Sputnik. Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը սոցիալական ցանցի իր էջում հակադարձել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հայտարարությանը, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր Կարապետյանների ընտանիքը պարտավոր է շարունակել պլանային ներդրումները։ Հովհաննիսյանը հանձնաժողովի նախագահին հորդորել է ուշադիր լինել, քանի որ այս հարցում, նրա կարծիքով, Մեսրոպյանը խոր մոլորության մեջ է։
«Ձեր հանձնաժողովի տիրույթում գտնվող սուբյեկտը ՀԷՑ-ն է, այսինքն՝ իրավաբանական անձը, ֆիրման։ Դուք սեփականատիրոջ հետ գործ չունեք և չեք կարող ունենալ, նաև չեք կարող ներդրումներ պարտադրել՝ ասելով, որ պետք է ներդրում անեն։ Իրավասու չեք», – բացատրել է Հովհաննիսյանը։
Նախկին նախարարն անդրադարձել է նաև ՀԾԿՀ նախագահի հայտարարությանը, թե Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատար ինքն է նշանակել։
Հովհաննիսյանի խոսքով`«Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներում կատարված վերջին փոփոխությունները հակասահմանադրական են։
Կարդացեք նաև
«Դուք իրավասու սուբյեկտը չեք։ Սահմանադրությամբ իրավասու սուբյեկտը հանձնաժողովն է», – նշել է Արփինե Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։