Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում դարձյալ մեծ կուտակումներ են․ այսօրվա դրությամբ հերթում կա 3600 մեքենա, որից մոտ 1500-ը հայկական բեռնատարներն են։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց բեռնափոխադրող ընկերության ղեկավար Վարուժան Քոլյանը։
Յուրաքանչյուր տարի այս սեզոնին Լարսի անցակետի ռուսական կողմում այս խնդիրն առկա է։ «Հանգստի սեզոնին այս խնդրին մենք ամեն տարի բախվում ենք։ Հենց սեզոնը բացվում է, դեպի Վրաստան տուրիստական հոսքերը սկսվում են, առաջնահերթություն է տրվում մարդատար մեքենաներին, իսկ բեռնատարները երկրորդ պլան են մղվում։ Այս դեպքում, կարելի է ասել, բոլոր գծերն աշխատում են մարդատարերի համար։ Մեկ, մաքսիմում երկու գիծ թողնվում են բեռնատարների համար, վրացական կողմը մեկ գիծ է թողնում բեռնատարների համար, եւ թողունակությունը նվազում է։ Մենք այս խնդիրն ամեն տարի արձանագրում ենք, երբ արձակուրդի սեզոնը սկսվում է, խայտառակ վիճակ է լինում, մինչեւ սեպտեմբեր այս վիճակը ձգվում է»,- ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքով՝ այս խնդրիրը հնարավոր է լուծել անցակետի թողունակությունը բարձրացնելով, բայց հարց է ծագում՝ արդյոք պատրա՞ստ են սեզոնային լուծում տալ այս հարցին․ «Այսինքն՝ եթե մյուս ամիսներին թողունակությունը բավականացնում է, այս երկու ամսվա համար իրենք ինչ-որ քայլեր կանեն, թե՞ ոչ»։
Վարուժան Քոլյանի խոսքով՝ այս իրավիճակում հայ բեռնափոխադրողները մեծ վնաս են կրում։ «Այդ մեքենան գնվել է, որ գումար աշխատի, ինքը գումար է աշխատում, երբ շարժման մեջ է։ Ինչքան մեքենան կանգնած է, այնքան բեռնափոխադրողը մինուս է գնում։ Վարկերը, տոկոսները, հարկերը պետք է վճարվեն, բայց այդ մեքենան ինչ-որ իքս բեռնափոխադրումը պետք է ավարտի, որ գումար փոխանցեն, որ վճարումները կատարվեն։ Հետեւաբար, քանի մեքենան կանգնած է, գումար չի աշխատում»։
Կարդացեք նաև
Լարսի անցակետի՝ Վրաստանից դեպի Ռուսաստան հատվածում նույնպես հերթեր կան այս օրերին, բայց դրանք քիչ են։ Վարուժան Քոլյանի խոսքով՝ Վրաստանից դեպի Ռուսաստան ավտոմեքենաները հերթում մնում են 4-5 օր, որից հետո հատում են անցակետը։ «Իսկ ռուսական կողմում մենք մեքենաներ ունենք, որ շաբաթից ավելի հերթի մեջ են եւ դեռ մի քանի օր էլ կկանգնեն»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