Հուլիսի 23-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի անձնակազմին ներկայացրեց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանին։
Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար։
Նշենք, որ 2002թ․-ից Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Կարո Շահբազյանը։ Օրերս նա հրաժարականի դիմում է ներկայացրել։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Շահբազյանին՝ ծավալած բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար։
Լիլիթ Պետրոսյանը, հիմնվելով տնտեսագիտության, ոչ-առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև լեզվաբանի մասնագիտական կրթության և արվեստի կառավարման ավելի քան 25 տարվա իր փորձի վրա, խորը և մանրակրկիտ պատկերացում ունի ժամանակակից ֆիսկալ և սոցիալական միջավայրում արվեստի կազմակերպման և կրթության կարիքների և առաջնահերթությունների վերաբերյալ:
Կարդացեք նաև
Լ. Պետրոսյանը 1993-1998թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի «Ռոմանագերմանական լեզուներ և գրականություն» անգլիական բանասիրության բաժնում՝ ստանալով «բանասեր, ուսուցիչ» որակավորում: 2002-2005 թթ. սովորել է ԵՊՀ-ի «Տնտեսագիտություն» ֆակուլտետի կառավարման բաժնում՝ ստանավով «Տնտեսագետ»-ի որակավորում: 2018-2019 թթ. մասնակցել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Ոչ-առևտրային կազմակերպությունների կառավարում» սերտիֆիկացված դասընթացի:
Լիլիթ Պետրոսյանը 1998թ. սեպտեմբերից մինչ 2016թ. աշխատել է Երևանի պետական համալսարանի անգլիական բանասիրության ամբիոնում, որպես անգլերեն լեզվի դասախոս:
Լ. Պետրոսյանը արվեստի ոլորտում մասնագիտական գործունեությունը սկսել է 1998 թ.-ին՝ միանալով Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբին որպես հասարակայնության հետ կապերի պատասխանատու: 2001-2003 աշխատել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ում որպես տնօրենի օգնական և արտաքին կապերի պատասխանատու: 2002-ին նշանակվել է «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության», մշակութային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ: 2004-ից մինչ 2006 թթ. աշխատել է «Գրքի և մեդիայի միջազգային գործակալությունում», Բեռլին (IBM Agency, Berlin), որպես կրթական և մշակութային նախագծերի մշակող և համակարգող: 2006-2010 թթ. ընթացքում աշխատել է «ՀՀ պետական կառավարման ակադեմիա»-ում որպես անգլերեն լեզվի դասախոս և «ՀՀ Ազգային Ժողովի վերահսկիչ պալատ»-ում որպես ավագ մասնագետ: 2010-2014 թթ. աշխատել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ում որպես մենեջմենթի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու: 2011-2023 հանդիսացել է «Բալետ 2021»զարգացման հիմնադրամի տնօրեն: 2024 թ․ մարտ ամսից մինչ այժմ աշխատել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամում որպես Արվեստների կլաստերի համակարգող։
Լ. Պետրոսյանը իր գործունեության ընթացքում համակարգել և իրականացրել է բազմաթին նախագծեր, այդ թվում սեմինար-վարպետության դասեր, «Bad Boys of Dance» ամերիկյան պարային խմբի և Հայաստանի ազգային բալետի «Rock the Ballet և La Revancha del Tango» համատեղ ծրագիր, «Դուդուկի Երաժշտությունը» որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգություն հռչակման ծրագիր, Եվրոպայի խորհրդի, STAGE նախագծի «ԳՐԱԴԱՐԱՆ 2011, հայկական գրադարանների ռազմավարություն» ծրագիր, Եվրոպայի խորհրդի, STAGE նախագծի, «Գիրքը և գրահրատարակությունը Հայաստանում. Ուրվագիծ» (Քաղաքականության զեկույց), Եվրոպայի խորհուրդը, STAGE նախագիծ, «Գիրքը և գրահրատարակությունը Հայաստանում» պետական աջակցության օրենքի մեկնաբանություններով նախագիծ:
2015-2018 թթ. հանդես է եկել որպես «Զույգ Արեգակներ» միջազգային բալետային նախագծի, Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» բալետի, Հարավային Կորեայում «The Last Princess» միջազգային պարային ծրագրի տնօրեն և պրոդյուսեր:
Մասնագիտական վերապատրաստման շրջանակներում մասնակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող՝ «Արվեստի նորարար բրենդավորում», «Քրաուդֆանդինգի դասընթաց» և «Արվեստ և մշակույթ՝ ֆոնդհայթաթման և բիզնես մոդելների նոր տարբերակներ» դասընթացներին: