Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը նոր մուրալներ կունենա՝ նաեւ Անահիտ Աստվածուհու տեսքով

Հուլիս 25,2025 12:30

ԱՄՆ-ում հայտնի նկարիչ Մինաս Հալաջյանի ստեղծագործությունների արտապատկերման մի քանի հասցե է դիտարկվում

«Դավիթ Խաչատրյանի հետ մեկ տարի է՝ քննարկում ենք, թե ինչպես Երեւանում եւս մեկ մուրալ ունենալ՝ այս անգամ իմ գործերից: Դավիթը շատ հաջող ծրագրեր է իրականացրել այս տարիների ընթացքում: Այժմ ստեղծագործական ակտիվ կապի մեջ ենք, մի ծրագիրն արդեն որոշակիացել է եւ աշնանը իրականություն կդառնա», – «Առավոտի» հետ զրույցում նշեց ամերիկաբնակ նկարիչ Մինաս Հալաջյանը, որի աշխատանքները գտնվում են հոլիվուդյան աստղերի, ինչպես  նաեւ Ջիմ Քերիի եւ Բիլի Զեյնի  ու այլ հայտնիների մասնավոր հավաքածուներում, տարբեր ազդեցիկ հաստատություններում: Նա տեղեկացրեց, որ կանգ են առել իր՝ Անահիտ Աստվածուհու եւ  Ծաղիկներով աղջկան պատկերող  աշխատանքների վրա:

«Փորձում ենք հայկականը մոդեռնի եւ ժամանակակցի հետ ներդաշնակել,  իմ էսքիզով կարվի Անահիտ Աստվածուհու մուրալը, իսկ այդ աշխատանքս գտնվում է մասնավոր հավաքածուում»,-ասաց Մինաս Հալաջյանը:

«Ես 23 տարի է՝ Հայաստանից դուրս եմ ապրում,  ամեն տարի վերադառնալով տեսնում եմ շենքերի պատերին տարբեր ուղղությունների գործեր: Գաղափար հղացա, որ Երեւանին կարելի է մի լավ նկար նվիրել: Մտածեցի՝ ինչու իմ հայրենիքում էլ որեւէ գործ չունենամ»,-ասաց մեր զրուցակիցը, ում նկարները գտնվում են աշխարհի լավագույն թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:

Մինաս Հալաջյանը հայկական թեմատիկայով չի ստեղծագործում, բայց  ինչպես մուրալ նախագծերի ղեկավար եւ տնօրեն Դավիթ Խաչատրյանն է նշում, նրա արվեստը գենետիկ հայկական կոդ ունի: Մինասը նկարիչ Սամվել Հալաջյանի որդին է, ում համարում է իր արվեստի ուսուցիչը. «Ես իր հետ փորձել եմ դժվարություններով անցնել,  հորս շնորհիվ եմ հաստատվել արվեստի աշխարհում, ինքը 3 բան է սերմանել իմ մեջ՝ սեր, հավատ եւ չհանձնվել, նաեւ շատ կարեւորում էր աշխատասիրությունը»:

Խոսելով իր յուրօրինակ  Floral Minds շարքի մասին, Մինասը նշեց, որ ինքն առաջին նկարիչն է, որ այդ շարքը ստեղծելիս կիրառել է ԱԲ տեխնոլոգիաներ՝ շեշտադրելու  կանացի գեղեցկությունը, ներքին ուժի եւ հաճույքի թեմաները եւ ծաղիկների «ժայթքումը» որպես կենսունակության խորհրդանիշ: Նա ասաց, որ այդ շարքի մի աշխատանքի մուրալ էլ արել է Ավստրիայում:

Դավիթ Խաչատրյանի խոսքով, Մինասի մուրալի նախագծի վրա  աշխատում են արդեն մեկ տարուց ավելի. «Մինասի ստեղծագործությունները եւ գեղագիտությունը շատ յուրատեսակ են, ես կարծում եմ,  որ քաղաքային նկարչության ոլորտում ինքը շատ հետաքրքիր տեսք է ունենալու ու փառահեղ ազդեցություն է թողնելու: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Մինասը բացի նրանից, որ ցանկանում է մայրաքաղաք Երեւանին նվիրել իր ստեղծագործություններից մեկը մուրալի տեսքով, նաեւ դասական նկարչության ներկայացուցիչ է, նախ եւ առաջ կտավի վրա ստեղծագործող նկարիչ է, ինչը եւս մեկ անգամ հետաքրքրացնում  եւ բարձրացնում է մուրալի ստեղծագործական գնահատականը»:

