«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Առաջարկում եմ համեմատել Նիկոլ Փաշինյանի հունիսի 10-ի և հուլիսի 23-ի Հայ Առաքելական եկեղեցին կազմաքանդելու ծրագրերը: Եթե հունիսի 10-ին նա համարում է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ» և կարող է արտաքուստ որոշ միամիտների մոտ տպավորություն թողնել, թե նրա պայքարը Կաթողիկոսի դեմ է, իսկ մտահոգությունը վերջինիս բարեվարքությունն է կամ դրան առնչվող ենթադրյալ հարցերը, ապա երեկ Փաշինյանն արդեն ավելի հեռուն է գնում ու հստակ արտահայտում իր նպատակը:
Այսպես, նա առաջարկում է Ամենայն հայոց Կաթողիկոսին փոխարինել «որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա»-ով, այնուհետև նախատեսում է եկեղեցին և հոգևորականությանը գցել «Կանոնագիրք Հայոց»-ի տեքստի շուրջ երկարատև, անսպառ և անօգուտ սխոլաստիկական վեճերի շուրջ, և ապա միայն նախատեսում կաթողիկոսական ընտրություններ (ընդ որում, նախատեսում է միայն իրեն հայտնի մեթոդներով ստուգել «Կաթողիկոսի բոլոր թեկնածուների բարեվարքությունը»): Հուլիսի 23-ի Փաշինյանի գրառումը արդեն որևէ կասկած չի թողնում նրա իրական նպատակի վերաբերյալ. ԿԱԶՄԱԼՈՒԾԵԼ և ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ՝ վճռական հարված հասցնելով հայ ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկին:
Մի առանձին վերլուծության առարկա է սահմանված «չափանիշներին» համապատասխան «կազմակերպչական խմբի» և դրա ղեկավարի ընտրության հարցը: Հրաշալի պատկերացնելով ներկայացված չափանիշների պրակտիկ անկիրառելությունը՝ Փաշինյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ իրեն կհաջողվի «Աստծու օգնությամբ», «հոգու աչքերով» (հունիսի 10) կամ «հաղորդակցության մեջ ստուգման տրամաբանությամբ» (հուլիսի 23) գտնել իր պատկերացրած թեկնածուներին: Դե, իսկ ղեկավարի հարցում երկու կարծիք լինել չի կարող․ դա «ամենայն հայոց մարգարեն» է, որովհետև նա և միայն նա կարող է իրեն թույլ տալ նման միստիկ, իռացիոալ հայտարարություն. «Հասկանալի է նաև, որ հայտարարելով, որ ես առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, նախ ինքս պիտի համապատասխանեմ բոլոր չափանիշներին։ Ու քանի որ հայտարարել եմ, որ առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, ուրեմն համապատասխանում եմ այդ չափանիշներին»: Բրավո: Ինչպիսի ԾԱՂՐ մարդկային բանականության նկատմամբ: Այս միտքը ռացիոնալ վերլուծության չի տրվում, քանի որ պարզ ՍՈՓԵՍՏՈՒԹՅՈՒՆ է և կարող է իր արժանի տեղը գրավել անթույլատրելի մտավոր մանիպուլյացիաների և տրամաբանական սխալների շտեմարանում:
Կարդացեք նաև
Կարծում եմ՝ ակնհայտ ու պարզ է, որ հայ հասարակության աչքի առաջ, հավանաբար ակնկալելով այդ հասարակության միամիտ կամ միգուցե մանիպուլատիվ քարոզչության տակ գտնվող զանգվածի աջակցությունը, պետական իշխանությունը ամենաբարձր մակարդակով փորձ է անում կազմաքանդել Հայ առաքելական եկեղեցին, հրահրել հասարակական խժդժություններ և բախումներ, իրականացնել անօրինական, հակասահմանադրական գործողություններ՝ անուղղելի վնաս հասցնելով մեր երկրի և պետության միջազգային հեղինակությանը: Իսկ թե այդ ամենը ում շահերից է բխում, դատեք ինքներդ․․․