Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շուրջ 20 տարի իրականացնում է զորակոչի գործընթացի մշտադիտարկում, զինվորական հաշվառման ենթակա և պահեստազորում հաշվառված անձանց, զորակոչիկների իրավունքների և պարտականությունների շարունակական իրազեկում և իրավական խորհրդատվության տրամադրում։
2024 թվականի ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում զորակոչի և զինվորական հաշվառման հետ կապված հարցերով Կազմակերպություն է դիմել 131 անձ, որոնցից՝ 87 (66 %) զորակոչիկ, 30 (23 %) պահեստազորում հաշվառված անձ, 10 (8 %) օրենքի պահանջների խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացի, 4 (3 %) զինվորական հաշվառման ենթակա անձ։ 2024 թվականի ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում ի թիվս նոր խնդիրների, արձանագրվել են նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից տարիներ շարունակ բարձրաձայնվող խնդիրները, որոնք մինչ այժմ լուծում չեն ստացել։ Ստորև ներկայացնում ենք արձանագրված խնդիրները զորակոչը, վարժական հավաքները կարգավորող օրենսդրական բացերի, դրանց կազմակերպման և իրականացման գործընթացի վերաբերյալ։
Օրենսդրական խնդիրներ Պաշտպանական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը փորձ է արվում լուծել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար քաղաքացու պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի փոփոխությամբ և լուրջ առողջական խնդիրներով զորակոչիկներին առանց պատշաճ և թանկարժեք բժշկական հետազոտությունների իրականացման զինվորական ծառայությանը պիտանի ճանաչելով և զորակոչելով։
Օրենքով ամրագրված չեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչի ընթացքում զինվորական ծառայությանը զորակոչիկին պիտանի ճանաչելու վերաբերյալ ընդունված վարչական ակտերի՝ ԿԲՀ եզրակացությունների, գործողության կամ անգործության դեմ ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերի քննության և դրա շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննությունների կատարման այնպիսի ժամկետներ, որպեսզի վերջնական դատական ակտը ուժի մեջ մտնի մինչև զորակոչի ավարտը։
Կարդացեք նաև
2024 թվականին ՀՀ կառավարության 2018 թ. N 404-Ն որոշման մեջ 7 հոդվածներում կատարված փոփոխությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար քաղաքացու զինվորական ծառայությանը պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի վերաբերյալ չեն համապատասխանում զորակոչիկների և զինծառայողների մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում պետության ստանձնած պարտավորություններին։
Դրանք միտված են զինվորական ծառայության համար պիտանի ճանաչվող զորակոչիկների թվաքանակի ավելացմանը՝ անտեսելով վերջիններիս մոտ առկա առողջական խնդիրները, ինչը մեծացնում է առողջական խնդիրներով զինվորական ծառայության զորակոչված անձանց առողջական վիճակի վատթարացման ռիսկերը, հետևաբար բացասական ազդեցություն է ունենում նրանց զինվորական պարտականությունների արդյունավետ կատարման վրա, ոճը հանգեցնում է զինծառայողների մարդու իրավունքների խախտումներին։
