Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Դեբատ» բանավեճի ակումբում անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրադարձություններին՝ ասաց. «Հանրության մեջ հիմնական քննարկման թեմա իսկապես դարձել են «Զանգեզուրի միջանցքի» եւ եկեղեցու հետ կապված խնդիրները: Շատերը հետաքրքրվում են, թե այս երկուսի մեջ կապ կա՞, թե՞ չէ եւ ինչի է այս պահին Փաշինյանը որոշել հարձակվել եկեղեցու վրա:
Տարբեր տեսակետներ, գնահատականներ են հնչում՝ դավանաբանական հարցեր ու անձնական խնդիրներ, շատերն ասում են, որ Փաշինյանը խելագար է, մյուսները, որ դրսի ինչ-որ ուժեր ուզում են, որ հայ ժողովուրդը վերանա: Ու քանի որ անորոշությունները շատ մեծ են, մարդկանց մեջ այդ խնդիրները դիցաբանականից մինչեւ պարզ կենցաղային բացատրություններ են ստանում:
Իրականությունը շատ ավելի պարզ է, քան շատերը պատկերացնում են: Հայտնի է, որ ցանկացած երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունները շաղկապված են միմյանց հետ, մեկը մյուսի շարունակությունն է: Եթե դիտարկում ենք զուտ քաղաքագիտական տեսանկյունից, ապա Փաշինյանի գլխավոր խնդիրը իր իշխանության վերարտադրումն է»:
Քաղաքագետը նշեց, որ 2018 թվականին մեծ ոգեւորություն կար, որ կա մարդ, որը կփոխի, արդարություն կբերի հասարակության մեջ: «Յոթ տարի անց հասարակության մեջ առաջացել է մեծ հիասթափություն, Հայաստանը մեծ կորուստներ է ունեցել: Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ եթե իշխանությունը կորցնի, կարող են հետեւել վտանգավոր պրոցեսներ: Եվ նրա համար լավագույն օրինակը Վրաստանն է, որտեղի «Նիկոլ Փաշինյան» Սաակաշվիլին ու նրա ընկերները նստած են բանտում: Ուստի, իշխանությունը նրա ու ընտանիքի համար կյանքի ու մահի խնդիր է դարձել:
Կարդացեք նաև
Փաշինյանը շատ լավ գիտի, որ ինքը հիմա մոտավորապես 10 տոկոս ձայն ունի, որով վերարտադրվել հնարավոր չէ: 2021 թվին ինքը վերարտադրվեց երկու կարգախոսով. նախկինները թալանչիներ են՝ պետք է գան, փողերը վերցնեն ու բաժանեն ժողովրդին եւ երկրորդ կարգախոսը, որ ինքը բերում է խաղաղություն, նախկինները՝ պատերազմ:
Հիմա Փաշինյանը հասկանում է, որ թալանչիների կարգախոսն այլեւս չի աշխատում, որովհետեւ ժողովուրդը տեսնում է, որ այս յոթ տարվա ընթացքում իրենց բդեշխները ոչնչով չեն տարբերվում նախկիններից: Ժողովուրդը տեսնում է, որ նախկինում ապրում էր վատ, իսկ հիմա ավելի վատ, Ղարաբաղն էլ չկա, հասկանում է, որ եթե նախկինը վատն էր, սա վատից էլ վատն է, թալանը նույնն է, սոցիալական անարդարությունը նույնն է: Ուղղակի առանց Ղարաբաղի եւ անվտանգության:
Փաշինյանը հասկանում է, թե վերարտադրվելու համար ինչ է պետք: Իրեն պետք է նոր իդեա, որպեսզի այդ նոր իդեայով նորից խաբի ժողովրդին: Ինքը փորձում է հիմնավորել, որ եթե ես չգամ, կլինի պատերազմ, եթե ես չլինեմ, Ադրբեջանը կհարձակվի: Ու քանի որ իր օպոնենտները խոսում են Ղարաբաղը հետ բերելու մասին, նա դրանով կարող է ժողովրդին վախեցնել: Բայց որպեսզի ժողովուրդը համոզվի, որ ինքն իսկապես խաղաղություն կարող է բերել, պետք է Ալիեւից ստանա այդ խաղաղության թուղթը: Ինչպես մուրճը վերցրեց 2021 թվականին, թուղթը վերցնի, գյուղ առ գյուղ գնա ու ասի՝ բերել եմ խաղաղություն, եթե ես չլինեմ, կսկսվի պատերազմ: Այդ թուղթը կարեւոր է իր համար:
Բայց դա հասկանում են նաեւ Ալիեւը, Էրդողանը, բոլորը: Ու օգտվելով դրանից՝ ուզում են առավելագույն օգուտ քաղել: Ալիեւը պահանջում է, որպեսզի Մինսկի խումբը լուծարվի, սա համաձայնում է, ասում է պիտի սահմանադրությունը փոխես, համաձայնում է, 300 հազար ադրբեջանցիներ պետք է գան, Ալեն Սիմոնյանի շուրթերով ասաց, որ պաշտոնապես համաձայն է, միայն թե թուղթը տվեք: Հասկանալով, որ այսպես կարող է անվերջ զիջումների գնալ, Ալիեւն ասում է՝ «Զանգեզուրի միջանցքը» պիտի տաս: Դրան էլ է համաձայն ու խաբելու համար բերել է ինչ-որ ամերիկյան ընկերություն, իբրեւ ոչ թե տարածք է հանձնում, այլ վարձակալության է տալիս:
Եվ վերջապես Փաշազադեն շատ հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ: Ասաց, քանի որ Հայ առաքելական եկեղեցին նման է Վատիկանին, որն աշխարհի կաթոլիկների կենտրոնն է, իսկ Էջմիածինը աշխարհի հայերի կենտրոնը, այդ մոդելը օբյեկտիվորեն ռևանշիզմի վտանգ է:
Այսինքն, ասում են, որ եթե աշխարհի հայերը մեծամասամբ դուրս են գնացել ցեղասպանության պատճառով, իրենք բնածին ռևանշիստներ են: Եվ քանի որ բնածին «ռևանշիստներ են», ուրեմն կաթողիկոսը պետք է ընտրվի ոչ թե աշխարհի հայերի կողմից, այլ՝ տեղացի հայերի: Փաշինյանին ասում են՝ դուք պետք է Վատիկանի մոդելը փոխեք, որպեսզի մենք հավատանք, որ ճիշտ ես ասում: Եթե «ռևանշիստները» ապրում են, խոսում են, գործում են, ուրեմն դու մեզ ուզում ես խաբել: Թուղթ չենք տա ու դրա համար պետք է ապացուցես, որ մեզ չես խաբում:
Փաշինյանն էլ ասում է՝ կապացուցեմ: Սահմանադրությունը փոխելուն համաձայնել եմ, Մինսկի խմբի պահով համաձայնել եմ, ադրբեջանցիների վերադարձով համաձայնել եմ, «ռևանշիստների» մասով էլ կհամաձայնեմ: Ու որպեսզի մինչեւ ընտրությունները Ադրբեջանից այդ թուղթը ստանա, սկսել է պայքար «ռևանշիստական» ուժերի դեմ: Իսկ քանի որ ըստ ադրբեջանցիների «գլխավոր ռևանշիստը» եկեղեցին է, սկսել է պայքարել նաեւ եկեղեցու դեմ: Ու ընտրել է կենցաղային մակարդակի պայքարը: Ասում է՝ կաթողիկոսն ամուսնացած չէ բայց երեխա ունի ու նման այլ բաներ, որպեսզի ինչ-որ զանգված կարողանա հավաքել:
Ես ուզում եմ, որպեսզի մարդիկ շատ հստակ հասկանան, որ դա անում է, որպեսզի ապացուցի Ադրբեջանին եւ Թուրքիային, որ ինքն անկեղծ է պայքարում «ռևանշիստական» ուժերի դեմ: Եթե քաղաքական ուժերը երկրորդական են, ապա եկեղեցին քանի որ մնայուն կառույց է, եւ աշխարհի հայերը եկեղեցուն ենթարկվում են, պետք է եկեղեցին քանդի, կազմալուծի»,-ասաց Երվանդ Բոզոյանը:
Վերջում բանախոսը մի շատ հստակ դիտարկում արեց՝ նշելով, որ շատերն ասում են, թե եկեղեցու դեմ պայքարը «Զանգեզուրի միջանցքը» հանձնելուց մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակ է հետապնդում: Սակայն Երվանդ Բոզոյանի համոզմամբ եկեղեցու դեմ պայքարը, հեղինակազրկումը հենց «Զանգեզուրի միջանցքը» հանձնելու ճանապարհի առանցքային ու անբաժանելի քայլերից մեկն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