Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրելով Ֆրանսիայում՝ Ժանսեմը Հայաստանը միշտ պահեց իր սրտում. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

Հուլիս 24,2025 23:13

«Այս ցուցադրությունը շատ յուրօրինակ է, իրականում այն նվիրված է Ժանսեմի ծննդյան 105-ամյակին, բայց նաեւ ունի շատ հետաքրքիր պատմություն»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային պատկերասրայի տնօրեն Մարինա Հակոբյանը՝ անդրադառնալով՝ ֆրանսիական արդի արվեստի ակնառու դեմքերից մեկին՝ Ժան Ժանսեմին (Հովհաննես Սեմերջյան) եւ պատկերասրահում բացված «Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» խորագրով ցուցադրությանը:

«Ուղիղ 20 տարի առաջ հեղինակը Հայաստանի Հանրապետությանն է նվիրում 400-ից ավել աշխատանք: Նա էլի շատ աշխատանքներ էր նվիրել, բայց 2005թ մեծ թվով աշխատանքներ տրամաբանորեն հանգրվանում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Դեռ կենդանության օրոք մենք Ժանսեմին խոստանում ենք, որ կկազմակերպենք նրա վերջին նվիրատվությունների ցուցադրությունը:

Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով դա տեւում է 20 տարի: Եվ այսօր վերջապես մեր խոստումը կատարում ենք, բայց շատ ավելի ընդգրկուն, ծավալուն եւ հետաքրքիր կոնցեպտուալ տարբերակով: Այսօր միայն Ժանսեմի նվիրատվությունները չեն ցուցադրվում՝ 120-ից ավելի գրաֆիկական թերթ ներկայացնում են նկարչի ստեղծագործական շուրջ 3 տասնամյակը՝ բոլոր տեսանկյուններից: 120-ից ավել աշխատանք ներկայացնում է նրա վիմագրական վարպետությունը: Դա շատ հետաքրքիր տեխնիկա է, երբ նկարն արվում է քարի վրա վրա, ապա փոխանցվում թղթին»,-ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը:

Նա նաեւ ընդգծեց, որ սա վերջին տասնօրյակի երրորդ ցուցադրությունն է, բայց սովորական ցուցադրություն չէ, այն յուրօրինակ է ոչ միայն մասնագիտական, այլեւ զգացմունքային առումով: Մարինա Հակոբյանի ձեւակերպմամբ, այս ցուցադրությունը նաեւ հայ-ֆրանսիական մշակութային կապերի արտահայտություն է: Նրա խոսքով, հայտնի է, որ մեր սփյուռքահայ արվեստը բավականին ուժեղ է եղել հատկապես Ֆրանսիայում:

Մանրամասն՝ տեսանյութում

1960-ականներից ի վեր Ժանսեմը պարբերաբար ցուցադրվել է Հայաստանում, ինչի շնորհիվ անհերքելի ազդեցություն է ունեցել խորհրդահայ կերպարվեստի զարգացման վրա։ Տարիների ընթացքում նկարիչը Հայաստանին նվիրաբերել է ավելի քան 500 աշխատանք, որի արգասիքն է տվյալ ցուցահանդեսը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի փաստմամբ, այն որ վերջին տասնօրյակում 3-րդ ցուցադրությանն են մասնակցում, վկայում է կենդանի, աշխույժ արվեստային միջավայրի մասին, ինչպիսին առկա է Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Կան մարդիկ, որոնց կյանքի ուղին շատ գեղագիտական է եւ շատ հոգեւոր: Ժանսեմը, ինչպես Կոմիտասն այդպիսի մարդկանցից է…Լինելով Ֆրանսիայի սփյուռքի զավակ՝ նա Ֆրանսիայում գտավ հայրենիք, ապրելով Ֆրանսիայում Հայաստանը միշտ պահեց իր սրտում»,- ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ ներկայացնելով, թե ինչպես է Հայոց ցեղասպանության վերջին ալիքից փրկված Սեմերջյանների ընտանիքը հաստատվել Փարիզում, ինչպես է նրանց որդին՝ Հովհաննեսը կրթություն ստացել ու կարիերա կառուցել՝ հետագայում դառնալով մեծանուն Ժան Ժանսեմ:

Դեսպանը նաեւ հիշեց, թե ինչպես էր տարիներ առաջ Հայաստան այցելած Ժանսեմը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին նվիրել 34 կտավներից բաղկացած իր «Ցեղասպանություն» շարքը եւ հայտարարել, որ այստեղ կտավներն իրենց տանն են: «Այսօր եւս կարող ենք տեսնել Ժանսեմի վերադարձը եւ հետեւել նրա քայլերին»,-ընդգծեց դեսպան Դըկոտինյին:

Նշենք, որ այս ցուցահանդեսի համադրողներն են Նունե Թադեւոսյանն ու Վիգեն Գալստյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031