Հուլիսի 22-ին Ամերիկայի հայ դատի հանձնախումբը X-ում նախագահ Թրամփին հղելով տեքստը՝ գրել էր՝ «Իրական խաղաղության համար անհրաժեշտ է՝ Սյունիքի անվտանգությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, Ադրբեջանի ԶՈՒ-ի հեռացումը ՀՀ-ից, Արցախի քրիստոնեական վայրերի պաշտպանությունը, հայերի Արցախ վերադարձը»:
Սրան ի պատասխան Ալիեւի լոբբիստները՝ Կալիֆորնիայում ադրբեջանական համայնքը նույն հարթակում այսպես է պատասխանում. «Էլ ի՞նչ: ԱՄՆ մայրաքաղաքը Երեւա՞ն տեղափոխել: Հայկական լոբբիի ամբարտավանությունն արդարեւ սահմաններ չի ճանաչում: Նրանք այնպես են վարվում, կարծես ողջ աշխարհն է իրենց պարտական, նույնիսկ՝ նախագահ Թրամփը, մոռանալով, որ ճնշող մեծամասնությամբ Քամալա Հարիսին էին աջակցում»:
Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւն իհարկե հրաշալի է աշխատում: Նա ջանասիրաբար օգտվում է Կալիֆորնիայում ադրբեջանական համայնքի սատարումից, վերահրապարակում նրանց մտքի գոհարները: Եւ որքան էլ Աղաեւին տուրք տալով, Ալիեւի առատաձեռն հյուրընկալության թակարդն ընկած «Բեռլիներ ցայթունգի» խմբագիրը անվանափոխված Ստեփանակերտում մասնակցում է Շուշիի մեդիա ֆորումին, այդուհանդերձ պատկառելի լրագրային կապիտալի տեր «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը» հուլիսի 20-ի համարում «Սկզբում պարտությունների ցավն է (վրա հասնում), հետո՝ լռությունը» վերնագրով հոդված է հրապարակում՝ անդրադառնալով պատերազմի դասերին՝ ինչպես է պատերազմը հայ երիտասարդների անձնական կյանքի մաս դարձել: Լրագրությունն իհարկե անընդհատ Արցախի մասին հիշեցնում է, բայց գերմանացի քաղաքական գործիչները լուռ են:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում