«Առավոտի» հարցազրույցը Գազայի բնակիչ ֆոտոլրագրողի հետ
Լուսաբացը տեսա՞ր, երաշխիք չկա, որ մայրամուտն էլ կտեսնես՝ «Առավոտի» հետ բացառիկ հարցազրույցում կիսվում է պաղեստինցի ֆոտոլրագրող, շրջափակված Գազայի բնակիչ Ռամեզ Հաբբուբը։
Գազայի հատվածի՝ ավերակների վերածված լինելու մասին տեղյակ ենք բոլորս, սակայն 2,1 մլն մարդկանց տառապանքների իրական ծավալը հաճախ անհնար է փոխանցել ընթերցողին։
«Առավոտ».- Ինչպե՞ս կնկարագրեք առօրյա կյանքը Գազայում՝ ռմբակոծությունները, մահերը, սպանությունները եւ այն ամենը, որի մասին մենք անտեղյակ ենք Գազայից դուրս։
Կարդացեք նաև
Ռամեզ Հաբբուբ.– Գազայում ապրել նշանակում է ամեն առավոտ ստուգել՝ հարեւաններդ դեռ ո՞ղջ են, նշանակում է տեղեկանալ, որ մի ամբողջ ընտանիքի անդամների անունները մեկ ակնթարթում հեռացվել են քաղաքացիական ռեգիստրից։
Այստեղ ապրել նշանակում է՝ ապրել հիմնականում առանց հոսանքի, նշանակում է մաքուր խմելու ջուր փնտրել եւ չգտնել, նշանակում է կերակուր պատրաստել փայտածուխի վրա՝ ոչնչացված տների փլատակների կողքին։
Գիշերն՝ իրական քուն չկա։ Սպասում ենք այն հրթիռին, որը կարող է փոխել ամեն ինչ։ Քո երեխաների, քո տան, քեզ համար վախը երբեք չի լքում սիրտդ։
Աշխարհն անտեղյակ է, որ փլատակներում ողջ մնացածներին ոչ ոք չի կարողանում փրկել, անտեղյակ է, որ մայրերը ժամեր շարունակ նստում են իրենց երեխաների մարմինների կողքին, քանի որ շտապօգնության մեքենաները հասանելիություն չունեն։
Սա կյանք է՝ շրջապատված անվերջանալի մահերով եւ հույսին կառչելու անկոտրում պայքարով, անգամ այն ժամանակ, երբ իրավիճակը թելադրում է, որ հուսալու տեղ այլեւս չի մնացել։
– Աստծու կամքով, պատերազմը մի օր կավարտվի։ Երկիրը հնարավոր է վերակառուցել, բայց Ձեր սերնդին, այսօրվա պաղեստինցի երեխաներին կհաջողվի՞ հոգեբանորեն վերականգնվել գրեթե երկու տարի ձգվող պատերազմի ահից՝ սովից, տեղահանումից, ռումբերից, ԱԹՍ հարվածներից, ընկերների, հարազատների, հարեւանների մահից։
– Գազայի երեխաներն այսօր ապրում են մի աշխարհում, որտեղ ապահովություն հասկացություն գոյություն չունի։ Նրանց մանկության անբաժանելի մասն են ԱԹՍ-ների ձայներն ու հրետակոծությունները։ Իրենց աչքերի առջեւ անհետացել են ընկերներ եւ հարազատներ։ Նրանք դիմակայել են տեղահանմանը, վախին, քաղցին։ Նրանք տեսել են, թե ինչպես են իրենց տներն ավերվում։
Այս սերունդը մտքում կկրի անկորչելի հիշողություններ՝ սգավոր մայրերի արտասուքը, երեխաների մասունքները փլատակներում եւ ահաբեկելի գիշերներն առանց էլեկտրականության եւ տանիքի։ Նման տրավմաները չեն վերանում պատերազմի ավարտի հետ։ Դրանք դառնում են հիշողության եւ հոգեբանական կառուցվածքի մաս։
– Հաշվի առնելով իսրայելական հարձակումներն ու սովը՝ Գազայի բնակչի միակ նպատակն այսօր ողջ մնա՞լն է։ Դպրոցներ, այլ կրթական հաստատություններ, մզկիթներ, եկեղեցիներ, մշակութային կենտրոններ գործո՞ւմ են։
– Գազայի ժողովրդի մեծամասնության համար գլխավոր, եւ հաճախ միակ, նպատակը ողջ մնալն է՝ մի կտոր հաց կամ մի կում մաքուր ջուր ճարելն է, հրետակոծության ժամանակ կենդանի մնալն է։
