Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Մարտիրոսյան. «Շատ կարեւոր ու էական է, որ հասարակությունը փորձի դուրս գալ փաշինյանական օրակարգից եւ հանրային դաշտ բերի իր օրակարգը»

Հուլիս 25,2025 00:12

Նախկին պատգամավոր Ռազմիկ Մարտիրոսյանը «Դեբատ» բանավեճի ակումբում վերլուծելով Հայաստանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ նկատեց, որ ներկայումս տեղի են ունենում համաշխարհային, համամարդկային բուռն տեկտոնիկ գործընթացներ,  աշխարհաքաղաքական, սոցիալական, կրոնական եւ բազմաթիվ այլ շարժումներ, որոնք իրենց արտացոլանքն են գտնում նաեւ մեր փոքրիկ Հայաստանում: «Բոլոր գործընթացները, որ այսօր մենք ունենք, իսկ դրանք բազմաթիվ են, պետք է անպայման փորձել բացատրել պատճառահետեւանքային սկզբունքով, որ տեղի է ունենում ամբողջ աշխարհով մեկ: Այսինքն, այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում, Ուկրաինայում կամ մեկ ուրիշ տեղ, իր ազդեցությունն է թողնում նաեւ Հայաստանի վրա: Հիմա իմ մի քանի մոտեցումների մասին, որպեսզի պատկերացում լինի:

Առաջինը, հայ, հայաստանյան հասարակությունը ամբողջական է: Ուղղակի այդ ամբողջականությունը կարող ենք այս պահին կոչել պառակտված ամբողջականություն: Սա նշանակում է, որ քաղաքական դաշտում մարդկանց բաժանում են նիկոլականի, քոչարյանականի, սերժականի, լեւոնականի, բայց իրականում մենք ամբողջական ենք: Մենք պառակտվում ենք ոչ միայն քաղաքական առումով: Ներկա իշխանությունը ի սկզբանե որդեգրեց մի մոտեցում, երբ սոցիալական մի խմբին փորձեց հակադրել մյուս խմբերի հետ: Օրինակ, առաջ բերեց նախկինների մասին այն թեզը, որի մեջ մտնում են ոչ միայն նախկին պաշտոնյաները, որոնք որոշակի վարքագիծ են դրսեւորել, այլ սա վերածվեց սերնդի հետ կապերի խզմանը: Այսինքն, նոր եւ ավագ սերնդի միջեւ խզումն ապահովված է: Կամ երբ հարձակում կազմակերպվեց դատավորների վրա, քանի որ նրանք ընդամենը 200-300 հոգի էին, այդ սոցիալական խմբի նկատմամբ առաջացրեց մյուս խմբերի ատելությունը: Եվ սա անընդհատ է:

Մյուս մոտեցումն այն է, որ ես հայ ժողովրդի պատմությանը նայում եմ ամբողջական: 5000-ամյա առումով եւ վերջին  30 տարին նույնպես պետք է նայել որպես ամբողջական պատմություն, որովհետեւ սոցիալական երեւույթները, խնդիրները այնպես չի, որ միանգամից սկսվում ու միանգամից ավարտվում են որեւէ մի իշխանության ժամանակաշրջանում:

Կուզեմ խոսել մի երեւույթի մասին, որը կապված է լեզվի հետ: Տեղի է ունենում հասկացությունների փոփոխություն հասարակության գործունեության ընթացքում, որը բնականոն գործունեություն է: Բայց 2018 թվականից հետո տեղի է ունենում հասկացությունների իմաստների ագրեսիվ նենգափոխում, որը խառնաշփոթ է առաջացնում մարդկանց ուղեղներում: Ու սա շարունակվող երեւույթ է: Օրինակ, հայրենիք, պետություն, ժողովուրդ, մշակույթ, բարեկեցություն եւ այլն: Այսինքն, իմաստների նենգափոխման հետեւանքով հասարակության ուղեղներում առաջացնում են խառնաշփոթ: Եվ որքան շատ խառնաշփոթ, այդքան շատ կարող են օգտվել այդ վիճակից:

Մի ուրիշ մոտեցում եւս: Այսօր մենք կորցրել ենք հասարակության դիմադրողականությունը եւ ինքնակազմակերպման մակարդակը: Ժողովրդի մեծ մասն արդեն գիտակցում է, թե ինչ վիճակում է: Փողոցի շարժումներն էլ ցույց են տալիս, որ տասնյակ, եթե չասենք՝ հարյուր հազարավոր,, նրանց թվում նաեւ այն 600 հազարից, որոնք ձայն էին տվել, գիտակցել են եւ պատրաստ են վաղն էլ կանգնել: Բայց այդ շարժումներից չենք կարողանում ստեղծել ինստիտուտներ՝ կայուն, անընդհատ գործող ինստիտուտներ: Այսինքն, տասնյակ ու հարյուր հազարավոր մարդիկ այսօր անպայման ուզում են իրենց մասնակցությունը բերել երկրի կյանքին: Բայց, ցավոք, մենք այսօր չունենք այն իրավիճակը, որ կարողանանք այդ մարդկանց մասնակից դարձնել այս գործընթացներին:

Շատ կարեւոր ու էական է, որ հասարակությունը փորձի դուրս գալ փաշինյանական օրակարգից եւ հանրային դաշտ բերի իր օրակարգը»,-ասաց Ռազմիկ Մարտիրոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031