Առողջական խնդիրների վատթարացման ռիսկերի մեծացման վառ օրինակ է մտավոր հետամնացություն ունեցող անձանց զինվորական ծառայության զորակոչելը, ինչը նաև խտրական վերաբերմունք և տարբերակված մոտեցում է այն զորակոչիկների նկատմամբ, ովքեր ներկայումս ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, մինչդեռ նախկինում՝ 2019 թվականի հուլիսի 25-ից մինչև 2024 թվականի ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում նույն խնդիրով զորակոչիկները ճանաչվում էին ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար։ Զինվորական ծառայության զորակոչվելուց առաջ և դրա ավարտից հետո որոշ զինծառայողների մոտ արձանագրվում է առողջական վիճակի վատթարացում, մինչդեռ օրենքով դեռևս ամրագրված չէ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց առաջ զինծառայողների առողջական վիճակի պատշաճ և համալիր հետազոտության իրականացման վերաբերյալ դրույթը, որպիսին առկա է զորակոչի դեպքում։
Գործնականում առկա խնդիրներ Առողջական վիճակի թերի հետազոտությունների իրականացման խնդիրներ Զորակոչիկների գանգատները շարունակում են անտեսվել, զինվորական բժշկական հանձնաժողովները զորակոչիկներին ոչ բոլոր առողջական խնդիրների հիման վրա են ուղեգրում բժշկական զննությունների և չի իրականացվում զորակոչիկների առողջական վիճակի ամբողջական, համալիր հետազոտություն, ինչի արդյունքում զինվորական ծառայությանը զորակոչիկի պիտանիության մասին որոշումը փաստացի կայացվում է առողջական վիճակի թերի հետազոտությունների հիման վրա։
Զորակոչային բժշկական հանձնաժողովները զորակոչիկներին առողջական վիճակի հետազոտությունների ուղեգրելիս հիմնվում են միայն զորակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ պոլիկլինիկայի ամբուլատոր քարտում առկա տվյալների վրա, մինչդեռ խնդիրն այն է, որ որոշ զորակոչիկների գանգատները պոլիկլինիկաներում չեն արձանագրվում և արդյունքում զորակոչիկների առողջական խնդիրների մի մասը մնում է չբացահայտված։ Անտեսվում են զինվորական ծառայությանը զորակոչիկների պիտանիության սահմանման համար որոշիչ նշանակություն ունեցող առողջական խնդիրները։
* Որպես դրական փոփոխություն նշենք, որ վերջին տարիներին Կազմակերպությունն արձանագրել է, որ առանձին դեպքերում զորակոչային բժշկական հանձնաժողովներն իրենք են բժշկական հետազոտությունների արդյունքում բացահայտում զորակոչիկների լուրջ առողջական խնդիրները, որոնց մասին նույնիսկ իրենք՝ զորակոչիկները տեղեկացված չեն եղել։ Զորակոչի գործընթացի պատշաճ իրականացման ապահովման հարցում սույն մոտեցումը չափազանց կարևոր գնահատելով հանդերձ, արձանագրում ենք, որ նման դեպքերը կրում են եզակի բնույթ՝ մեծապես զիջելով թերի հետազոտությունների իրականացման արդյունքում զորակոչիկներին պիտանի ճանաչելու արատավոր պրակտիկային։ Զորակոչային բժշկական հանձնաժողովների կողմից հակասական մոտեցում է դրսևորվում զորակոչիկների՝ սեփական ֆինանսական միջոցներով բժշկական հետազոտությունների իրականացման հարցում։ Մասնավորապես, որոշ զինկոմիսարիատներում զորակոչիկներին հայտնում են առողջական խնդիրների առկայության վերաբերյալ սեփական միջոցներով իրականացված բժշկական հետազոտությունների ներկայացման անհրաժեշտության մասին, մինչդեռ այլ զինկոմիսարիատներում հրաժարվում են ընդունել զորակոչիկների սեփական միջոցներով իրականացված բժշկական հետազոտության արդյունքները՝ պատճառաբանելով, որ դրանք, իբր, կարող են կեղծված լինել զորակոչիկների կողմից՝ «բժիշկների հետ համագործակցության արդյունքում»։
