Լրահոս
Օրվա լրահոսը

Որո՞նք են բնակարանի վարձակալության պայմանագրի կնքման առանձնահատկությունները

Հուլիս 25,2025 13:30

«Իրավագիտակից քաղաքացի»

«Առավոտի» իրավական էջի եւ փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի կողմից այսուհետեւ շաբաթը մեկ, յուրաքանչյուր հինգշաբթի հարցուպատասխանի ձեւով կներկայացվեն «Առավոտի» ընթերցողներին, մեր քաղաքացիներին հուզող իրավական հարցերը, գրասենյակի պատասխանները: Եվ առհասարակ, կտեղեկանաք նաեւ գրասենյակի դատական գործընթացներից:

Հայաստանում մեծ տարածում ունի ընդհանրապես անշարժ գույքի եւ մասնավորապես բնակարանները վարձով տալը, հաճախ քաղաքացիները բախվում են տարբեր խնդիրների հետ, ուստի որոշել եմ անդրադառնալ այդ հարցին:

Վարձակալության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխով՝ 606-676 հոդվածներով:

Նշված օրենսգրքի 660-րդ հոդվածում տրված է հետեւյալ սահմանումը. «Բնակելի տարածության վարձակալության պայմանագրով մի կողմը` բնակելի տարածության սեփականատերը կամ նրա լիազորած անձը (վարձատուն), պարտավորվում է վճարի դիմաց մյուս կողմի (վարձակալի) տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնել բնակելի տարածություն»: Բնակարանի վարձակալության պայմանագրի կնքման ընթացքում խիստ անհրաժեշտ է հետեւել հետեւյալ կետերին.

1.ԹՂԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄ

Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Այն ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները՝ պետական գրանցման: Դրանց բացակայության դեպքում պայմանագիրը կհամարվի առոչինչ, իսկ դատական կարգով վիճարկելը՝ շատ դժվար կամ գրեթե անհնար, քանի որ պահպանված չէ պայմանագրի կնքման ու իրավունքների պետական գրանցման պահանջը:

Կարեւոր է իմանալ, որ վարձատուն եւ վարձակալը պայմանագիր կնքելու նպատակով կարող են ներկայանալ կադաստրի կոմիտե եւ տեղում կնքել ՀՀ կառավարության սահմանած օրինակելի տիպի պայմանագիր: Այս դեպքում նոտարական գրասենյակ գնալու կարիք չի լինի:

Ի դեպ, Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակում պայմանագիրը կնքելու համար վճար չի գանձվում, սակայն նշված պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելու համար գանձվում է պետական ծառայության եւ պետական տուրքի վճարներ։

  1. ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆԺԱՄԿԵՏ

Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով: Եթե ժամկետը պայմանագրով որոշված չէ, պայմանագիրը համարվում է անորոշ ժամկետով կնքված:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ հոդվածի համաձայն՝ «Այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից, այդ մասին մյուս կողմին մեկ ամիս առաջ, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում՝ երեք ամիս առաջ տեղեկացնելով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով»:

Այստեղից հետեւում է, որ բնակարանի վարձակալության պայմանագիրը գրավոր, նոտարապես վավերացված ձեւով կնքելու եւ դրանից բխող իրավունքները կադաստրում գրանցելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է հրաժարվել պայմանագրից՝ մյուս կողմին 3 ամիս առաջ տեղեկացնելու դեպքում:

Առաջնորդվելով պայմանագրի ազատության սկզբունքով՝ պայմանագրում կարող եք սահմանել վարձավճարի վերանայման ավելի երկար ժամկետ, ինչը թույլատրված է օրենսգրքով: Այստեղ նշեմ, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որով նշված ժամկետը երկարաձգվում է մինչեւ 6 ամիս:

  1. ՎԱՐՁԱՎՃԱՐ

Բնակելի տարածության վարձակալության վճարի չափը սահմանվում է կողմերի համաձայնությամբ: Վարձավճարի չափի միակողմանի փոփոխում չի թույլատրվում, բացառությամբ օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերի:

Բնակելի տարածության վարձակալության վճարը վարձակալը պետք է մուծի ամեն ամիս, եթե այլ բան նախատեսված չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագրով:

Լինում են դեպքեր, երբ անելանելի վիճակում հայտնված քաղաքացիները համաձայնվում են վարձատուի գրեթե բոլոր պայմանների՝ այդ թվում աստղաբաշխական թվերով վարձավճարի հետ ու միանգամից ստիպված լինում վճարելու մի քանի ամսվա վարձավճարը: Այս առումով խորհուրդ է տրվում անպայմանորեն կնքել գրավոր պայմանագիր եւ նշել բոլոր պայմանները, այդ թվում՝ վճարման կարգն ու ժամկետները:

ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Իրավաբանական խորհրդատվության, ինչպես նաեւ պայմանագրերի կազմման ու փորձաքննության հարցերով կարող եք դիմել կորպորատիվ իրավունքի ոլորտում մասնագիտացած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի փորձառու մասնագետներին՝ գրելով [email protected] էլփոստին կամ զանգահարելով 055 27 77 35 հեռախոսահամարին:

«Առավոտ» օրաթերթ
24.07.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031