«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Այսօր ցանկանում եմ անդրադառնալ Ալիևի հուլիսի 20-ի ելույթի՝ Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների հետ կապված հատվածին։
ԵՄ-ի առնչությամբ Ալիևն իր խոսքում նշում է․ «Մենք նաև բարդ ժամանակներ ենք ապրել նախորդ Եվրոպական հանձնաժողովի հետ։ Բայց այժմ, նոր հանձնաժողովի հետ, մենք ստացել ենք շատ դրական ուղերձներ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարությունից՝ և, իհարկե, մենք նույնպես դրական արձագանք ենք տվել․․․»։
Հետո նա հավելում է․ «Բացարձակ անկեղծ լինելով՝ կասեմ, որ արևմտյան հանրային կարծիքը, որը ձևավորվում է արևմտյան մեդիայի ազդեցությամբ, չափազանց բացասական և անարդար է Ադրբեջանի նկատմամբ։ Մենք փորձել ենք փոխել դա, բայց դա չի աշխատում։ Եվ ոչ այն պատճառով, որ մենք ակտիվ չենք եղել — մենք շատ ակտիվ ենք եղել — այլ որովհետև եվրոպական քաղաքական սպեկտրում կան որոշակի կանոններ և մեխանիզմներ, որոնք ուղղված են Ադրբեջանին դեմոնիզացնելու և մեր երկրի մասին կեղծ լուրեր ու ասեկոսեներ տարածելու վրա։ Դրա մի քանի պատճառներ կան։ Դրանցից մեկը, որը չպետք է թերագնահատել, համախմբված հայկական լոբբիստական խմբերն են, որոնք շատ ակտիվ են ԱՄՆ-ում։ Եվ մենք գիտենք — և դուք էլ գիտեք — թե ինչպես արևմտյան որոշ մեդիաներ, այդ թվում՝ Գերմանիայում, գտնվում են ԱՄՆ-ի ազդեցության տակ։ Այսպիսով, երբ լուսաբանման ուղղությունը գալիս է հայամետ մեդիայի ազդեցության տակ գտնվող հակա-ադրբեջանական շրջանակներից, մենք բախվում ենք համախմբված մեդիա հարձակման Ադրբեջանի նկատմամբ․․․»։
Կարդացեք նաև
Նա նաև խոսում է ԵՄ—Ադրբեջան գազային համագործակցության մասին և նշում․ «Այսօր Հարավային Գազային Միջանցքն աշխատում է իր առավելագույն հզորությամբ։ Այդ պատճառով՝ նոր ուղղությունների հասնելու համար մենք օգտագործում ենք տարբեր փոխկապակցիչներ (interconnectors), բայց հիմնական խողովակաշարը լիովին բեռնված է։ Այն ընդլայնելու համար մեզ անհրաժեշտ են միջոցներ։ Մեզ անհրաժեշտ է փոխառու գումար։ Հետևաբար, ես կարծում եմ, որ եվրոպական հաստատությունները պետք է հաշվի առնեն այս իրավիճակը և վերանայեն իրենց քաղաքականությունը, որպեսզի հնարավոր լինի ֆինանսավորում ներգրավել։ Այս պայմաններում, այն, ինչ այսօր թվում է արդեն ավարտված գործարք, իրականում կարող է զարգանալ։ Ուստի՝ միանշանակ, տարբեր պատճառներով, Եվրոպայում Ադրբեջանի գազի պահանջարկը կմնա՝ և այն միայն կաճի»։
Ես այս հատվածը կարևոր եմ համարում, քանի որ առաջին անգամը չէ, որ Ալիևը բողոքում է ֆինանսական խնդիրներից։ Թեև Եվրոպան փորձում է ադրբեջանական գազը դիտարկել որպես այլընտրանք ռուսական մատակարարումներին, բայց փաստական տվյալները ցույց են տալիս՝ Ադրբեջանը չի կարող բավարարել Եվրոպայի առաջ ստանձնած պարտավորություններն առանց ռուսական, թուրքմենական կամ իրանական գազի:
Այժմ Ադրբեջանն օգտվում է ռուսական գազային մատակարարումներից, ուստի ստացվում է՝ Եվրոպան ձեռք է բերում նույն ռուսական գազը, բայց Ադրբեջանի միջնորդությամբ: Ըստ էության, հենց այդ պատճառով է Մոսկվան լուռ և չեզոք դիրքորոշում որդեգրեց Ադրբեջան–ԵՄ գազային համագործակցության հարցի շուրջ:
Հատկանշական է, որ դեռևս անցած տարվա փետրվարի 22-ին Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարները ստորագրեցին դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր, որտեղ բազմաթիվ այց հարցերի հետ մեկտեղ նշվում էր. «ՌԴ–ն ու Ադրբեջանը զերծ կմնան ցանկացած տնտեսական գործունեություն իրականացնելուց, որն ուղղակի կամ անուղղակի վնաս է հասցնում մյուս կողմի շահերին»:
Իրականությունն այն է, որ չունենալով համապատասխան գազային պաշարներ՝ Ադրբեջանը վերջին երկու երեք տարիներին ձեռք է բերել կարևոր պայմանավորվածություններ ԵՄ-ի հետ էներգետիկ ոլորտում: Դա էլ, իր հերթին, ունենում է քաղաքական հետևանքներ. օգնում է, որ ժողովրդավար Եվրոպան աչք փակի Ադրբեջանի բռնապետական ռեժիմի վրա, ավելին՝ սերտորեն համագործակցի Բաքվի ավտորիտար վարչակարգի հետ:
Ընդ որում, գազային մեծ բլեֆի թեմային ես անդրադարձել էի դեռ երկու տարի առաջ…