Դավիթ Խաչատրյանն  ասաց, որ քննարկել են Մինասի կտավներից մի քանի տարբերակներ եւ հաշվի առնելով քաղաքային նկարչության որոշակի նորմեր՝   կանգ են առել Անահիտ Աստվածուհու մուրալի եւ Ծաղիկներով աղջկա նախագծի վրա, որոնցից  երկուսն էլ, նրա ձեւակերպմամբ, լիարժեք իրավունք ունեն լինելու Երեւանում:

«Ներկա պահին Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների եւ նախագիծը հովանավորող մասնավոր կառույցների ներկայացուցիչների հետ որոշակի բանակցային պրոցեսում ենք, մոտակա ժամանակներում կհստակեցնենք, թե երկու նախագծերից միայն մե՞կն ենք անում, թե՝ երկուսը, եւ որտեղ ենք իրականացնում: Հավանական է, որ մուրալը կստեղծվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, քանի որ դրանք ուզում ենք նվիրել քաղաքի տոնին: Մուրալները նախատեսում ենք իրականացնել հետեւյալ հասցեներում՝ մեկը Գեւորգ Քոչար 33 հասցեում գտնվող բնակելի շենքն է, դա Դրամատիկական թատրոնի դիմացի մայթին գտնվող 4 հարկանի շենքի կողային պատն է: Մենք հաշվի ենք առել նաեւ միջավայրը՝ մի կողմից Դրամատիկական թատրոնն  է, մյուս կողմից՝ ճեմուղին, որտեղ  գտնվում են սրճարաններ, իսկ աջ կողմում մուրալի ներկայությունը կհամալրի այդ ամբողջ կոմպլեքսը:  Երկրորդ  հասցեն Ամիրյան 16-ն է՝  Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքի կողային պատը, որտեղ նախատեսում ենք իրականացնել Անահիտ Աստվածուհու մուրալը, եւ ունենք ինստիտուտի ղեկավարության գոհունակությունն այդ առիթով: Մյուս հասցեն, որ դիտարկում ենք,  Վարդանանց փողոցում գտնվող երեւանցիների համար ճանաչելի կոշիկի տան շենքի կողային պատն է: Երեւանի քաղաքապետարանի մեր գործընկերներին ուղարկել ենք համապատասխան էսքիզները, որպեսզի  ստանանք թույլտվություն՝ ստեղծագործությունն իրականացնելու համար»,-տեղեկացրեց նախագծերի ղեկավարը:

Դավիթ Խաչատրյանի համոզմամբ,  հայ արվեստագետներին պետք է գնահատել եւ արժանին մատուցել իրենց կենդանության օրոք. «Մինաս Հալաջյանի ստեղծագործությունները ներկայացված են աշխարհի այնպիսի խոշորագույն կենտրոններում, ինչպիսիք են Սպիտակ տունը, Մարկ Ռոտկոյի թանգարանը, Նյու Յորքի խոշորագույն բիզնես կենտրոններից մեկը, Սոնի Մյուզիքը, դրանք  հոլիվուդյան աստղերի մասնավոր հավաքածուներում են: Այնպես որ, լավ կլինի, որ միջազգային ճանաչում ունեցող հայազգի նկարչի գործերը լինեն նաեւ Երեւանում: Սա իմ ղեկավարած 4-րդ նախագիծն է, որի առանցքում կանգնած է մեր տաղանդավոր նկարիչ Մինաս Հալաջյանը»:

Նա տեղեկացրեց նաեւ այս ծախսատար նախագծի առաջին հովանավորներից մեկի մասին,  որը ամերիկաբնակ գործարար Կարեն Հարությունյանն է, նաեւ ընդգծեց Երեւանի քաղաքային իշխանությունների դրական  վերաբերմունքն ու հետաքրքրությունը նման նախագծերի իրականացման առումով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031