Հուլիսի 24-ից մեկնարկում է ՀՀ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը: «Դիմորդների հայտերի ընդունումն առցանց է իրականացվում: Ոլորտային մասնագիտությունների դեպքում հայտերի ընդունման ժամկետը մինչեւ օգոստոսի 8-ն է, օգոստոսի 9-17-ը կկազմակերպվեն քննությունները: Իսկ ոչ ոլորտային մասնագիտությունների դեպքում առաջին փուլի ընդունելությունը մինչեւ օգոստոսի 17-ն է»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
«Ոչ ոլորտային մասնագիտությունների համար հաշվի են առնվում հիմնական կամ միջնակարգ կրթության վկայականների միջին գնահատականները, որոնց գումարվում են տվյալ մասնագիտության համար առանձնացված առարկաների միավորները, որոնք առկա են վկայականում: Ոլորտային մասնագիտությունների դեպքում կրկին հաշվի է առնվում վկայականի գնահատականների միջինը, ինչին գումարվում է քննական առարկան, եւ մրցութային գործընթացը հենց այսպես է կազմակերպվում»,-մանրամասնեց փոխնախարարը;
Նա նաեւ տեղեկացրեց, որ քննությունների եւ գործերի ընդունման ավարտից անմիջապես հետո՝ հաջորդ օրը, ամփոփվում եւ հրապարակվում են տվյալները, որից հետո 2 օրվա ընթացքում համակարգում ամփոփվում է ամբողջական տեղեկատվությունը, դիմորդները բաշխվում են ուսումնական հաստատություններով:
Արաքսիա Սվաջյանը նաեւ հայտնեց, որ թափուր տեղերի առկայության դեպքում օգոստոսի 17-ից հետո հայտարարվում է երկրորդ փուլը, որին կրկին կարող են մասնակցել թե ոլորտային, թե ոչ ոլորտային մասնագիտությունների գծով դիմորդները:
Կարդացեք նաև
«Կրկին նույն սկզբունքն է գործում՝ ոչ ոլորտայինների դեպքում, եթե դիմել են որեւէ հաստատություն եւ մրցույթով չեն անցել: Կամ եթե չէին դիմել, ապա այս դեպքում կարող են դիմել: Ոլորտայինի դեպքում, եթե դիմել են որեւէ ուսումնական հաստատություն, եւ իրենց միավորները չեն բավարարել, ապա այդ քննական արդյունքներով կարող են դիմել մեկ այլ ուսումնական հաստատություն, որտեղ թափուր տեղեր կլինեն:
Հիշեցնեմ, որ ոլորտային են առողջապահության, սպորտի եւ մշակույթի ոլորտի մասնագիտությունները»,- նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը:
Նա ընդգծեց, որ ի տարբերություն առաջին դասարանցիների հայտագրման ժամկետների հետ կապված խնդիրների, մասնագիտական կրթության համակարգում որեւէ սահմանափակում չկա, հնարավոր է մեծ թվով դիմումների ընդունումը, որից հետո մրցութային կարգով դիմորդների միավորների հիման վրա անցկացվում է մրցույթը:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