Դպրոցների, այլ կրթական հաստատությունների, մշակութային կենտրոնների, մզկիթների եւ եկեղեցիների մեծամասնությունն ամբողջապես ոչնչացվել կամ լրջորեն վնասվել է… Տեւական ժամանակ է, ինչ կրթությունը կանգ է առել։ Կանոնավոր դասեր չկան, եւ զանգվածային տեղահանման եւ ենթակառուցվածքների փլուզման պայմաններում՝ չկա կրթական համապատասխան միջավայր…։
Ամփոփ՝ մշակութային, կրթական, կրոնական կյանքը Գազայում գրեթե լիապես կանգ է առել, քանի որ օրվա միակ առաջնահերթությունը սովի եւ ռմբակոծության եւս մեկ օր գոյատեւելն է։
– Դուք ֆոտոլրագրող եք։ Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Ձեր կյանքը մշտապես վտանգված է։ Ի՞նչն է մոտիվացնում Ձեզ՝ աշխատելու համար։ Դա պարտավորվածության զգացո՞ւմ է։ Ագրեսիայի ֆոնին՝ ի՞նչ կարեւորություն ունի ֆոտոլրագրությունը։
– Այո, իմ կյանքը մշտապես վտանգված է։ Սա չափազանցություն չէ։ Ես տեղաշարժվում եմ ռմբակոծվող եւ ոչնչացվող կետերի միջեւ՝ երբեմն դեպքի վայր ժամանելով ավելի վաղ, քան շտապօգնությունը…։
Ճշմարտությունը լուսաբանելու եւ աշխարհի համար անտեսանելին ցույց տալու համար ինձ առաջ է մղում պատասխանատվության խորը զգացողությունը։ Այստեղ կատարվածի միակ ապացույցը լուսանկարները կարող են լինել…։
Ես կարծում եմ՝ իմ դերը միայն ֆոտոլրագրողը չէ։ Ես մի ամբողջ ժողովրդի ողբերգության վկաներից եմ, ինչպես նաեւ միջոց, որով ձայնազուրկները ձայն հանելու հնարավորություն կունենան։ Լուսանկարը լոկ շրջանակ չէ։ Այն վկայություն է պատմության համար։
Վախի եւ ամենօրյա կորուստների պայմաններում՝ վավերագրելը դիմադրության ձեւ է։ Եթե անգամ ֆոտոները կարող չեն դադարեցնել ռմբակոծությունը, դրանք պարունակում են ճշմարտությունը եւ պատին դեմ տալիս ստերին եւ անտարբերությանը։ Այդ պատճառով եմ ես շարունակում, չնայած ցավին եւ չմարող վտանգին։
– Ինչպե՞ս եք Դուք եւ Ձեր ընտանիքն անցկացնում առօրյան։ Ի՞նչ եք մտածում, զգում, ապրում։
– Այսօր ես ապրում եմ մի կյանք, որն անճանաչելի է։ Ռմբակոծության ժամանակ կորցրի տունս եւ տեխնիկաս։ Տարիներիս կառուցածը մեկ վայրկյանում ի չիք դարձավ։ Ընտանիքիս հետ միասին մեկ անգամից ավելի տեղահանվել եմ…։
Մենք սկսեցինք ապրել վրանում։ Շատ պարզունակ կյանք է՝ հազիվ երեխաներին բավարարող հացի փշրանքների կամ մաքուր խմելու ջրի համար երկար հերթեր, օրեցօր ուժգնացող տապ, գիշերային անդադար վախ։
Ամենադժվարը տունը կամ սարքավորումները կորցնելը չէ, այլ ապահովության զգացողության իսպառ վերացումը։ Մենք չունենք մի վայր, որը կարող ենք «ապահով» համարել։ Երկնքում թռչող օդանավի ձայնը կարող է նշանակել, որ արդեն վերջն է։
Ամեն դեպքում, ի հեճուկս տեղահանմանը, կորուստներին եւ գերհոգնածությանը՝ մշտապես ինձ մոտ եմ պահում ֆոտոխցիկս կամ, գոնե, մի կիսատ աշխատող հեռախոս՝ փորձելով ֆիքսել ամեն հնարավորը։ Իմ կարծիքով՝ միայն դա կարող եմ անել՝ ականատես լինել, վավերագրել, ցուցադրել, թե ինչ է կատարվում մեզ հետ։
Ճիշտ է՝ մենք կորցրել ենք մեր տները, բայց մենք չենք կորցրել մեր ձայնը, անգամ եթե խոսում ենք վրաններից։
