Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաջանովի սիրելի հովանոցը 3 ամսով հանգրվանել է Հայաստանի ազգային պատկերասրահում

Հուլիս 25,2025 11:49

Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը եւ այս տարի ներկայացնում է կինոարվեստի աշխարհում ամենաինքնատիպ եւ առեղծվածային կերպարներից Սերգեյ Փարաջանովի սիրելի՝ թաիլանդական նրբագեղ հովանոցի վերականգնման պատմությունը։

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը հայտնեց, որ դեռեւս 3 տարի առաջ են սկսել «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը եւ իր ձևակերպմամբ՝ համարձակվել բացել իրենց հետնաբեմը:

«Սա այդ նախագծի մեր չորրորդ ցուցադրությունն է: Այս անգամ մի հետաքրքիր նմուշ ենք ցուցադրում եւ մի փոքր շեղվել ենք մեր սկզբունքից, որովհետեւ սովորաբար մեր նմուշներն ենք ներկայացնում: Բայց այս անգամ նմուշն այնքան հետաքրքիր էր, վերականգնման պրոցեսն էլ՝ բարդ ու հետաքրքիր, որ որոշեցինք շեղվել մեր սկզբունքից ու ներկայացնել այլ թանգարանի ցուցանմուշ:

2022թ Սերգեյ Փարաջանովի թանգարանից այս նմուշը հանձնվեց Հայաստանի ազգային պատկերասրահին վերականգնման նպատակով, եւ երբ մեր վերականգնման մասնագետն առաջին անգամ տեսավ անմխիթար վիճակում գտնվող հովանոցը, ուղղակի «խրտնեց», ասաց, որ հանձն չի առնի անել այդ աշխատանքը, որովհետեւ հովանոցը գրեթե չկար, փշրված, կոտրատված վիճակում էր: Դա նշանակում էր ստեղծել հովանոց, բայց ստեղծել Փարաջանովյան հովանոց, ոչ թե նոր հովանոց:

Հետազոտական բավական երկար փուլից հետո միայն մասնագետն ասաց, որ պատրաստ է վերականգնել Փարաջանովի հովանոցը: Այսօր արդեն՝ 2025թ մենք ունենք Փարաջանովի լիարժեք պատրաստ եւ վերականգնված հովանոցը, ինչը սիրով ներկայացնում ենք այցելուներին»,-ասաց Մարինա Հակոբյանը:

Նաեւ հավելեց, որ հովանոցը կներկայացվի շուրջ 3 ամիս, այնուհետեւ կվերադառնա իր «տուն»՝ Փարաջանովի թանգարան:

Փարաջանովը սիրում էր հին իրեր, նա խնամքով հավաքում էր պաճուճազարդ գլխարկներն ու հովանոցները, տիկնիկներն ու կենցաղային այլազան իրերը, վերափոխում, վերածում արվեստի գործերի։ Այս հովանոցը դրանցից մեկն է:

Փարաջանովն ասում էր. «Ես ապրում եմ Թիֆլիսում՝ իմ ծնողների հին տանը, եւ երբ անձրև է գալիս, ես քնում եմ հովանոցով, ու երջանիկ եմ, որովհետեւ դա նման է Տարկովսկու ֆիլմերին»։

Այժմ Սերգեյ Փարաջանովի հովանոցի կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատեւ ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանյութ ու աշխատանքային լուսանկարներ՝ իրենց բացատրագրերով, ինչպես նաեւ թեմատիկ ցուցանմուշներ, ռեժիսոր Նաիրա Մուրադյանի «Կարմեն» անիմացիոն ֆիլմը, հատված՝ ռեժիսոր Պատրիկ Կազալսի «Ըմբոստ Փարաջանովը» վավերագրական ֆիլմից եւ պատմական-գեղարվեստական կարեւոր արժեք ունեցող լուսանկարներ՝ Փարաջանովի թանգարանի հավաքածուից: Ներկայացված են նաեւ Սերգեյ Մեչիտովի հեղինակային լուսանկարները։

Էքսպոզիցիոն առաջին սրահը վերարտադրում է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ կիրառված գործիքներով ու նյութերով։ Երկրորդ սրահում ցուցադրվում են վերականգնված հովանոցը եւ դրա զարդանախշերն ու դետալները վերարտադրող անիմացիան (հեղինակ՝ Աշոտ Մարաբյան, անիմացիա՝ Նարեկ Նազարյան): Ցուցահանդեսն ունի նաեւ ինտերակտիվ բաժին, որի շրջանակում այցելուները կարող են ստեղծել «փարաջանովյան» հովանոցի իրենց տարբերակը՝ կոլաժային կամ նկարազարդ։

Նախագծի ղեկավարը եւ ցուցահանդեսի համադրողը Մարինա Հակոբյանն է, ցուցահանդեսի համակարգողը՝ Ամալյա Հովսեփյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031