Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը դե՞մ է «թուրք-ամերիկյան առաջարկին»

Հուլիս 25,2025 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, Ալիեւն անթաքույց տարածքային պահանջ է ներկայացրել ՀՀ-ին

Օկուպացված Շուշիում օրերս «Թվային անցումներ. տեղեկատվության եւ լրատվամիջոցների դիմադրողականության ամրապնդում արհեստական բանականության դարաշրջանում» թեմայով երրորդ գլոբալ մեդիա ֆորումը կայացավ, որտեղ Ալիեւը խեղաթյուրելով ղարաբաղյան հակամարտության ամբողջ էությունը, դրա առաջացման պատճառները, դարձյալ ելույթ ունեցավ:

Ալիեւի ստերը եկել էին լսելու մի խումբ երեսպաշտներ, որոնց չէր հետաքրքրում փաստը, որ Ադրբեջանն է ղարաբաղյան երկու պատերազմները սկսողը, ԼՂ-ի խաղաղ բնակչության շրջանում կոտորածներ իրականացնողը, արցախահայությանը շրջափակման մեջ պահողը, եւ ի վերջո՝ Արցախը հայաթափողն ու Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացնողը:

Ալիեւով հիացողների թվում էին` ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանը (հուլիսի 24-ին երեկոյան հայտնի դարձավ, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Գուսմանին ազատել է ՏԱՍՍ պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից. Է.Գ.), ադրբեջանամետ ռուս փորձագետներից՝ Սերգեյ Մարկովը, որը, ըստ ռուսաստանցի իշխանական քարոզչամեքենայի ներկայացուցիչների` «ապրում է ադրբեջանական հովանավորչության ներքո»:

Մի կողմ թողնենք նաեւ փաստը, որ Շուշիում «տեղեկատվության եւ լրատվամիջոցների» թեմաների վերաբերյալ համաժողով անցկացնելն արդեն իսկ ծաղր է, եթե հաշվի առնենք, թե այդ երկրում լրատվամիջոցներն ու Ալիեւի ռեժիմին քննադատողները որտեղ են հայտնվում:

Ցավալին այն է, որ այդ հավաքին մասնակցում էին նաեւ Հայաստանի հարեւան երկրներից «փորձագետներ», որոնք իրենց հռչակել են մարդու իրավունքների, ազատ խոսքի պաշտպաններ, Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա դատապարտում են, սակայն հայտնվել են ռուսական քարոզչամեքենայի «գործիքների» հետ նույն շարքերում, որոնք արդարացնում ու ծափահարում են Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի, արցախահայությանը հայրենիքից ուղղակի բռնի տեղահանումը:

«Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն հայ սահմանապահների հետ». Ալիեւը մերժում է ՀՀ ինքնիշխանության գաղափարը

Ինչեւէ, դառնանք Ալիեւի ելույթին: Թեեւ Երեւանն ու Բաքուն Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կառուցողական էին որակել, Ադրբեջանի նախագահի ելույթից ամենեւին էլ տպավորություն չստեղծվեց, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ է:

«Եթե Երեւանը շարունակի արգելափակել «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները, ապա կհայտնվի ոչ միայն տրանսպորտային, այլեւ` որոշ առումներով քաղաքական մեկուսացման մեջ», նշեց Ալիեւը` հավելելով. «Ցավոք սրտի, հայկական կողմում վերջին հինգ տարիներին որեւէ աշխատանք այս ուղղությամբ չի իրականացվել։ Այս հարցը կանխամտածված կերպով դուրս է բերվում օրակարգից։ Այդ դեպքում Հայաստանի՝ տարանցիկ երկիր դառնալու շանսերը կհավասարվեն զրոյի։ Հաջորդ տարվա գարնանն Ադրբեջանը կավարտի «Զանգեզուրի միջանցքի» գործարկման համար նախատեսված երկաթուղու իր հատվածի շինարարությունը: Երբ խոսում ենք Զանգեզուրում տրանսպորտային երթուղու մասին, խոսքը միայն Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու մասին չէ։ Խոսքը միջազգային նշանակության տրանսպորտային միջանցքի մասին է»,- նշել է նա։

Ամենակարեւորը, Ալիեւը, ըստ էության, հրապարակավ մերժեց վերջին օրերին շրջանառվող ամերիկյան առաջարկը` նշելով. «Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանի տարածքում չի լինի որեւէ օտարերկրյա օպերատոր կամ որեւէ այլ արտաքին վերահսկողություն։ Անհրաժեշտ է անարգել մուտք Ադրբեջանի մեկ մասից մյուսը: Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն հայ սահմանապահների հետ, քանի որ հակառակ դեպքում նրանց անվտանգությունը կվտանգվի»։ Կրկին պնդելով, թե Հայաստանը պետք է «անխոչընդոտ ու անվտանգ մուտք ապահովի Ադրբեջանից՝ Ադրբեջան», Ալիեւը մանրամասնել է, թե ինչ է հասկանում դրա տակ։ «Ադրբեջանական բեռները եւ Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որեւէ մեկի դեմքը տեսնեն։ Ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված անվտանգության միջոցներ, որպեսզի մեր ժողովուրդը եւ բեռները ազատորեն անցնեն»,- թվարկել է նա, հավելելով՝ այս պահանջը կրկնել է նաեւ Աբու Դաբիում կայացած վերջին հանդիպման ժամանակ։

Այսինքն, Ալիեւը հստակ նշել է, որ չի ճանաչում ՀՀ ինքնիշխանությունը ու ՀՀ տարածքային ամբողջականությունը, ավելին` սա անթաքույց տարածքային պահանջի ներկայացում է` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Այստեղ նաեւ հետաքրքրական էր մեկ այլ հանգամանք: Դեմ խոսելով օտարերկրյա օպերատորի, արտաքին վերահսկողության, վարձակալության գաղափարների վերաբերյալ, Ալիեւը, փաստորեն, հակադրվել է ԱՄՆ-ի ներգրավմանը ապաշրջափակման պրոցեսում։ Հատկանշական է, որ հայաստանյան ընդդիմությունը վերջին շրջանում ակտիվորեն արծարծում էր մի փուչիկ-մեղադրանք, թե` «ԱՄՆ-ը Սյունիք է բերում ադրբեջանա-թուրքական ընկերություն…»։ Ուրեմն, ի՞նչ է ստացվում, Ալիեւը դե՞մ է ադրբեջանա-թուրքական ընկերության տեղակայմանը…

Ինչ վերաբերում է Աբու Դաբիի բանակցություններին` Ալիեւն ասել է. «Կարծում եմ, մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագիր ստորագրելուն, խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել երկու հարց լուծելուց անմիջապես հետո՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո», շեշտեց Ալիեւը։ «Այո, տեքստը կարող է նախաստորագրվել նախապես, եւ ադրբեջանական կողմն արդեն իսկ նման առաջարկ է արել Աբու Դաբիում։ Բայց, ինչպես գիտեք, փաստաթղթի նախաստորագրումը չի նշանակում դրա ստորագրում։ Այսինքն՝ մեկ բան է բանավոր համաձայնություն հայտնելը, մեկ այլ բան՝ փաստաթղթի յուրաքանչյուր էջ նախաստորագրելը»։

Բացի այդ, Ալիեւը իրեն նաեւ ապահովագրել է, որպեսզի խաղաղության պայմանագրի չստորագրման դեպքում ամբողջ մեղքը բարդի Հայաստանի վրա: «Մենք չենք պատրաստվում վերստին բանակցել Խաղաղության պայմանագիրը։ Բայց եթե Հայաստանը որոշի, որ ուզում է գնալ դրան, կստացվի, որ նրանք ուզում են տիրանալ մեզ պատկանող տարածքներին»,- ասել է Ալիեւը՝ ակնարկելով, որ բանակցված փաստաթղթից հրաժարվելը կնշանակի՝ Երեւանը չի ուզում խաղաղություն։ «Վերջին մեկնաբանությունները, որ լսել ենք Երեւանից՝ Աբու Դաբիի հանդիպումից հետո, դրական էին»,- ասել է նա՝ այդ շարքում դասելով Փաշինյանի հայտարարությունը, թե «պետք էր առավել վաղ ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս»։ «Նույն Փաշինյանը 2019-ի ամռանը այստեղ մեծ հանրահավաքում ասաց՝ Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, եւ դրանով ինքն իր ձեռքով ստորագրեց իր համար դժվարին կյանք»,-ծիծաղը չզսպելով հայտարարել է Ալիեւը, ինչին ներկաները արձագանքել են բուռն ծափահարություններով։