– Վերջերս հայերը նույնանման ողբերգության վկան դարձան։ Իննամսյա պաշարումից հետո 120.000 հայեր Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվեցին հազարամյակների պատմություն ունեցող Լեռնային Ղարաբաղից։ Ինչո՞ւ են, ըստ Ձեզ, այսչափ ողբերգություններ տեղի ունենում այսօր՝ 21-րդ դարում, երբ ներդրված են միջազգային ենթադրյալ մեխանիզմներ, որոնց նպատակն է՝ ագրեսիվ հանցավոր պատերազմների եւ ցեղասպանությունների կանխումը։
– Ճիշտ է՝ մենք ունենք միջազգային իրավունք եւ ինստիտուտներ, որպիսիք ՄԱԿ-ն են, բայց օրենքները հաճախ կիրառվում են ընտրողաբար՝ մեծ խաղացողների շահերի հիման վրա։
Օրենքը անբավարար է առանց քաղաքական անկեղծ կամքի եւ օրենքները կիրառելու խիզախության։ Այդ պատճառով, շարունակում ենք տեսնել այն, ինչ կատարվեց Լեռնային Ղարաբաղում եւ այն, ինչ կատարվում է Գազայում։ Մինչ դա, աշխարհը բավարարվում է դատապարտող հայտարարություններով։
Օրենքները գոյություն ունեն, սակայն իրական արդարադատության եւ միջազգային անկեղծ ճնշման բացակայությամբ՝ օրենքներն անզոր են հանցագործությունները եւ ցեղասպանությունները կանխելու հարցում։
Համատեքստ
Սննդի բացակայությունն ու թերսնուցումը բնակիչների մահերի պատճառ է դարձել։ Սննդի մատակարարման ՄԱԿ-ի ծրագրի՝ UNRWA-ի, կողմից Գազայի բնակիչների համար գործում էին սննդի տրամադրման 400 կետ։ Դրանք մայիսին փակվել են Իսրայելի պարտադրանքով։ Գազայի հատվածի 363 քկմ-ի եւ երկու միլիոն բնակչության համար գործում է սննդի տրամադրման ընդամենը չորս կետ։ Դրանք համակարգվում են Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հավանությանն արժանացող, փետրվարին հիմնադրված Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) կողմից։
Բրնձի, ոսպի, լոբու, մակարոնեղենի, հացի համար անծայրածիր հերթերում սպասելիս մարդիկ թիրախավորվում են ՑԱԽԱԼ-ի կողմից։ Հերթերում Իսրայելի կրակից զոհերի թիվը հատում է հազարը։ Հուլիսի 16-ին 21 պաղեստինցի զոհվել է հերթերում հրմշտոցից։
Առավել խոցելի են նորածինները։ Իսրայելը չի թույլատրում մանկական ֆորմուլայի ներկրումը Հատված։
Հուլիսի 21-ին Միացյալ Թագավորության, Ավստրալիայի, Կանադայի, Ֆրանսիայի եւ 24 այլ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համատեղ հայտարարությամբ շեշտել են Գազայում պատերազմն անմիջապես ավարտելու հրամայականը։
«Օգնության մատակարարման իսրայելական կառավարության մոդելը վտանգավոր է, սնուցում է անկայունություն եւ Գազայի բնակիչներին զրկում մարդկային արժանապատվությունից։ Մենք դատապարտում ենք մանր ծավալներով օգնության մատակարարումը եւ իրենց ամենահիմնարար՝ ջրի եւ սննդի կարիքները քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների, անմարդկային սպանությունները»,-նշվում է հայտարարության մեջ։
Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից՝ 2023-ի հոկտեմբերի 7-ից, ի վեր Գազայի հատվածում զոհվածների թիվը գրեթե 60,000 է։ Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty International-ը եւ Human Rights Watch-ը Գազայում Իսրայելի գործողությունները նկարագրելիս կիրառում են «ցեղասպանություն» եզրը, իսկ արաբական Al Jazeera լրատվականն էլ Գազայում ահագնացող թերսնուցումը կոչում է ցեղասպանություն՝ սովի միջոցով։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարը տրամադրել է «Առավոտի» զրուցակից Ռամեզ Հաբբուբը։
«Առավոտ» օրաթերթ
24.07.2025