Ստեղծվում է իրավիճակ, երբ մի կողմից առողջական խնդիրը չի բացահայտվում զորակոչի շրջանակներում իրականացված բժշկական հետազոտությունների ընթացքում, իսկ մյուս կողմից զորակոչիկի ներկայացրած առողջական վիճակի հետազոտության արդյունքները հաշվի չեն առնվում Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից՝ կասկածի տակ դնելով դրանց օրինականությունը։ Արդյունքում առողջական խնդիր ունեցող զորակոչիկի՝ զինվորական ծառայությանը պիտանիության մասին որոշումը կայացվում է բժշկական թերի հետազոտությունների հիման վրա։ Բժշկական հաստատությունները շարունակում են հրաժարվել զորակոչային տարիքի անձանց իրենց սեփական ֆինանսական միջոցներով հետազոտելուց, նշելով, որ կա «հստակ ցուցում չհետազոտելու 17 տարեկանից բարձր արական սեռի քաղաքացիներին»։
Եզակի դեպքերում, երբ բժիշկն ի սկզբանե տեղեկացված չէ սեփական ֆինանսական միջոցներով հետազոտվող անձի զորակոչիկ լինելու հանգամանքի մասին և հետազոտելուց հետո է միայն տեղեկանում այդ մասին, հայտնում է, որ «չի կարող արձանագրել իր նկատած բոլոր խնդիրները», քանի որ մտահոգություն ունի, որ այդ պարագայում «կարող է խնդիր ունենալ»։
Որոշ քաղաքացիական բժշկական հաստատություններ զորակոչային տարիքի անձանց հետազոտում և բուժում են իրականացնում միայն զինկոմիսարիատների կողմից տրված ուղեգրերի հիման վրա։ Որոշ դեպքերում հրատապ բուժում պահանջող առողջական խնդիրներով զորակոչիկներին հրաժարվում են ընդունել բուժհաստատություններում նույնիսկ սեփական ֆինանսական միջոցներով, հորդորելով ներկայացնել զինկոմիսարիատի կողմից տրված ուղեգիրը։ Արդյունքում նույնիսկ հրատապ բուժում պահանջող առողջական խնդրով, օրինակ՝ թոքաբորբ ունեցող զորակոչիկը ստիպված է սպասել շուրջ 20 օր, որպեսզի զինկոմիսարիատից ստանա ուղեգիր հետազոտվելու համար։
Մի քանի առողջական խնդիր ունեցող զորակոչիկներն առնչվում են բժշկական թերի հետազոտությունների հետ կապված խնդրի մեկ այլ դրսևորմանը։ Առողջական խնդիրներից մի քանիսով հետազոտվելու համար ուղեգիր ստանալուց հետո, երբ զորակոչիկը պահանջ է ներկայացնում իր բոլոր առողջական խնդիրների կապակցությամբ իրեն հետազոտելու մասին, զինկոմիսարիատում զորակոչիկին հայտնում են, որ նա արդեն իսկ ունի բազմաթիվ ուղեգրեր և նոր ուղեգրերի կարիք չկա։
Փաստացի, հաշվի առնվում այն հանգամանքը, որ ուղեգրերը խնդիրներից միայն մեկ կամ մի քանիսի հետազոտության նպատակով են։ Մինչդեռ մյուս առողջական խնդիրների կապակցությամբ զորակոչիկները չեն ուղեգրվում հետազոտությունների, ինչի արդյունքում պիտանիության մասին որոշումը կայացվում է զորակոչիկների առողջական վիճակի ոչ ամբողջական հետազոտությունների հիման վրա։
Զորակոչիկներին փորձաքննելիս հաշվի չի առնվում սեզոնային հիվանդությունների առավել ցայտուն արտահայտման ժամանակահատվածում վերջիններիս բժշկական փորձաքննության ենթարկելու կարևորությունը, և նրանք փորձաքննվում են իրենց առողջական խնդրի մեղմ դրսևորման ժամանակահատվածում, ինչի արդյունքում զինվորական ծառայության ընթացքում նրանց առողջական վիճակը վատթարանում է զորակոչվելուց ամիսներ անց։ Գործնականում առկա այլ խնդիրներ Անձի մոտ 5 և ավելի հիվանդության առկայության դեպքում ԿԲՀ-ի կողմից շեշտը դրվում է միայն հիվանդությունների քանակի վրա, և նույն անձի մոտ զուգահեռաբար մի քանի հիվանդության պարագայում հնարավոր ծանրաբեռնվածության և ընդհանուր առողջական վիճակի և դրա հնարավոր վատթարացման հանգամանքը շարունակվում է չդիտարկվել։
