Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից հունիսի 16-25-ը հարցումներ են իրականացվել ՀՀ քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե որ խնդիրներն են Հայաստանում առաջնահերթ: Հարցվածները առաջնահերթ խնդիրներից նշել են ազգային անվտանգություն եւ սահմանային խնդիրներ, տնտեսություն-գործազրկություն, քաղաքական անկայունություն, գնաճ, վատ կառավարություն, թույլ կադրեր, ցածր աշխատավարձ… առաջնահերթ խնդիրների ցանկում քաղաքացիները չեն նշել եկեղեցու գրավումն ու վեհափառ հայրապետի հեռացումը:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիրն ու տնօրեն Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ եթե ժողովրդի հետաքրքրություններից չի բխում վեհափառի հեռացումը, ապա ո՞ւմ շահերից է բխում:
– Կա իշխող քաղաքական ուժ, ինքն էլ իր օրակարգում վերցնում է հանրային խնդիրների ձայնը, ինչ ուզում է վերցնել՝ կրելով դրա համար բոլոր հետեւանքները: Այս կտրվածքով, իհարկե, նորմալ եմ համարում, որ հասարակության համար շատ ավելի ռազմավարական նշանակության առաջնահերթություններ կան, բայց երեւի իշխող քաղաքական ուժն էլ իր հաշվարկներն ունի, թե ինչու է այդ խնդիրը վերցնում: Առջեւում ընտրություններ են, երեւի իշխանությունը ինչ-որ վստահություն ունի, որ հասարակությունը չի պատժի իրեն ոչ առաջնահերթ խնդիր օրակարգ վերցնելու համար,- Aravot.am-ին ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Կարդացեք նաև
Միաժամանակ պարոն Սաֆարյանը չբացառեց, որ եթե հարցումները այլ համատեքստով ու այլ ձեւակերպմամբ արվեին, այլ պատկեր ստացվեր. «Եկեղեցու ընդհանրապես ղեկավարի հարցը մի քիչ ճիշտ էլ չի համեմատել ռազմավարական նշանակության այլ խնդիրների հետ, ինչպիսին ազգային անվտանգությունն է եւ այլն: Քանի որ ես տարիների փորձառություն ունեմ նման հարցումներ անելու, ես կարող եմ ասել, որ եկեղեցու հարցը, եթե վերցնեք որպես միայն կաթողիկոսի հարց, պատասխանները, իհարկե, այսպես են հնչելու:
Բայց եթե հարցը տրվի այն կտրվածքով, թե եկեղեցին ինչ էր նախապատրաստում Հայաստանի պետության եւ անվտանգության դեմ, այս վերջերս բացահայտված հանցագործության առնչությամբ, որովհետեւ առնվազն չորս հոգեւորական է ներգրավված, որոնցից երկուսը շարժման համար առանցքային նշանակության, մեկը շարժման ղեկավար… մասնագիտական լեզվով ասած՝ հենց անվտանգության տիրույթում է:
Եթե հիբրիդային սպառնալիքների հետ կապված հարց տրվեր, օրինակ պետության տապալում եւ դրան եկեղեցու առնչությունը, այլ պատկեր կունենայինք: Որովհետեւ եկեղեցու հետ այս զարգացումներն ավելին են քան միայն կուսակրոնության փաստով կաթողիկոսին փոխելու խնդիրը: Ինչը, այո՛, իր համարժեքությամբ չի կարող համեմատվել սահմանային անվտանգության հետ:
Բայց եթե մենք նկատի ենք ունենում, որ ընդհանուր գործ ունենք Ռուսաստանից եկած հայ գործարարի ու եկեղեցու ներկայացուցիչների կողմից մշակված պլանի ու նախաձեռնված վարույթով բացահայտված խմբի կողմից իշխանության զավթման եւ ահաբեկչության իրականացման հետ, ինչը ուղղակիորեն վերաբերում են հանրային անվտանգությանը, երկրի ինքնիշխանությանը, այս դեպքում, վստահ եղեք, պատասխանները այլ կերպ կստանային: Բայց վերադառնանք նրան, որ իշխանությունն ինքն է ընտրել այս թեման այս տեսքով բերել օրակարգ: Երկու կողմն էլ խուսափում են իրական խորքային պատճառի մասին խոսել: Կուսակրոնության խախտումը միայն այսբերգի երեւացող մասն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