Լրահոս
Օրվա լրահոսը

Այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա կամ հեռացվի պաշտոնից, Հայաստանը կվերագտնի իր ձայնը, արժեքներն ու տեսլականը. Վարդան Օսկանյան

Հուլիս 24,2025 11:56

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին շաբաթներին ժողովրդավարական աշխարհում արագորեն աճում է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի վերադարձի իրավունքի հանդեպ՝ այն մարդկանց, որոնք բռնի կերպով տեղահանվել են 2023 թվականին Ադրբեջանի իրականացրած բիրտ շրջափակման և ռազմական հարձակման հետևանքով։

Երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ութսունյոթ անդամներ նամակ են հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով ԱՄՆ-ին անհապաղ ներգրավվել՝ ապահովելու այս մարդկանց «հավաքական, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը»։ Այս նախաձեռնությանը նախորդել են Բելգիայի խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի բանաձևերը, ինչպես նաև Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնության առաջադրումը։ Ավելի քան 100 բրիտանացի պատգամավոր նույնպես իրենց աջակցությունն են հայտնել։ Միջազգային համաձայնությունը հստակ է․ էթնիկ զտումը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի հարցում վերջին խոսքը։

Այն, ինչ Ադրբեջանը իրականացրեց 2023-ին, դա նախապես ծրագրված սովամահության, շրջափակման, ռազմական հարձակման և ջնջման արշավ էր։ Լաչինի տասնամսյա շրջափակումը հայ քաղաքացիական բնակչությանը զրկեց սննդից, դեղորայքից, վառելիքից և բժշկական օգնությունից։ Շրջափակումը ավարտվեց ռազմական ներխուժմամբ, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ սպանվեցին, իսկ ողջ մնացած հայ բնակչությունն ստիպված եղավ փախչել։ Դրանից հետո Ադրբեջանը սկսեց հայկական տների, եկեղեցիների, հուշարձանների և գերեզմանոցների համակարգված ոչնչացումը՝ ոչ միայն մարդկանց տեղահանելու, այլև նրանց պատմությունը ջնջելու և ապագան բացառելու նպատակով։

Ավելին՝ Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել Արցախի ղեկավարությանը, ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նամակը զուտ խորհրդանշական չէ։ Այն ամերիկյան հավատարմության փորձաքարն է այն արժեքների հանդեպ, որոնք ինքը հռչակում է։ Ստորագրողները իրավացիորեն հիշեցնում են պետքարտուղար Ռուբիոյին, որ միջազգային իրավունքը չի թույլատրում զանգվածային արտաքսումը մնալ անպատիժ։ Եթե Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները չպնդեն Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը, նրանք ոչ միայն կխրախուսեն ագրեսիան, այլև վտանգավոր նախադեպ կստեղծեն ողջ աշխարհի համար։

Ահա թե ինչու Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնությունը վճռորոշ նշանակություն ունի։ Այն առաջարկում է միջազգային բանակցային հարթակ՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ և երաշխավորված վերադարձը իրենց տները։ Նախաձեռնությունն արձանագրում է, որ տեղահանված ժողովուրդներից չի կարելի սպասել վստահություն այն ռեժիմի հանդեպ, որը նրանց ենթարկել է էթնիկ զտման։ Միջազգային ներկայությունը պետք է երաշխավորի նրանց անվտանգությունը, պահպանի նրանց մշակութային ժառանգությունը և ապահովի նրանց կենսունակությունը։

Այս տեսլականն առաջ տանելու փոխարեն՝ Հայաստանի ներկա ղեկավարությունը ձգտում է այն քանդել։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Ղարաբաղի հարցը փակված է», դավաճանություն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ և լրջորեն խաթարում է Հայաստանի բարոյական հեղինակությունն ու դիվանագիտական դիրքերը։

Այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա կամ հեռացվի պաշտոնից, Հայաստանը կվերագտնի իր ձայնը, արժեքներն ու տեսլականը։ Նոր պատերազմի վտանգը կնվազի։ Երկրի ռազմավարական դիրքը կուժեղանա, քանի որ Փաշինյանն արդեն նույնացվել է ձախողման հետ։ Նրա հեղինակությունը սպառված է, դաշնակցային կապերը՝ խարխլված, և նրա ղեկավարությունը վստահություն չի ներշնչում ո՛չ արտասահմանում, ո՛չ էլ ներսում։ Նրա կառավարման ընթացքում Հայաստանը կորցրել է տարածքներ, կյանքեր և արժանապատվություն։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ նրա ժողովրդականությունը նվազել է՝ հասնելով մոտ տասներեք տոկոսի։

Նոր կառավարությունը՝ հիմնված ազգային նպատակների և սկզբունքների վրա, կարող է ընտրել նոր ուղի՝ ինքնիշխանության և իր ժողովրդի հետ համերաշխության ուղի։ Այն կարող է վերականգնել հույսը տեղահանվածների համար, հստակությամբ ու վճռականությամբ ներգրավել դաշնակիցներին և առաջնորդել Հայաստանը դեպի իր արժանի տեղը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031