Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ սեփականատերը պարտավոր է կատարել մինչեւ 2034 թվականի պլանային ներդրումային ծրագիրը․ Մեսրոպ Մեսրոպյան

Հուլիս 24,2025 14:13

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը մինչեւ 2034 թվականը հաստատված է եւ սեփականատերը պարտավոր է շարունակել պլանային ներդրումները․ այսօր կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Իրենք պարտավոր են իրենց պլանավորված ներդրումներն անել այնպես, ինչպես կանեին, երբ չկար նշանակված ժամանակավոր կառավարիչ։ Ժամանակավոր կառավարիչի նշանակման հարցն առաջ է եկել այն պահից, երբ կառավարության լիազոր մարմնի կողմից, տվյալ դեպքում՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանից, ՀԾԿՀ-ը ստացել է հաղորդագրություն, որում հարց է բարձրացվում ՀԷՑ-ում կառավարման մենեջմենթի, տեխնիկական սպասարկման վատ որակի, մատուցվող ծառայությունների որակի, կատարված ներդրումների անարդյունավետության վերաբերյալ»,- ասաց Մեսրոպ Մեսրոպյանը։

Լրագրողը հետաքրքրվել էր՝ ինչո՞ւ պետք է սեփականատերերը շարունակեն միլիարդների ներդրումներ անել, երբ ընկերությունը կառավարում է ոչ իրենց կողմից նշանակված կառավարիչը, սեփականատերը չի կարող վստահ լինել, որ իր ներդրումները ճիշտ են կառավարվում, ակնկալվող եկամուտը գեներացվելու է։

Ի դեպ, Մեսրոպ Մեսրոպյանը չմեկնաբանեց ՀԷՑ-ի մասով միջազգային արբիտրաժի որոշումը, իր լիազորությունների շրջանակից դուրս է հարցը։

Երեկ հայտնի դարձավ, որ 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից»։

Դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝ ⁠ ⁠բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, ⁠ ⁠փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, ⁠ ⁠հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները ⁠ ⁠և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը։

ՀՀ կառավարության պատասխան հայտարարության մեջ էլ ասվում է․ «Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը եւ ընթացակարգերը»։

Լրագրողներից մեկի հարցին էլ՝ ՀԷՑ-ում Ռոման Պետրոսյանի նշանակվելուց հետո այլեւս էլեկտրաէներգիայի անջատումներ չե՞ն լինելու, Մեսրոպ Մեսրոպյանը պատասխանեց՝ մեկը մյուսի հետ կապ չունի․ «Լույսերը կարող են մարել եւ դրանից առաջ, եւ էսօր, եւ վաղը, որովհետեւ լույսերի մարելու գործընթացն այնպիսի գործընթաց է, որ որեւէ կառավարիչ, պետական ղեկավար, սեփականատեր չի կարող բացառել։ Հարցը այն է, թե այդ լույսերն ի՞նչ հաճախականությամբ, պատճառով ու տեւողությամբ են մարում, ի՞նչ արագությամբ են մարման հետեւանքները վերացնում»։

Հոսանքի գնի թանկացման մասին լրագրողների հարցերին Մեսրոպ Մեսրոպյանը հստակ պատասխաններ չտվեց։

Նա պնդեց, որ Ռոմանոս Պետրոսյանին կառավարիչ նշանակելու որոշումը բացառապես իրենն է եղել ու որոշումը կայացրել է՝ հիմնվելով ՊՎԾ-ում վերջինիս դրսեւորած կառավարչական ունակությունների վրա։ Նաեւ ասաց, որ ՀԷՑ-ի դեմ գործընթաց սկսել է՝ այդ թվում նաեւ ԱԺ-ով իրեն տրված վերջին լիազորությունների շրջանակում՝ առկա բողոքների հիման վրա։ Իսկ ՀԷՑ-ի գործընթացների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների քաղաքական բնույթի հայտարարությունները, դրանք իբրեւ միջամտություններ, այդ թվում նաեւ իր որոշումների վրա ազդելու հնարավորությունները բացառեց՝ հավելելով, որ իր պաշտոնի անձնագիրը թույլ չի տալիս, որ լրագրողների քաղաքական բնույթի հարցերին ինքը պատասխանի։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրողները հետաքրքրվեցին «Վեոլիա Ջրի» պետականացման մասին, քանի որ այդ համակարգում էլ բազմաթիվ են խնդիրներն ու բողոքները։ Մեսրոպ Մեսրոպյանը նախ հստակեցրեց՝ համակարգը «Վեոլիա Ջրի» սեփականությունը չէ, այն պետական է։ Ապա ասաց՝ իհարկե խնդիրներ կան, իհարկե դրանցով հետաքրքրվում է պետությունը, բայց նաեւ պարզաբանեց՝ համակարգը նախատեսված է ավելի քիչ թվով սպառողների համար, մինչդեռ սպառողների թիվն աննախադեպ ավելացել է։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031