Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք՝ ականավոր գիտնական Վլադիկ Ներսեսյանցի հիշատակին

Հուլիս 25,2025 13:00

Հուլիսի 21-ին «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակում կայացավ միջոցառում՝ նվիրված ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի մահվան 20-րդ տարելիցին: Միջոցառման վայրի ընտրությունն ամենեւին էլ պատահական չէր: Գրասենյակը հանդիսացել է Ներսեսյանցի՝ ռուսերենից հայերեն թարգմանված «Իրավունքի փիլիսոփայություն» գրքի տպագրության գլխավոր հովանավորը:

Վլադիկ Ներսեսյանցը ծնվել է 1938 թ. հոկտեմբերի 2-ին, Ստեփանակերտում: Նա իրավունքի փիլիսոփայության, քաղաքական եւ իրավական ուսմունքների ոլորտների մեծագույն մասնագետ է, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:

Նա հեղինակել է շուրջ 400 գիտական աշխատանք, մի շարք կոլեկտիվ աշխատանքների համահեղինակ եւ խմբագիր է:

Միջոցառմանը ներկա էին գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր ծանոթ են Ներսեսյանցի գիտական ժառանգությանը եւ ուսումնասիրել են ռուսերենից հայերեն թարգմանված եւ վերջերս լույս տեսած «Իրավունքի փիլիսոփայություն» աշխատությունը:

Գրասենյակի հիմնադիր, փաստաբան, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ հրավերն ընդունելու եւ ներկա գտնվելու համար, եւ նշեց, որ այսօրվա քննարկումն ականավոր գիտնականի հիշատակին նվիրված հարգանքի տուրքի մատուցում է, ով երկրային կյանքին հրաժեշտ է տվել վաղաժամ՝ 2005թ. հուլիսի 21-ին, նրա աճյունն ամփոփված է Մոսկվայում:

Այս տարի նախատեսվում է կազմակերպել եւս մեկ՝ մասշտաբային գիտական միջոցառում՝ նվիրված ակադեմիկոս Ներսեսյանցի գիտական ժառանգությանը, ինչի մասին ազդարարել էր դեռեւս այս տարվա մարտի 25-ին՝ գրքի շնորհանդեսի օրը:

Ա. Հարությունյանը ներկաներին նվիրեց «Արցախ» հրատարակչության կողմից տպագրված Ներսեսյանցի «Философская лирика» գիրքը, որում ամփոփված են հեղինակի փիլիսոփայական ստեղծագործությունները:

Ա. ՆԱՐԻՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031