Միաժամանակ մի քանի հիվանդության դեպքում չեն սահմանվում զինվորական ծառայությանը անձի պիտանիությունը որոշելու իրավական հիմքերը. անձի մոտ առկա հիվանդությունները դիտարկվում են մեկը մյուսից առանձին, չդիտարկելով անձի առողջական վիճակի ողջ պատկերը և զինվորական ծառայության պարտականությունների կատարման համար պիտանիությունը։
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից մեկ կամ ավելի անգամ բուժման նպատակով տարկետում ստացած զորակոչիկները տարկետման ժամանակահատվածում առանց բուժում ստանալու և առանց առողջական վիճակի բարելավման հաջորդ հերթական զորակոչին ճանաչվում են պիտանի կամ սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար և զորակոչվում են զինվորական ծառայության, ինչը վերստին առողջական վիճակի վատթարացման ռիսկեր է պարունակում։
Որևէ կերպ հիմնավորված չէ հետազոտության արդյունքները բողոքարկելու դեպքում զորակոչիկին ստուգիչ հետազոտության համար կրկին նույն բժշկի մոտ ուղեգրելու պրակտիկան. ակնհայտ է, որ նույն բժիշկը կաշկանդված կլինի նախկինում իր տված ախտորոշումից տարբերվող ախտորոշում արձանագրել։ Զորակոչիկների բժշկական հետազոտությունների ընթացքում չի ապահովվում անձի գաղտնիության իրավունքը. զորակոչիկների արտաքին մարմնական զննությունն իրականացվում է այլ զորակոչիկների ներկայությամբ։ ԱՐՄԵԴ հավելվածը, որը նախատեսված է զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերի առավել արագ ստացման համար, ունի մի շարք թերություններ։
Մասնավորապես՝ 2024 թ զորակոչերի ընթացքում հավելվածն աշխատում էր տեխնիկական թերություններով, զորակոչի վերջին օրերին մի քանի օր շարունակ զորակոչիկները հասանելիություն չեն ունեցել իրենց առողջական վիճակի հետազոտության արդյունքներին, հետազոտությունների ավարտից ավելի քան մեկ շաբաթ, երբեմն նաև տասն օր անց զորակոչիկների վերաբերյալ փաստաթղթերը ներբեռնված ու հասանելի չեն հավելվածում։
Բացի այդ, նախկինում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում ստացած զորակոչիկների նախորդ տարիների առողջական վիճակի հետազոտությունների վերաբերյալ ակտերը ևս հասանելի չեն ԱՐՄԵԴ հավելվածում, հետևաբար զորակոչիկները ստիպված են լինում անձամբ գնալ զինկոմիսարիատներ՝ դրանք ստանալու համար և կրկին բախվում են փաստաթղթերի չտրամադրման կամ ուշ տրամադրման խնդրին։
Շարունակում է մտահոգիչ մնալ զինկոմիսարիատների որոշ աշխատակիցների վերաբերմունքը զորակոչիկների նկատմամբ՝ զինվորական ծառայության զորակոչվելու մասին ծանուցագրից հրաժարվելու դեպքում իրավական հետևանքների վերաբերյալ հայտնելիս։
Մասնավորապես, որոշ զինկոմիսարիատներ (օրինակ՝ Լոռու մարզի) զորակոչիկներին «սպառնում են» «ռոզիսկ»-ի (քրեական հետախուզման) վտանգով՝ ծանուցագրից հրաժարվելու դեպքում։ Այսինքն, զորակոչիկներին ոչ միայն պատշաճ չեն իրազեկում իրենց իրավունքների և պարտականությունների մասին, այլև դրսևորվում է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, որը ոչ միայն հանդիսանում է մարդու իրավունքի խախտում, այլև որպես հետևանք, զորակոչիկի մոտ խիստ բացասական կարծիք և վերաբերմունք է ձևավորում զինվորական ծառայության և զորակոչի կազմակերպման համար պատասխանատու կառույցի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ։
Ամբողջական զեկույցը
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