Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերջերս գրառում է արել ֆեյսբուքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին: Այդ գրառման մեջ նա կիրառել է այնպիսի բառապաշար եւ դարձվածքներ, որոնք անձամբ ես նրանից երբեք չեմ լսել: Այդպես են սովորաբար խոսում ՔՊ-ական պատգամավորները եւ փաշինյանական քարոզիչները: Կա՛մ հենց այդ մարդիկ են նրա փոխարեն գրել, կա՛մ էլ՝ նախարարը կարողացել է «հաղթահարել ինքն իրեն» եւ մտնել ագրեսիվ-քարոզչական ոճի մեջ: Նման համակարգերում (կրթություն, առողջապահություն) դա հատկապես վատ է նայվում, որովհետեւ այնտեղ աշխատում են շատ տարբեր մարդիկ, տարբեր համոզմունքներով ու գերապատվություններով: Էլ չասած՝ շահառուների մասին:
Ինչո՞ւ են, այնուամենայնիվ, մարդիկ ներգրավվում «նիկոլական ոճի» լեզվակռիվների մեջ: Այստեղ, կարծում եմ, գործում է նույն օրենքը, որը հատուկ է նման խմբերին: Տեսել ենք եւ կարդացել ենք, որ երբ մաֆիա կամ որեւէ ավազակախումբ կամ տոտալիտար աղանդ (cult) նոր մարդ են ընդունում, ստուգվում է նրա հավատարմության աստիճանը:
Դրա ստուգելու ձեւն այնպիսի իրավիճակ ստեղծելն է, որ «նորեկը» հետդարձի ճանապարհ չունենա: Այսպես ասած՝ «ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չպլստա»: Դրա համար պետք է արվի որեւէ քայլ, որն ընդմիշտ կարատավորի անձին, որից հետո նա հարաճուն ագրեսիվությամբ կպաշտպանի իր շեֆին: Դա, ի դեպ, նման համակարգերում չի բացառում, որ անհրաժեշտության դեպքում նման «կուրծք ծեծողներից» ազատվեն՝ առանց րոպե անգամ վարանելու:
Պարզ օրինակ բերեմ: Ինչո՞ւ են, օրինակ, մարդկանց ներգրավում «Կրթվելը նորաձեւ է» շարժման մեջ: Որպեսզի այդ մարդիկ իմանան, որ թեկուզ 10 կամ 20 տարի անց, բոլոր իշխանափոխություններից հետո պարկեշտ մարդիկ նրանց փողոցում տեսնելիս, չեն բարեւի: Այդ հեռանկարը հաշվի առնելով՝ նրանք մինչեւ ականջները խրվում են քծնողականության արշավի մեջ:
Կարդացեք նաև
…Առայժմ կառավարությունից «պլստացել» են երկու անկուսակցական փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանից եւ Տիգրան Խաչատրյանից դեռեւս չի պահանջում խոսել «ՔՊ-ավարի»: Բայց ամեն ինչ առջեւում է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից
Նկարում (կյանքում էլ) տիկին Ավանեսյանի աչքերը հոդվածում ասվածի խոսուն արտահայտությունն են․ մշտական վախ ասվածի, ասելիքի, ու որ ամենակարևորն է, գալիքի հանդեպ, շարունակական պայքար՝ ինքն իր հետ, որը, ենթադրում եմ, երկար չի տևում։ Կարծես այդ պայքարում ընտրելու հնարավորություն էլ այլևս չկա։ Ինչպես պարոն Աբրահամյանն է ճիշտ նկատում, հետդարձի կամուրջներն այրվել են։
Ու՞մ է պետք այդպիսի «քաղցր կյանքը»։