Հայաստանի ու Ադրբեջանի շահերը կարող են համընկնել, ողջ հարցն այն է, որ հայկական կողմն է մշտապես այդ հարցին այլ կերպ նայել, նշել է Ալիեւը, անցնելով կեղծ մեղադրանքների. «Եթե չլիներ օկուպացիան, չլիներ ադրբեջանցիների տեղահանումը՝ վայրագություններով, փլուզումներով, ցեղասպանությամբ, իրավիճակը Հարավային Կովկասում բոլորովին այլ կլիներ։ Այն վաղուց արդեն ինտեգրված կլիներ թե տնտեսապես, թե քաղաքականապես, թե տրանսպորտային ու էներգետիկ առումով»։

Մեղքի սլաքն ուղղելով նորանկախ Հայաստանի առաջնորդների ուղղությամբ՝ Ալիեւը հայտարարել է, թե նրանք «մեկը մյուսից առանձնապես չեն տարբերվել՝ ադրբեջանաֆոբիայի եւ Ադրբեջանի հանդեպ չհիմնավորված ագրեսիայի տեսանկյունից», այն դեպքում, երբ ադրբեջանցիները «բացարձակ որեւէ վատ բան չեն արել հայերի նկատմամբ Խորհրդային միության տարիներին»։

Բնականաբար, Սումգայիթի, ապա Բաքվի ջարդերի մասին Ալիեւը նախընտրել է լռել, ներկաներն էլ «մոռացել» են նրան հիշեցնել այդ թեմաների մասին:

Ի դեպ, Ալիեւը գովաբանել է նաեւ տարեսկզբին Սպիտակ տուն եկած նախագահ Թրամփին՝ պնդելով, թե Ադրբեջանում սպասում էին նրա հաղթանակին։ «Մենք շնորհակալ ենք Դոնալդ Թրամփին Ադրբեջանին եւ Հայաստանին օգնելու ցանկության համար: Չնայած նա զբաղված է առավել գլոբալ հարցերով՝ նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակն է պահում իր տեսադաշտում»,- ասել է Ալիեւը, հավելելով, թե Թրամփը «միակն է ԱՄՆ նախագահներից, որ պատերազմ չի սկսել»։ Ալիեւը պնդել է նաեւ, թե հայկական կողմը տեւական ժամանակ մերժել է Խաղաղության պայմանագրի վերջին երկու կետերի շուրջ Բաքվի առաջարկները, ապա արագորեն դրանք ընդունել, երբ Վաշինգտոնում հաղթել է նախագահ Թրամփը։

Պաշտոնական Երեւանի արձագանքը

Պաշտոնական Երեւանը վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի մակարդակով պատասխանեց Ալիեւին: Ադրբեջանի նախագահի գնահատականը, թե Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից, նշել է խոսնակը:

«Դա, ըստ էության, թաքնված տարածքային պահանջ է ՀՀ-ի նկատմամբ, ինչը ընդունելի չի կարող լինել եւ հակասում է մինչեւ այս տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն եւ տառին։ Ինչպես վարչապետ Փաշինյանը նշել է ս/թ հուլիսի 16-ի իր ասուլիսում, Հայաստանի տարածք մուտք գործող, այդ թվում՝ տարանցիկ բեռները եւ քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր մաքսային եւ սահմանային հսկողություն՝ միջազգայնորեն ընդունված չափանիշներով: Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվությանը, թե ով մուտք գործեց իր տարածք, մուտք գործելուց հետո արդյո՞ք դուրս եկավ, թե ոչ: Քաղաքացիների եւ նրանց ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը չի կարող չստուգվել, իսկ անհամապատասխանության դեպքում նրանց մուտքը ՀՀ տարածք չի կարող թույլատրվել։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվությանը, թե տարանցիկ նպատակով իր տարածք մուտք գործած բեռը կամ իրը դուրս եկա՞վ ՀՀ տարածքից, թե ոչ, հակառակ դեպքում կարող է մաքսանենգության եւ արգելված ապրանքների շրջանառության անվերահսկելի աղբյուր բացվել։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող չտիրապետել տեղեկատվության, թե իր տարածքով ի՞նչ բեռներ են անցնում, որովհետեւ, օրինակ, եթե քիմիական նյութերով բեռնված վագոն կամ բեռնատար վթարվի, դրա հետեւանքները կրելու է մեր երկիրը եւ այդ հետեւանքների վերացմամբ զբաղվելու են ՀՀ համապատասխան ծառայությունները։ Հայաստանի Հանրապետության տարածքը հատելիս մեր երկրի համապատասխան ծառայություններին չհանդիպելու որեւէ տարբերակ չկա»,- նշել է Փաշինյանի խոսնակը։ Նա նաեւ վստահեցրել է, որ Հայաստանը երբեւէ որեւէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը եւ դրանից բխող տրամաբանությունը:

Ալիեւը մեծ նշանակություն է տալիս «Զանգեզուրի միջանցքին». Էրդողան

Ալիեւի ելույթից հետո Անկարան էլ ներկայացրեց Հայաստանից ակնկալիքները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերստին խոսեց Սյունիքով անցնող ճանապարհի բացման կարեւորության մասին՝ ընդգծելով, որ այդ երթուղուն Ադրբեջանի նախագահը մեծ նշանակություն է տալիս:

«Ես հավատում եմ, որ մենք՝ որպես տարածաշրջանի երկրներ, կարող ենք լուծել այս հարցը կոնսենսուսի միջոցով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեծ նշանակություն է տալիս Զանգեզուրին», – ասել է Էրդողանը՝ Կիպրոսի թուրքաբնակ հատված կատարած այցից վերադարձի ճանապարհին՝ օդանավում լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ժամանակ։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ լրագրողներից մեկը Էրդողանից կարծիք է հարցրել «միջանցքը ԱՄՆ-ին վարձակալությամբ տրամադրելու առաջարկի» մասին։ Էրդողանն ի պատասխան արձագանքել է. «Զանգեզուրի միջանցքը օգուտ կբերի ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին եւ Թուրքիային, այլեւ տարածաշրջանի մյուս երկրներին», ապա հավելել է. «Ես հավատում եմ, որ որպես տարածաշրջանային երկրներ, մենք կարողանալու ենք լուծել այս հարցը համաձայնության միջոցով: Հավատում եմ, որ մենք միասին կլուծենք այս խնդիրը»:

Ըստ ermenihaber.am-ի՝ Էրդողանն ասել է. «Մենք այդ գիծը համարում ենք չափազանց կարեւոր՝ իր աշխահատնտեսական մասշտաբի առումով։ Իրականում այդ գիծը կկապի մեր տարածաշրջանից այն կողմ գտնվող աշխարհագրական տարածքները ու կվերականգնի առեւտուրը»։ Ըստ Էրդողանի՝ հիմնարար սպասումն այն է, որ այդ ուղին կդառնա համաձայնության խորհրդանիշ, ոչ թե անհամաձայնության աղբյուր։ Այսպիսով տարածաշրջանը կդառնա բարօրության տարածք, որտեղ կհաղթի համագործակցությունը։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն էլ իր հերթին անդրադառնալով Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիեւ առանց միջնորդների հանդիպմանը, նկատել է, որ երկխոսությունը Բաքվին եւ Երեւանին թույլ տվեց հասնել շոշափելի առաջընթացի. «Մասնավորապես, դրական առաջընթաց է գրանցվել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնեցման, ինչպես նաեւ սահմանների սահմանազատման գործընթացում։ Ընդհանուր առմամբ, դրական դինամիկա կա տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղղությամբ»: Նրա խոսքով՝ քննարկվել է պայմանագրի նախաստորագրման հնարավորությունը։ Սակայն դրան, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, խոչընդոտում են Հայաստանի Սահմանադրության «հակասական կետերը» եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական լուծարման հետ կապված չլուծված խնդիրը. «Մինչեւ այս քայլերի իրականացումը, փաստաթղթի նախաստորագրման թեման մնում է հետագա քննարկումների առարկա»։

Ահա, թուրք-ադրբեջանական ակնկալիքները Երեւանից: Այդ պահանջների բավարարումը նշանակում է` նոր ոտնձգություն ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնահարման նոր փուլ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031