բանակցված ու ամբողջությամբ համաձայնեցրած խաղաղության պայմանագրի նախաստորագրումը՝ Երեւանի՞, թե՞ Բաքվի առաջարկն է, քիչ անց Ալիեւը Ստեփանակերտից այլ «պարզաբանումներով» հանդես եկավ: Մինչ Փաշինյանը բառախաղերի գործածմամբ, տարբեր մտքերով փորձում է արդարացնել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման իր տեսլականը, որի հիմքում, ըստ էության, Ադրբեջանի պահանջների բավարարումն է, Անկարա-Բաքու տանդեմն, ակնհայտորեն, պաշտոնական Երեւանին հրապարակային ճնշելու գիծ է տանում:
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.07.2025